«Խորհրդարանական կառավարման երկրում ճիշտ կլինի, որ ոչ թե մեկ կուսակցության, այլ մի քանի կուսակցությունների դերը մեծ լինի եւ սա շատ լեգիտիմ հնարավորություն է, որ Երեւանի ավագանիում իշխանության գան մի քանի կուսակցություններ, որպեսզի հավասար պատասխանատվություն կրեն ժողովրդի առջեւ եւ փոխադարձ վերահսկողություն ապահովեն քաղաքի կառավարման, այնուհետեւ երկրի կառավարման գործընթացում»,-այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի շենքի առջեւ քարոզարշավն ամփոփող ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը։
Նրա խոսքով՝ կուսակցության ռազմավարական խնդիրներից է նաեւ այն, որ ընդդիմությունն իշխանության գա օրինական ընտրությունների միջոցով։ Նորիկյանի ներկայացմամբ՝ 1991 թվականից հետո երբեք ընդդիմությունը օրինական ընտրությունների միջոցով իշխանության չի եկել, անգամ Նիկոլ Փաշինյանը, որպես ընդդիմություն, իշխանության չի եկել օրինական ընտրությունների միջոցով։
«Մեր ռազմավարական խնդիրն է անել հնարավորը, որ գործող իշխանությունը օրինական ընտրությունների միջոցով առաջին անգամ պարտվի Հայաստանի հանրապետությունում, առանց ցնցումների եւ դիմադրության, առանց բռնության եւ աթոռից կառչելու իր իշխանությունը հանձնի հաղթող քաղաքական ուժին եւ հեռանա քաղաքական ասպարեզից։ Սա է մեր կարեւորագույն առաքելությունն ու ուղերձը մեր ժողովրդին՝ հնարավորություն տվեք, որ ընդդիմությունն առաջին անգամ հաղթի գործող իշխանությանը»։
Նա դիմեց երեւանցիներին եւ հորդորեց անպայման մասնակցել ընտրություններին, նշեց՝ մենք ապավինում ենք երեւանցիների մտավոր հատվածի աջակցությանը, մտածող եւ մտահոգ մարդկանց ողջամտությանը, նրանց քվեն ենք ակնկալում։ «Ուժերի հարաբերակցությունն իրատեսորեն գնահատելով հանդերձ՝ մենք հնարավորություն տեսնում ենք Երեւանի ավագանիում ունենալ «Արդար Հայաստան» կուսակցության խմբակցություն։ Մենք վստահ ենք՝ որեւէ ուժ Երեւանում չունի 50+1 վստահություն եւ չի կարող միանձնյա ձեւավորել քաղաքային իշխանություն, այսինքն՝ ունենալ մեծամասնություն եւ քաղաքապետ։ Հետեւաբար, մենք պատկերացնում ենք, որ մի քանի ուժեր, որոնք կհաղթահարեն անցողիկ շեմը, նրանք միասին՝ արժեքային ընդհանրության պայմաններում, կձեւավորեն քաղաքային իշխանություն։ Մենք բացառում ենք ՔՊ-ի հետ կոալիցիան։ Մենք տեսնում ենք հնարավորություն, որ Երեւանի ավագանիում կլինեն մի քանի քաղաքական ուժեր։ Սիրելի երեւանցիներ, մենք քվեաթերթիկում 3-րդ համարն ենք, առաջնորդվում ենք՝ «Վստահիր, հավատա, փոխելու ենք» կարգախոսով։ Համոզված ենք՝ նոր քաղաքական ուժերի ասպարեզ մտնելը, նրանց քաղաքական ազդեցության մակարդակի բարձրացումը, որոշումներ կայացնելու վրա նրանց հնարավորությունների մեծացումը հնարավորություն է տալու մեզ փոխելու քաղաքի կառավարման որակը։ Երեւանում այս պահին իրականացվող կառավարումը ճգնաժամ է առաջացրել։ Իշխանության գործունեության հետեւանքով ամբողջ երկիրն է հայտնվել ճգնաժամի մեջ, այդ թվում՝ արժեհամակարգային։ Սեպտեմբերի 17-ին լեգիտիմ հնարավորություն կա դուրս գալու այս իրավիճակից»,-հայտարարեց Նորայր Նորիկյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր քարոզարշավի վերջին օրն է, վաղը լռության օրն է։ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։ Ընտրություններին մասնակցում են 14 քաղաքական ուժեր։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Նորայր Նորիկյանի Ֆեյսբուքի էջից։