Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ կառավարությունն իրավասու չէ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»․ Ջոն Էյբներ

Սեպտեմբեր 15,2023 15:50

«Այս զեկույցի հրապարակումից անցել է 30 տարի։ Զեկույցի անվանումն է «Էթնիկ զտումն այսօր․ պատերազմը ԼՂ-ում։ Եթե այս զեկույցը վերահրատարակելու լինեինք այսօր, վերնագրում ոչինչ չէր փոխվի։ Երեսուն տարի անց էթնիկ զտումները դեռ ընթացքի մեջ են»,- Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության միջազգային նախագահ դոկտոր Ջոն Էյբները։
Ըստ նրա՝ ենթավերնագիրը կարելի էր փոխել՝ էթնիկ զտումներն այսօր ԼՂ-ում և ՀՀ-ում․ «Պատերազմը եկել, հասել է ՀՀ։ Ադրբեջանի նպատակները պարզ են և նոր չեն։ Մենք ականատես ենք եղել պատմության ողջ ընթացքում։ Դա է՝ ունենալ հողը առանց հայ ժողովրդի։ Պատերազմը տեղի է ունենում դիվանագիտական տիրույթում, որի վերջնական հանգրվանն է հայ ժողովրդի ելքը ԼՂ-ից։ Կարծես գերտերությունները սատարում են Ադրբեջանին՝ հասնելու իր նպատակներին։ Միջազգային հանրության կողմից ոչինչ չենք լսում ինքնորոշման իրավունքի մասին, կարծես օրակարգից դուրս է եկել։ Նրանք խոսում են հայերի իրավունքների մասին Ադրբեջանում։ Ուստի մենք մեր աշխատանքով դիմում ենք միջազգային հանրությանը՝ ՀՀ կառավարությունը ևս միջազգային համայնքի անդամ է և այն ևս ունի իր դերակատարումը»։

Ըստ Ջոն Էյբների՝ ՀՀ-ն և ԼՂ-ն սիամական երկվորյակների են նման․ «Նրանցից յուրաքանչյուրն ունի իր բնավորության գծերն ու հատկանիշները, բայց դրանք համաստեղծված են։ Եվ նրանց կենսական օրգանների մի մասը ԼՂ-ում է մյուս մասն՝ այստեղ։ Այս երկվորյակները միմյանցից բաժանելու ցանկացած փորձի արդյունքում զոհ կգնա ոչ միայն ավելի թույլը, այլ երկուսն էլ չեն կարողանա ապրել»։

Լրագրողների դիտարկմանը՝ ՀՀ իշխանությունն այդպես չի կարծում, հակառակը՝ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչել, Ջոն Էյբներն արձագանքեց․ «ՀՀ կառավարությունն իրավասու չէ, որևէ կերպ իրավունք չունի ասելու նման բան։ Կարող են ընտրել չպաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բայց դա միջազգային իրավունք է, որը Արցախի ժողովուրդն ունի։ Նրանք, որոնք հայոց պատմությանը ծանոթ են, գիտեն՝ ԼՂ-ն ինչպիսի դերակատարություն է ունեցել ՀՀ ինստիտուտների կայացման գործում։ Շատ ռիսկային փորձարկում կլինի, եթե ՀՀ կառավարությունն ասի, որ Արցախը չունի ինքնորոշման իրավունք։ Նրանք, ովքեր այդ տրամաբանությանը կհետևեն, ստիպված կլինեն առերեսվելու Սյունիքի հարցին։ Շատ կասկածահարույց վիճակ կստեղծվի, եթե ՀՀ կառավարությունը հանդգնի նման բան անել»։
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք միջազգային հանրության ջանքերը, հատկապես Մեծ Բրիտանիայի ջանքերը՝ կանխելու այն, ինչ Ադրբեջանը ցանկանում է կատարել Արցախում, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը պատասխանեց․ «Միջազգային համայնքը ոչինչ չի անում սատարելու Հայաստանին պաշտպանելու իր հիմնարար իրավունքները և ինքնորոշման իրավունքը, պաշտպանելու ԼՂ-ում բնակվող քաղաքացիների իրավունքները։ Ես այստեղ նստած՝ որպես Միացյալ Թագավորության խորհրդի լորդերի պալատի անդամ, մտահոգված եմ այն ամենի համար, ինչ չի անում միջազգային հանրությունը սատարելու ՀՀ-ին և ԼՂ-ին իրենց ժողովուրդների իրավունքների պաշտպանության համար։ Լորդերի պալատում խոսել եմ այս մասին»։

Ըստ Ջոն Էյբների՝ այնպես չէ, որ միջազգային հանրությունը անգործ նստած է․ «ՄԱԿ-ի ԱԽ նիստ է գումարվել, բայց գերտերությունները հստակ ասում են՝ առանց հստակ ասելու, որ նախագծում են ամբողջ ժողովրդի ելքը Ղարաբաղից։ Նրանք իրենց օրակարգից հանել են ինքնորոշման իրավունքը։ Օրինակ՝ եթե երկու ճանապարհները զուգահեռ բացվեն, ի՞նչ կլինի Արցախում՝ հաշվի առնելով սովամահության առկա պայմանները։ Մտածեք, թե ինչպես կպահի իրեն բնակչությունը, ինչերի կբախվի հասարակությունն այնտեղ։ Հավատացած եմ, որ այսպիսի ելք է նախապատրաստվում։ Գիտենք, որ 44-օրյա պատերազմից հետո տասնյակ հազարներ թողեցին Ղարաբաղը, բայց քանի որ եռակողմ համաձայնություն կար, ռուսական կողմից պաշտպանության ակնկալիք կար, շատերը վերադարձան Ղարաբաղ։ Այլևս ռուսական աջակցություն չկա, ուստի անհնար է՝ ժողովուրդը վերադառնա մի Ղարաբաղ, որտեղ Ադրբեջանի վերահսկողության տակ է, և ապագան՝ ոչ հստակ։ Այս քաղաքականությունը Ադրբեջանի կողմից համայն աշխարհին ներկայացվում է մարդասիրական քայլ՝ իբր մարդասիրական միջանցքներ ենք բացում»։

Ջոն Էյբների վստահեցմամբ՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարները պետք է պատժվեն հրատապ կարգով՝ անմիջապես․ «Մենք կողմ չենք այնպիսի տնտեսական պատժամիջոցների, որ Ադրբեջանի ժողովրդին ցավ կպատճառի։ Նրանք, ովքեր քաղաքական ու ռազմական պատասխանատվություն են կրում, պետք է պատժվեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930