Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բադալյան. «Քարոզարշավին մասնակցող ֆավորիտ ուժերը գնում են Երեւանում իշխանություն ձեւավորելու, իսկ որոշ ուժեր՝ իրենց ցույց տալու»

Սեպտեմբեր 15,2023 17:08

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հայացք» մամուլի ակումբում ներկայացրեց Երեւանի ավագանու ընտրություններում մասնակից քաղաքական ուժերի հնարավորությունների, նրանց վարած քարոզարշավի մակարդակի, ընտրությունների հնարավոր արդյունքների շուրջ իր դիտարկումները, բայց մինչեւ բուն թեմային անցնելը մի կարեւոր շեշտադրում արեց:

«Նախ, մի շատ ծեծված հարց. սա քաղաքակա՞ն, թե քաղաքային ընտրություններ են: Շատերը հատկապես քարոզարշավի սկզբում այդ լոզունգն էին առաջ տանում, թե մի քաղաքականացրեք այս ընտրությունները, դրանք քաղաքային ընտրություններ են: Մի խորհուրդ եմ ուզում տալ բոլորին. Հայաստանում եւ ամբողջ աշխարհում բոլոր գործողությունները քաղաքական են: Անգամ Երեւանի մի թաղամասում ջուր չլինելը քաղաքական հարց է, որովհետեւ դա նշանակում է, որ քաղաքային իշխանությունը ջրամատակարարման սխալ քաղաքականություն է իրականացնում:

Եթե Երեւանում տեղի է ունենում մի գործընթաց, որին մասնակցում են կուսակցությունները, որոնք քաղաքական կառույցներ են, ուրեմն սա քաղաքական գործընթաց է: Հետեւաբար, փաստենք, որ այս ընտրությունները քաղաքական ընտրություններ են, որին մասնակցում է 13 կուսակցություն եւ մեկ դաշինք, եւ այնտեղ քաղաքային հարցեր են բարձրացվում»,-ասաց բանախոսը:

Խոսելով բուն քարոզարշավի մասնակից ուժերի հնարավորությունների մասին՝ Արմեն Բադալյանն ասաց. «Քարոզարշավին մասնակցող 14 ուժերին պետք է բաժանել երկու խմբի. այսպես կոչված, ֆավորիտներ եւ ետնապահ ուժեր: Ֆավորիտների մեջ մտնում են այն ուժերը, որոնք այնտեղ գնում են, իրոք, հաղթելու, այսինքն, ձեւավորելու մայրաքաղաքի քաղաքական ղեկավարությունը, կամ նվազագույնը, այնտեղ ունենալու բավականին զգալի ներկայություն, որպեսզի կարողանան կոալիցիոն սկզբունքով իշխանություն ձեւավորել:

Երկրորդ խմբի մեջ մտնում են ուժեր, որոնք տարբեր նպատակներ են հետապնդում, մասնավորապես, իրենց էին ցույց տալիս, իրենց PR-ն են անում ապագա քաղաքական գործընթացներին մասնակցելու համար: Կան քաղաքական ուժեր, որոնք այս ընտրություններին մասնակցում են ուրիշներին՝ մրցակիցներին, այսպես ասած՝ ուրիշի պասով քննադատելու համար: Կան ուժեր, որոնք ցանկանում են թեկուզ նվազագույն ներկայություն ունենալ քաղաքապետարանում իրենց քաղաքական կշիռը բարձրացնելու համար:

Ֆավորիտային համարվում են այն ուժերը, որոնք այս կամ այն չափով ռեսուրսներ ունեն: Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ունի վարչական ռեսուրս, ունի որոշակի ընտրազանգված, որը բավականին ազդեցիկ է գործընթացների ժամանակ, ունի աջակից մեդիա ռեսուրսներ, ֆինանսական ռեսուրս, ունի հայտնի թեկնածու, ինչը նույնպես ռեսուրս է, ունի կազմակերպչական ռեսուրս, որը ընտրատեղամասերում վերահսկելու է ընտրական գործընթացը, լինելու է հանձնաժողովի անդամ: Կազմակերպչական ռեսուրսի մեջ մտնում են այն մարդիկ, որոնք տարբեր թաղամասերում ապահովում են թեկնածուի հանդիպումները ընտրողների հետ»:

Արմեն Բադալյանը ռեսուրս ունեցող քաղաքական ուժերի շարքին դասեց նաեւ «Մայր Հայաստան» դաշինքին, «Ապրելու երկիր» եւ ինչ-որ չափով նաեւ «Հանրային ձայն» ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարած կուսակցություններին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930