Այսօր հրավիրած ասուլիսում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանին լրագրողները հարցրեցին՝ դուք հիմնական օրակարգ եք նշում ՔՊ-ին իշխանազրկելը, անկախ ընտրությունների արդյունքից դա մնալո՞ւ է օրակարգում ու ինչ ձեւերով եք դա իրականացնելու: Նա պատասխանեց, որ իրենց ներկայացրած փաթեթից երեւանցիները չեն հրաժարվի, նրանք լավագույնին են արժանի. «Մեր պայքարը երկու կողմ է՝ եւ որակյալ փոփոխություն մարդկանց կյանքում եւ իշխանափոխություն: Արդյունքը ընդհանրապես կապ չունի, մենք երեւանցիների հետ շփվելով, մինչ այդ նաեւ տարբեր մարզերում մեր հայրենակիցների հետ շփվելով աշխատանք ենք տարել, որ նրանք իմանան՝ մեր միջոցով կարող են հանգիստ իշխանափոխություն անել: Այն շարունակվելու է, մինչեւ իր բարեհաջող ավարտը՝ մինչեւ հաջորդ արտահերթ կամ հերթական ընտրությունները»:
Aravot.am-ը մեջբերեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին, որն ասել էր. «Երեւանը փոխվելու է իմ, ձեր, հայրենասերների քրտինքով, եթե Փաշինյանը անմտություն անի՝ նաեւ արյամբ»: Հարցին՝ ինչ-որ մի պահի, եթե այս իշխանությունները 70, 80, ինչքան ուզեն՝ խփեն, դուք կարո՞ղ եք գնալ «գծից դուրս» գործողությունների, թե ձեզնից չսպասեն՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Ես արյունահեղություններին, բռնություններին իսպառ դեմ եմ: Դեմ ենք եղել նաեւ նախկինում, երբ էլի նման տենդենց էր առաջանում: Դա նաեւ այն կարևոր պատճառներից է եղել, որ ես նպատակահարմար չեմ գտել այդ ձեւաչափով փոփոխությունը: Մենք ուզում ենք ընտրությունների միջոցով, վստահության քվեով փոփոխություն անել, որովհետեւ դա է այն մանդատը եւ ուժը, որը քեզ տանում է առաջ՝ քո պետության հետ մեկտեղ: Օրինականությունը, իրավական պետությունը մեզ համար սկզբունքներ են, ոչ թե թղթի վրա գրված խոսքեր, մենք պարտավոր ենք դրան հետամուտ լինել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ