«Ինձ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, գնահատականներն ու հայտարարությունները չեն զարմացնում։ Փաշինյանը Հայաստանի հետ չունի անցյալ, չունի նաեւ ապագա, նրանը միայն խղճուկ ներկան է։ Ինձ զարմացնում է այն մարդկանց լռությունը, որոնք դերակատարում են ունեցել ՀՀ անկախության ու պետականության կայացման գործում, ինչպես նաեւ Արցախի ազատագրական պայքարում»,-«Առավոտի» զրուցակիցն է քաղաքական, հասարակական գործիչ Կարեն Կարապետյանը:
– Օրերս մի գրառում էիք արել, որ անկեղծորեն զարմանում եք բոլոր այն նախկին ՀՀՇ- կանների վրա, ովքեր այսօր այս կամ այն չափով մաս են կազմում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ու լռում են Նիկոլ Փաշինյանի կողմից տարածվող այն կեղծիքի առջեւ, իբր Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչվել դեռեւս 1991 թվականից։ Մի քիչ կբացե՞ք ձեր մտավախությունները, ի՞նչը նկատի ունեք:
– Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան շատ հստակ է, նա փորձում է հերթական անգամ մեղավոր դարձնել բոլորին, բացի իրենից։ Հղում անելով անցյալին ու հաղթանակած էջերը սեւացնելով՝ փորձում է արդարացնել իր ձախողված արտաքին քաղաքականությունը, ամոթալի ու ստորացուցիչ պարտությունն ու Արցախից հրաժարումը։
Պետությունը նույնպես կենդանի օրգանիզմ է ու բացի ներկայից, ունենում է նաեւ անցյալ ու ապագա։ Ներկայի ու ապագայի հանդեպ մտավախություն ունենք բոլորս, սակայն պետք է մտահոգվենք նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից պատմությունը կեղծելու ու աղավաղելու փորձերից, հատկապես, երբ այդ աղավաղման փորձերն իր ազգակործան քաղաքականության շարունակությունն է ու բացի իր սեփական անձը պաշտպանելու խղճուկ ջանքերից, ծառայում է նաեւ թուրք-ադրբեջանական շահերին։
Կարդացեք նաև
Երբ նա հայտարարում է, որ Հայաստանն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել է դեռեւս 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով, դրանով բացի նրանից, որ հարված է հասցնում ու ինչ-որ առումով իմաստազրկում է մեր պետության անցած դիվանագիտական ճանապարհը, նաեւ լեգիտիմ հող է ստեղծում Ադրբեջանի հետագա ոչ հայանպաստ գործողությունների համար՝ հիմք տալով Ադրբեջանին, միջազգային հարաբերություններում հղում անել Փաշինյանի հայտարարություններին, որ արդարացնեն ցանկացած քայլ։
Որքան էլ այս պահին զարմանալի թվա, սակայն նման հայտարարություններով Փաշինյանը վտանգում է նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Բացի դրանից, նա իմաստազրկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տասնյակ տարիների աշխատանքը։ Ի դեպ, Ալիեւը նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը համարում էր անիմաստ, որովհետեւ ստացվում է՝ այդքան ժամանակ աշխատել են մի հարցի շուրջ, ինչը վաղուց էր որոշված։
Այդ ամենին գումարած, հարված է հասցնում Արցախի ինքնորոշման համար հետագա պայքարին՝ վանելով բոլոր հնարավոր աջակիցներին, իսկ Հայաստանին վերածում անհուսալի գործընկերոջ։
Բայց էլի եմ ուզում կրկնել այն, ինչ ասել էի գրառման մեջ։ Ինձ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, գնահատականներն ու հայտարարությունները չեն զարմացնում։ Փաշինյանը Հայաստանի հետ չունի անցյալ, չունի նաեւ ապագա, նրանը միայն խղճուկ ներկան է։ Ինձ զարմացնում է այն մարդկանց լռությունը, որոնք դերակատարում են ունեցել ՀՀ անկախության ու պետականության կայացման գործում, ինչպես նաեւ Արցախի ազատագրական պայքարում։
– Ձեր նշած մարդկանցից երկուսը՝ Հովհաննես Իգիթյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը, այժմ դեսպաններ են եւ եվրոպական տարբեր երկրներում ներկայացնում են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի պաշտոնն է զբաղեցնում եւ ժամանակ առ ժամանակ հրապարակային շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ իր կատարած ինչ-որ բանի համար: Նրանք ՀՀՇ-ի իշխանության տարիներին, իշխանության ղեկավար մարմնի անդամներ էին, միջազգային տարբեր կառույցներում կամ տարբեր երկրներում ներկայացնում էին Հայաստանը, խորհրդարանում եւ հայաստանյան այլ կառույցներում տարբեր շրջաններում տարբեր բարձր պաշտոններ էին զբաղեցնում: Ալեքսանդր Արզումանյանը նաեւ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնն է զբաղեցրել: Էլի կա՞ն մարդիկ, ո՞ւմ բաց թողեցի:
– Չէի ուզի այս պահին անուններ տալ մի քանի պատճառներով։ Նախ՝ անձնավորելը թուլացնում է քաղաքական խոսքն ու տեղափոխում միջանձնային հարաբերություններ։ Իմ գրառումն ավելի շատ քաղաքական գնահատական էր տեղի ունեցող գործընթացներին, իսկ անձնավորման դեպքում, մարդիկ երկրորդում են քաղաքական ասելիքն ու կենտրոնանում անձերի վրա։
Երկրորդը՝ եթե շատերը գերադասում են Փաշինյանի «Նոր Հայաստանի» հետ մոռանալ իրենց նախկին կենսագրությունը ու կերտել «նոր կենսագրություն», դա իրենց որոշելիքն է, եթե ուզում են տեղ զբաղեցնել Փաշինյանի կերտած ամոթալի էջերում, դա նույնպես իրենց որոշելիքն է։ Ի տարբերություն շատերի, ես չեմ հրաժարվում իմ կենսագրությունից, ինձ տեսնում եմ «Հին Հայաստանում» ու պատկերացնում «Ապագա Հայաստանում», որը ներկայիս Հայաստանի հետ աղերս չի ունենա։ Հետեւաբար, առանց անունների էլ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր քաղաքական ուղին, սակայն պետք է հաշվի առնել մի հանգամանք. ոչ ոք պարտավոր չէ մյուսին հարգել միայն անցյալի համար։ Մարդը նույնպես, ինչպես պետության դեպքում, ունենում է պատմություն, ներկա ու ապագա, ուստի մարդու քաղաքական գնահատականը տրվում է այդ երեքի հանրագումարում, հատկապես ներկա գործունեության, իսկ սոսկ անցյալի քայլերը կարող են պայմանավորված լինել ընդամենն իրավիճակով։ Դրայզերի «Հանճարը» վեպում շատ լավ գնահատական կա. Յուջին Վիտլան ամբողջ կյանքում մնաց ազնիվ մարդ, որովհետեւ երբեւէ նրա ազնվությունը փորձության չենթարկվեց։ Ըստ այդմ, եթե չլիներ Փաշինյանը, գուցե շատերին նոր կենսագրություն կերտելու կարիք չլիներ ու սահմանափակվեին հնով, որն իրոք փառահեղ էր։
Բացի այդ, ես դեռեւս չեմ կորցնում հույսս, որ որոշ մարդիկ գուցե վերջապես սթափվեն։ Եկել է պահը, որ պետք է վերջնական ընտրություն կատարել. կամ շարունակում ես սատարել Նիկոլ Փաշինյանին, դրանով ամբողջովին զրոյացնում կենսագրությունդ ու այրում կամուրջները, կամ հետ ես կանգնում այդ ճանապարհից ու դադարում սպասարկել Փաշինյանի շահերը, որն իրականում պետական շահի հետ ոչ մի կապ չունի։ Հղում անելը պետական շահին, ծառայելը պետությանը՝ ընդամենը սեփական քայլերի արդարացման անհաջող փորձեր են։
Սթափվելու ու հետ կանգնելու դեպքում հույս ունեմ, որ մենք կունենանք միասնական ապագա, կքայլենք առաջ, ու ես երջանիկ կլինեմ, եթե այդպես լինի։ Սթափվելն ու կործանարար ճանապարհից հետ կանգնելը երբեք ուշ չի, ուշ է լինում մինչեւ վերջ այդ ճանապարհով գնալը։ Հետեւաբար, իմ քաղաքական գնահատականը, որը հնչեցրել եմ գրառմանս մեջ, կարող է դիտարկվել ե՛ւ որպես մտահոգություն, ե՛ւ որպես շատերին, որոնց հետ ժամանակին եղել ենք նույն կուսակցությունում, սթափվելու կոչ։
– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են լռում այդ մարդիկ. միգուցե ծանրակշիռ պատճա՞ռ ունեն լռելու համար:
– Չգիտեմ, այս պահին ուզում եմ զերծ մնալ նեղ-անձնային, շահադիտական նկատառումներ տեսնելուց, ուզում եմ շարունակել հուսալ։ Գուցե ասածս քաղաքական ուտոպիա է, բայց դեռ մի փոքր հուսալու ժամանակ կա։ Ուզում եմ հակվել այն մտքին, որ պարզապես մոլորված են, ու ստացվում է, որ ես իրենց նախկին կենսագրությամբ ավելի մտահոգված եմ, քան իրենք։
Կարող է լինել նաեւ այլ պատճառ. լռում են, քանի որ համաձայն են Նիկոլ Փաշինյանի հետ, որ իրոք ըստ նրա, Հայաստանը 1991 թվականին Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս։ Այդ դեպքում էլ ստացվում է, որ այսքան տարիներ նրանք այդ մասին իմացել են ու լռել են։
Հետեւաբար առաջանում է երկու հարց, եթե համակարծիք են, ինչո՞ւ էին լռում այն ժամանակ, եթե ոչ՝ ինչո՞ւ են լռում հիմա։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
15.09.2023