Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թատրոն, թանգարան այցելությունը պետք է դառնա կրթության պարտադիր բաղադրիչ». Ժաննա Անդրեասյան

Սեպտեմբեր 15,2023 17:28

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մշակութային ՊՈԱԿների (թատրոններ, թանգարաններ, գրադարաններ և այլն) ղեկավարների հետ:

Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում նշել է. «Մշակութային հաստատությունները մշակույթի տարածման դեսպաններն են հասարակության մեջ: Մեր համատեղ խնդիրն է անել ամեն ինչ, որ  այս կամ այն հաստատություն այցից հետո մարդկանց հետաքրքրությունը մշակույթի տվյալ ուղղության նկատմամբ մեծանա։ Եվ հենց այստեղ է, որ բոլորիս անելիքները և ջանքերը պետք է միատեղվեն: Վստահ եմ՝ համագործակցային աշխատանքը կնպաստի ժամանակակից արվեստի միջոցով մեր մշակութային ժառանգության ճանաչմանը, տարածմանն ու հանրահռչակմանը»:

Նախարարն անդրադարձել է մշակութային հաստատությունների նորոգման և բարեկարգման աշխատանքներին՝ նշելով, որ Կառավարությունն ավելացրել է կապիտալ ծախսերի ֆինանսավորման ծավալը։ Հաստատվել է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում և արգելոց-թանգարաններում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ ներդնելու նախագիծը: Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ նախարարությանը պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել վերաբաշխում՝ 49 մլն դրամի չափով: Քննարկվում է այդ մոդելը թատրոններում ևս ներդնելու հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել գրադարանների դերի վերաիմաստավորմանը, մշակութային հաստատությունների համագործակցությունների ակտիվացմանը՝ հանրության լայն շերտերին հնարավորինս ներգրավելու նպատակով:

Ըստ նախարարի՝ հաստատությունների գործունեության արդյունավետությունը  բարձրացնելու առումով կարևոր է ոլորտի առավել հրատապ խնդիրների վեր հանումն ու քարտեզագրումը:

«Ակնկալում ենք ձեզնից ստանալ տվյալ հաստատության ամենահրատապ խնդիրների ցանկը, որպեսզի դասակարգենք՝ ըստ առաջնահերթության և քայլեր ձեռնարկենք լուծումների ուղղությամբ»,- ընդգծել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Առանձնակի անդրադարձ է եղել նաև բաժանորդային տոմսերի քաղաքականությանը: Այս համատեքստում նախարարն ասել է. «Պետությունը խնդիր է դրել մշակութային հաստատություններում դպրոցականների համար ապահովել համալիր գիտելիքի փոխանցում՝ ներառյալ էքսկուրսավարի ծառայությունը: Թատրոն, թանգարան այցելությունը պետք է դառնա կրթական գործընթացի պարտադիր բաղադրիչ: Սա նաև լավ հնարավորություն է տվյալ հաստատության հանրահռչակման և բովանդակային սպասարկման վերանայման համար: Նպատակն է կամրջել կրթությունն ու մշակույթն այնպես, որ շահեն պետությունն ու քաղաքացին»:

Հանդիպման երկրորդ հատվածում մշակութային հաստատությունների ղեկավարները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, առաջիկա անելիքները, ոլորտի խնդիրները: Մասնավորապես անդրադարձ է եղել գալիք տարվա հոբելյանական միջոցառումների պատշաճ իրականացմանը, ընթացիկ շինարարական աշխատանքներին, ըստ այդմ՝ հաստատություններում ներառականության պարտադիր ապահովմանը, մարզային հաստատություններում վերակառուցման, պահպանման հրատապ աշխատանքների իրականացմանը և այլն:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930