Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադին և Բուդին ունեն երեք երեխա՝ Գուդին, Դուբին և Եգին». սա մեջբերում է մաթեմատիկայի դասագրքից: Բա որ պարզվի` խոտան է, մի ողջ սերնդի ուղեղի խեղման համար ո՞վ պիտի պատասխան տա և ինչպե՞ս. «Ազգ»

Սեպտեմբեր 15,2023 11:03

«Մաթեմյանների ծնողներն են Ադին և Բուդին, նրանք ունեն երեք երեխա՝ Գուդին, Դուբին և Եգին»: Սա մեջբերում է մաթեմատիկայի 5-րդ դասարանի դպրոցական դասագրքից: ԿԳՄՍ նախարարը ճեպազրույցին «արդարացրեց» Ադիբուդնանց և Գդադուբնեգնանց ընտանեկան կարևոր գոյության անհրաժեշտությունը մաթեմատիկայի (երևի պիտի ասեի` մաթեմի) դասագրքերում: Ի պաշտպանություն «դասագրքի»` դրա կողմնակիցները քննադատում են քննադատողներին, թե բովանդակային քննարկում է պետք: Բայց, հարգելինե՛րս, սա հենց բովանդակությունն է: Եթե, իրոք, մաթեմատիկոսներ եք, այն էլ մանկավարժի կոչումով, պետք է իմանաք, որ պարզելու համար` աշակերտը հասկացել է խնդիրը թե չէ, պարտավոր եք նրան պատմել տալ այդ խնդիրը: Ե՞վ… Սա՞ պիտի պատմի երեխան` այս խառնացեղ ծագմամբ խառնանվանական շիլաշփո՞թը: Միջառարկայական կա՞պ եք ուզում` հայերենի  և մաթեմատիկայի սերտացման, սրանից լավ կա՞պ: Հետևեք, որ խնդրի պահանջը երեխան ձևակերպի` մտքերը հայերեն ճշգրտորեն վերարտադրելով: Բայց Ձերդ գերազանցություն Մաթեմյանների տոհմածառն ի՞նչ մտքերով տեղ հասցնի աշակերտը և ինչո՞ւ, որ բավարարի ձեր դիվային նկրտումները երևի միայն ձեզ հայտնի անգութ պատճառո՞վ, որ ուզում եք անցկացնել իբրև մեթոդական նորարարությո՞ւն: Եվ այդ «նորարարության» արդյունքն է լինելու, ի թիվս այլոց, նաև երեխայի ենթագիտակցության մեջ մաթեմատիկայի փոխարեն «մաթեմի» պաշտոնական ամրակայումը: Այդպե՞ս են սիրում մաթեմատիկոսներն իրենց գիտությունը և սիրել տալիս երեխաներին…

Հետաքրքիր է, որ դասագրքի հեղինակ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանն անթաքույց հավակնություններ ունի ոչ միայն դասականների հետ չափվելու (Աղայանին ու Թումանյանին է օգնության կոչում` արդարացնելու իր հորինովի անունները), այլև հենց մաթեմատիկային վերաբերող գնահատումներում: Ահա վերջինին վերաբերող մի միտք` նրա շարադրանքից.
«Դասագրքով փորձել ենք մաթեմատիկա առարկայի մեջ տրամաբանություն մտցնել»: Այս պահին մի բան է ինձ հետաքրքրում` մաթեմատիկայի մեջ մինչև Գոգյանն ընկած ժամանակաշրջանը համաշխարհային ընդգրկմա՞մբ է մաթեմատիկայից բացակայել տրամաբանությունը, թե՞ միայն Հայաստանում է այդպես եղել: Ճիշտն ասած` կուզենայի, որ դա աշխարհովի լիներ, և մաթեմատիկոսների համաշխարհային հանրությունը գլուխ խոնարհեր մեր քանքարի առաջ…

Պարոն Գոգյանը նաև մեծահոգի է, տեղեկացնում է, թե իրենց արածը  մի փորձ է, և հիմա մեջբերում եմ հանրային տիրույթում գրած նրա խոսքը` առանց լեզվական վրիպումները շտկելու. «Հաջողվել է թե ոչ ցույց կտա ժամանակը, այսինքն մայիս ամսին»: Սա մաթեմատիկայի մեջ (իբրև անօրինակ նորություն ու նորարարություն) տրամաբանություն մտցնող դոկտոր մաթեմատիկոսի խոսքն է, որի կետադրական ու խնդրառական սխալները հենց վկայությունն են հեղինակի կաղացող տրամաբանության: Բայց սա` դեռ մի կողմ: Լույս տեսած դասագիրքը կանխատեսելի պիտի լինի պիտանելիությամբ: Եղբա՛յր, եթե ասում ես` մայիսին, այսինքն` տարեվերջին պարզ կլինի` գիրքը գիրք է, թե՝ չէ, ի՞նչ պիտի մտածի  խոսքդ կարդացողը: Բա որ պարզվի` իրոք, խոտան է, մի ողջ սերնդի ուղեղի խեղման համար ո՞վ պիտի պատասխան տա և ինչպե՞ս:

Դավիթ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930