Երեկ «Մայր Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի անդամներ Նաիրա Մելիքյանը եւ Զարուհի Փոստանջյանը եղել են սահմանային մի շարք բնակավայրերում՝ Վայոց Ձորից-Սիսիան հատվածում:
Այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Նաիրա Մելիքյանն այցելության արդյունքում իր տպավորությունները ներկայացրեց. «Կարծում եմ, մեզ շատ վատ օրեր են սպասվում, քանի որ բոլոր հատվածներով, որտեղ մենք անցանք, ակնհայտ է՝ բացվել են ահռելի թվով ճանապարհներ, հայտնվել են կրակային դիրքեր մեր ամենախորքում, եւ, որ սպասվում է ինչ-որ սարսափելի բան: Կամ՝ նորից մի դավադիր պատերազմ, որի արդյունքում պետք է մեր զավակների հերթական մասին սպանդի ենթարկեն եւ մեր սուվերեն տարածքից հանձնեն զգալի շրջաններ, կամ՝ այս ամենն արվում է նրա համար, որպեսզի բոլորիս վրա ճնշում գործադրվի, մեզ վախեցնում են նոր պատերազմով, նոր կորուստներով, նոր ողբերգությամբ, որ հոկտեմբերի 5-6-ին Նիկոլը ստորագրի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, որը կդառնա մեր վերջի սկիզբը»:
Տիկնայք երեկ նաեւ տեսանյութեր էին հրապարակել եւ տարակուսել, թե Երեւանից Սյունիք եւ ԻԻՀ տանող միջպետական մայրուղու որոշակի հատվածում նոր կրակային կետեր են ավելացել, որոնք տեսանելի են ճանապարհից եւ անհասկանալի է դրանց՝ այդտեղ հայտնվելու փաստը. «Դրանք Նախիջեւանի սահմանից բավական հեռու են եւ անհասկանալի է, թե այդ ինչքա՞ն պիտի թշնամին մեզ մոտենա, որ նման պաշտպանական գոտի է ստեղծվել, ընդ որում, հենց գյուղերի հարեւանությամբ: Ուշագրավ է, որ այնտեղ չկար հսկողություն, չկար քողարկում: Անհասկանալի է, թե ինչո՞ւ է այս ամենն արվում»:
Զարուհի Փոստանջյանն էլ հիշեցրեց, որ 2018 թվականի գարնանը՝ թավշյա հեղափոխություն կոչվածի շրջանում, ադրբեջանական զորքը Նախիջեւանի հետ Հայաստանի սահմանին բավական առաջխաղացում էր ունեցել՝ հայաստանյան եւ ադրբեջանական զորքի հեռավորությունը կազմում էր մոտ հինգ հազար մետր: Դրանից հետո, անցած հինգ տարիների ընթացքում ադրբեջանական կողմը լայնածավալ շինարարություն է իրականացրել՝ ավելի մոտեցնելով դիրքերի միջեւ հեռավորությունը, որն այժմ որոշ տեղերում հասնում է 300 մետրի: Եվ, քանի որ հայկական կողմից դիպուկահարներին հրաման է եղել՝ չկրակելու, Ադրբեջանն անարգել ամրացրել է իր ռազմական դիրքերը՝ ինչպես ցանկացել է: Բանախոսը նկատում է՝ այն ճանապարհները, որոնք խորհրդային շրջանում Գնիշիկ, Խաչիկ եւ մյուս գյուղերի բնակիչներն օգտագործում էին՝ Երասխով Երեւան գալու համար, այժմ ադրբեջանական կողմը, ըստ էության վերագործարկում է, վերանորոգում է Նախիջեւանը հայկական գյուղերին միացնող բոլոր ճանապարհները, նորերն էլ են կառուցում եւ դրանք կարող են դառնալ, այսպես կոչված՝ «Զանգեզուրյան միջանցքի» հատված:
Կարդացեք նաև
«Արարատի մարզից, Երասխի խաչմերուկից, երբ թեքվում ենք՝ մի ճանապարհով դեպի Վայոց Ձոր, մյուսով՝ Արարատի մարզ, այդ ճանապարհի աջակողմյան հատվածն արդեն տասը տարի է փակված է, բավականին մեծ հորեր են փորված, որպեսզի ճանապարհը տեսանելի չլինի, իսկ ձախակողմյան հատվածը, վերջին մեկ ամսվա ընթացքում, վերածվել է ձեւափոխումների՝ ռազմական շինարարության ներքո: Մի գրունտային ճանապարհ է բացվել, որը կարծում եմ, կգնա կհասնի մինչեւ Վարդենյաց լեռնանցքով այն ճանապարհին, որ միանում է Քարվաճառի ճանապարհին»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Նաիրա Մելիքյանն էլ հավելեց՝ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Սյունիքից եւ Վայոց ձորից է հատվածներ նվիրելու թշնամուն, այլ նաեւ՝ Արարատի մարզից, եւ կոչ արեց մարդկանց՝ ոտքի կանգնել ու տեր կանգնել սեփական երկրում ապրելու իր բնական իրավունքին:
Զարուհի Փոստանջյանը հայտարարում է՝ հինգ տարի անց արդեն կարող է ասել, թե ինչու տեղի ունեցավ թավշյա կոչվող հեղափոխությունը. դա նրա համար էր, որ ՔՊ-ն մնա իշխանության եւ հնարավոր լիներ կառուցել այս ճանապարհները: «Միտումը՝ Նախիջեւանն է, Սյունիքը, Արցախը, մեր ջրային ռեսուրսները: Մենք չենք բացառում, որ Վարդենյաց լեռնանցքը ևս տրամադրվի թշնամուն՝ այդ հատվածով՝ Գնիշիկով կապվի Նախիջեւանի հետ: Մի հատված էլ կա Սյունիքում՝ Շաղափ գյուղից ընդամենը երեք կիլոմետր էր մնացել, որը գրունտային ճանապարհ է դեռ. այն մեծ, հսկա, լայն ճանապարհ է, որը կառուցել են ադրբեջանցիները եւ, որը տանում է ուղիղ Նախիջեւան քաղաք: Նախիջեւանի կողմից էլ են ճանապարհներ կառուցվել: Ինչի՞ համար են կառուցվել այդ ճանապարհները. ես չեմ կարծում, որ դրանք ունեն շատ մեծ տնտեսական նշանակություն: Այս ճանապարհները կառուցվել են, որպեսզի Հայաստանին եւ Իրանին զրկեն այն միջանցքից, որ պետք է կապեր Պարսից ծոցը Սեւ ծովի հետ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Ըստ բանախոսների, այս ամենը նշանակում է, որ ինչ-որ խնդրի պարագայում Հայաստանը կարող է զրկվել Իրանի հետ կապից, թուրքական աշխարհը կապող «Զանգեզուրի միջանցք» կոչվածի գործարկման արդյունքում, ինչի մասին օրերս խոսեց թուրք պաշտոնյան, Հայաստանը կլանվելու է:
Նրանք նաեւ ՊՆ-ից պահանջում են պարզաբանել՝ հայկական տարածքներում՝ 5-10 հազար մետր խորության վրա կրակակետերը ինչո՞ւ են կառուցվել, որոնք նախ միմյանց հետ կապվածություն չունեն, հետո՝ անգամ մայրուղուց են տեսանելի:
Այս ամենի համատեքստում, աշխարհաքաղաքական շահեր շոշափող պատերազմը, բանախոսների համոզմամբ, շուտով կարող է թակել մեր դուռը եւ եթե այդ ժամանակ Հայաստանը չունենա ազգային շահերին ամուր կանգնած իշխանություն, 1915 թվականի իրադարձությունները կարող են կրկնվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ