Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնյայի պարզաբանումը՝ Գետքում բողոքի ցույցի վերաբերյալ

Սեպտեմբեր 15,2023 16:54

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտից բողոքի ցույցի էին դուրս եկել Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղի բնակիչները՝ պահանջելով չփակել իրենց դպրոցը։ Նրանց տեղեկություններ էին հասել այն մասին, որ Գետքի դպրոցը միավորվելու է հարևան գյուղի՝ Երազգավորսի դպրոցի հետ, ինչին նրանք կտրականապես դեմ են։

Բնակիչների հետ հանդիպել էր Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Ղումաշյանը և քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

Գևորգ Ղումաշյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Գետքի դպրոցն այս պահին չի փակվում, բնակիչները լիարժեք տեղեկացված չեն, այդ պատճառով էլ բողոքի ցույց են անցկացրել։

Ըստ Գևորգ Ղումաշյանի, բնակիչներին անհանգստացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ սույն թվականի սեպտեմբերի N 11-ի 1790 Ա/2 հրամանը, որը «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների ապահովման հասանելիության ծրագրում ներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկը» հաստատելու մասին է։

Որակյալ կրթություն ապահովելու նպատակով ՀՀ 232 դպրոցների ցանկ է ներառված, դրանցից 48-ը Շիրակի մարզի դպրոցներ են։ Սրանով մեկնարկվում է ծրագիրը։

«Մենք բնակիչներին խնդրել ենք իրենց առաջարկությունները, դժգոհությունները ներկայացնել գրավոր, որը կամփոփվի և կներկայացվի Երևան՝ համապատասխան ատյաններ», – ասաց Գևորգ Ղումաշյանը։

Ծրագիրն, ամենայն հավանականությամբ, կյանքի կկոչվի 2026-2027 ուստարում, Գետքի բնակիչներին, սակայն, թվացել է՝ այն հենց այս պահին պիտի իրագործվի։

Բնակիչներն արձագանքել են և պատրաստակամություն հայտնել գրավոր ներկայացնել առաջարկները Շիրակի մարզպետի աշխատակազմ։

Գևորգ Ղումաշյանի խոսքով՝ Գետքի բնակիչների հետ զրուցելուց հետո նրանք դադարեցրել են բողոքի ակցիան, դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930