«30 տարի առաջ մենք գրել ենք մի զեկույց, թե ինչ էր տեղի ունենում այդ օրերին Արցախում և դեռ այսօր Ղարաբաղում այդ վիճակն է»,- Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։
Նա նշեց, որ 30 տարի անց վերադարձել են այստեղ, և կրկին Ղարաբաղում իրավիճակի բարելավում չի նկատվում։
Քերոլայն Քոքսը հայտնեց, որ այցելել են Սյունիքի մարզի Տեղ համայնք ու հայտարարեց․ «Իմ աչքերով տեսա այն վայրերը, որտեղ ադրբեջանական ուժերը ներխուժել են հայկական հողեր։ Տեղի քաղաքապետն ասաց, որ Տեղի յոթ գյուղերից երեքն անցյալ տարի հարձակման են ենթարկվել, և իրենք կորցրել են 125 հա գյուղատնտեսական հողատարածք և ժողովուրդն ապրում է վախի մեջ»։
Նա ասաց, որ այցելել են Լաչինի միջանցքի վերևի բլուրներ և լեռներ, տեսել են բեռնատարները, որոնք հայկական կողմից ուղարկված հումանիտար բեռն էին տանում Արցախը, և որն այդպես էլ տեղ չի հասել։
Կարդացեք նաև
Նաև նշեց, որ զրուցել է նաև ՀՀ-ում ապրող արցախցիների հետ․ «Արցախի հայ, քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողերից էթնիկ ու կրոնական զտումների աճող հավանականության առաջ։ Եվ դեռ ոչ մի ազգ չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին․ ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵԱՀԿ-ն, ոչ ՄԱԿ-ը, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Ռուսաստանը և ոչ էլ ՀԱՊԿ-ի դաշինքը։ Ոչ մի ժողովուրդ չի դիմադրել Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնություններին։ Հետևաբար միջազգային հանրությունից ո՞վ դեմ կկանգնի, եթե Բաքուն տարածքային հավակնություններ ունենա Սևանա լճի կամ Զանգեզուրի նկատմամբ։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն իր ռազմական նպատակը չի թաքցրել՝ գրավել է ձեր հայրենիքը։ Եթե Արցախն ընկնի վտանգ կա՞, որ ՀՀ-ն ևս այդպիսին կլինի։ Խոցելի այս վճռորոշ պահին, երբ ժողովրդավարությունը գլոբալ մակարդակով նահանջ է ապրում ես և շատ ուրիշներ խորապես վշտացած ենք միջազգային գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել ՀՀ-ի վրա ընդունելու Ադրբեջանի իշխանությունը Արցախի նկատմամբ, ստանալու խաղաղության պայմանագիր և կնքելու առևտրի համաձայնագիր։ Սրա դիմաց Արցախի ժողովրդից ակնկալվում է, որ հրաժարվեն ինքնորոշման միջազգային իրավաչափ իրենց իրավունքից։ Ավելի քան 120 հազար հայեր կդառնան հակահայկական ավտորիտար պետության քաղաքացիներ»։
Բարոնուհին վստահեցրեց՝ առանց հայկական Արցախի ՀՀ-ի գոյությունն էլ ավելի կվտանգվի, քան այն վտանգված է այսօր․ «Միանգամայն հավանական է, որ այն, ինչ արվում է Արցախի նկատմամբ, կարվի նաև ՀՀ-ի նկատմամբ։ Եթե այն պայմանագրի արդյունքում, որը բանակցվում է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև, Արցախը կհանձնվի, տևական խաղաղություն չի երաշխավորվում»։
Լրագրողների դիտարկմանը՝ ՀՀ իշխանությունը չի կարծում, որ առանց հայկական Արցախի ՀՀ-ն գոյություն ունենալ չի կարող, այլ հակառակն է կարծում, Քերոլայն Քոքսն այսպես արձագանքեց․ «Թույլ տվեք համատեքստը ներկայացնել՝ մեջբերելով Ալիևի ռեժիմի կողմից արված հայտարարությունները, որ նրանք ընդունում են ՀՀ-ն որպես Ադրբեջանի մի մաս։ Ձեր պատմական տեղանքներին ադրբեջանական անուններ են տվել։ Ադրբեջանը կարողանում է պատերազմի, ռազմական հանցագործությունները և վայրագրություններն անցկացնել խիստ անպատժելի հետևանքով։ Հայկական ինքնիշխան տարածքներ են ներխուժել։ Մենք ինքներս տեսանք ՝ ադրբեջանական դիրքեր հայկական հողերի վրա։ Գործընթացը կարող է խիստ վտանգավոր լինել Հայաստանի համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ