«Ընդհանուր նկատել ենք վարչական լծակների օգտագործում. իշխանական թեկնածուի պաստառներն անօրինական փակցնում են անօրինական տեղերում, քարոզարշավին թաղապետեր կան, թաղապետարանների, քաղաքապետարանի աշխատողներ, տեսնում եք՝ անձամբ վարչապետը ինչ կոչ է անում… Բնականաբար վարչական ռեսուրսի կիրառումն ակնհայտ է…», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն սոցիալական արդարության» (ՀԱՍԱԿ) կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը՝ ամփոփելով քարոզարշավը:
«Այդ մարդիկ ունեն պատասխանատվություն, կարեւոր պարտականություններ՝ քաղաքացիների հանդեպ, բայց փոխարենը զբաղված են քարոզարշավով, ինչը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում: Ավան վարչական շրջանում համատարած պոկել են մեր՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության պաստառները, մենք դրա մասին բարձրաձայնել ենք, սակայն ոչ մի արձագանք իրավապահ մարմինները չեն տվել, բայց երբ պոկեցին Տիգրան Ավինյանի պաստառը, մեկ ժամ չանցած արձագանքեցին: Սա ինչ է, եթե ոչ անհավասար մոտեցում եւ անհավասար պայմաններ»,-նշեց ՀԱՍԱԿ-ի նախագահը:
Ինչ վերաբերվում է բանավեճին, այս մասին էլ ասաց, որ ինչ-որ չափով հասցրել է ասելիքը ընտրողներին հասցնել, ինչ-որ չափով՝ ոչ. «Ժամանակը սուղ էր, կարեւորը կարողացա իմ մտքերն արտահայտել, դիմել հանրությանը, որքանով որ հնարավոր էր այդ ժամանակահատվածում ներկայացնել մեր ծրագրերը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ