Այսօր հրավիրած ասուլիսում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանին հարցրեցին՝ իշխանությունն ասում է, որ ընտրությունների օրը պետք է քվեարկեն հանուն ՀՀ ինքնիշխանության եւ ակնարկելով ձեր կապերը Ռուբեն Վարդանյանի հետ, ասում են, որ դա կարող է վտանգել ՀՀ ինքնիշխանությունը, եթե ձեր կուսակցությունը հաղթի, կարո՞ղ եք ասել, որ ՀՀ ինքնիշխանությունը ձեր քաղաքական ուժի համար կարմիր գիծ է լինելու: Թանդիլյանը պատասխանեց. «Ոչ միայն կարող եմ ասել, դա մեր կենսագրությունն է, մենք ենք ու հենց դրա համար ենք գալիս իշխանության, որովհետեւ այս իշխանությունները արդեն հնարավորություն են ստեղծել մեր ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության, այսօր մեր սուվերեն տարածքում ադրբեջանցիներն են, թող Նիկոլ Փաշինյանը դրա՛ մասին մտածի, որ իր վարած քաղաքականությունը կործանարար է մեր պետականության ու ինքնիշխանության համար: Իրենք պատրաստ են մեր վրա կարել, անգամ երեւացող կարերով կարկատել իրավիճակ ու դրա դեմ պայքարել հերոսաբար: Դա իրենց չի հաջողվելու, դա ստախոսություն է: Մեզ համար դա ոչ միայն կարմիր գիծ է, մենք միութենական պետությունում չենք տեսնում Հայաստանը, բազմաթիվ անգամ այդ մասին ասել ենք, բայց լսողը լսում է, իսկ չլսողը ստատուս է գրում»:
Ըստ Թանդիլյանի, սա իշխանական ֆեյքային իրավիճակն է, որը մի օր ավարտվելու է. «Չհամարձակվի մեկը մտածել, որ մեզ համար ՀՀ պետական շահը ինքնիշխանությունը որեւէ ձեւաչափով, որեւէ տեղ կարող է հարցականի տակ դրվել: Դա այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունն է, որ մարդիկ սարսափում են՝ կարո՞ղ է Էրիվանում զարթնեն մի օր: Մեզանից ուզում են ստեղծել հրեշ, չի՛ հաջողվելու իրենց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ