Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոց եք փակում, որ սահմանամերձ գյուղերը դատարկե՞ք, պրծնե՞ք»․ Գետքում կրքերը չեն հանդարտվում

Սեպտեմբեր 15,2023 14:58

Տեղեկացրել ենք, որ այսօր վաղ առավոտից բողոքի էին դուրս եկել Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղի բնակիչները՝ փակելով Գետք-Ղարիբջանյան ճանապարհը ու պահանջելով չփակել իրենց դպրոցը։

Գյուղի բնակիչները տեղեկացել էին, որ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները հարևան համայնքների դպրոցների հետ միավորելու որոշում կա։

Գետքի դպրոցը 72 աշակերտ ունի, ըստ բնակիչների, այն միավորելու են հարևան Երազգավորս գյուղի դպրոցի հետ, որին իրենք կտրականապես դեմ են։

«Մեր դպրոցը յուրահատուկ պայմաններ ունի, հիմնանորոգված է, լուսավոր, ապահովված է արևակայանով, որը Լիտվայի դեսպանատունն է ֆինանսավորել։ Շվեդահայ մի բարերար սպորտադահլիճն է վերանորոգել, յուրահատուկ պայմաններ են։ Դպրոցն առանձնապես ֆինանս չի խլում պետությունից, ինչքան առաջադեմ ծրագիր կա, տնօրենը բերում՝ իրագործում է։

Դպրոցի 22-25 ուսուցիչներից 3 -ն ատեստավորված են, դպրոցն ունի ռեսուրս կենտրոն, ներառական կրթություն է իրականացնում, կողքի համայնքներից հաշմանդամություն ունեցող երեխաներին այստեղ են բերում։

Եվ վերջապես՝ աշակերտների թիվն ամեն տարի ավելանում է․ հասել է 72-ի, 2 աշակերտանոց դպրոց չէ, որ դնեք, փակեք։

72 աշակերտի Երազգավորս տեղափոխելը ինչպե՞ս են կազմակերպելու, ավտոբուսներո՞վ ու քանի՞ ավտոբուսով, օրական ինչքա՞ն բենզին են ծախսելու։

Այսինքն` ամեն ինչ անում են, որ գյուղը դատարկվի՞, մարդն իր երեխաներին վերցնի կամ երկրից գնա կամ քաղաք տեղափոխվի։

Սահմանամերձ գյուղ է սա, կողքից մոլլան մի քիչ բարձր աղոթում է, նամազի ձայնը մեր գյուղ է հասնում, հիմա դուք ուզո՞ւմ եք սահմանամերձ գյուղերը դատարկ տեսնե՞լ։

Դպրոցը փակեցիք, գյուղի ծուխը կմարի», -ասում են բողոքի դուրս եկած բնակիչները՝ վստահեցնելով, որ թույլ չեն տա։

Նրանց հետ հանդիպման էին եկել Ախուրյան խոշորացված համայնքի նոր ղեկավար Զավեն Մանուկյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակազմի ներկայացուցիչներ։

Ու թեև, ըստ ծնողների, իրենց համոզում են, որ նման որոշում չկա, սակայն իրենց ձեռքի տակ կա նախագիծը, համաձայն որի՝ հանրապետության մի շարք կրթական հաստատություններ միացման ձևով կվերակազմավորվեն, Գետքի դպրոցը ևս այդ ցանկում է։

Ծնողները պնդում են, որ նման նախագիծ մշակելիս՝ բացարձակ հաշվի չեն առել ո՛չ աշակերտների թվաքանակը, ո՛չ շենքային պայմանները, ո՛չ էլ ուսումնական հաստատության տեղակայման վայրը։

Բողոքի ցույցն այս պահին դադարեցված է, սակայն Գետքի բնակիչները հայտարարում են՝ չեն թույլ տա կործանել գյուղը, դպրոցը փակել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Դպրոց են փակում, որովհետև թուրքի ծրագիր են իրականացնում էս դրածո ճիճուները։ Ժողովրդի պահանջատիրությունը շատ կարևոր է – գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Ժողովուրդ ջան հոգնել չկա, պետք է կարողանանք էս ստահակներին թույլ չտանք, որ մեր երեխաների ապագան կործանեն էս անխելքները, էս թերհասները։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930