Ապշեցուցիչ է իսկապես: Փոքրիկ, շատ փոքրիկ մնացած մի երկիր, պաշարված թշնամի գերազանց ուժերով, մի փոքրիկ հավաքականություն, ընդամենը 120 հազար՝ սովահարության եւ անստուգության մատնված ժողովուրդ, իր սահմանադրությանը հավատարիմ՝ իր խորհրդարանի պատգամավորների քվեարկությամբ ընտրում է իր ղեկավարին՝ նախագահին, եւ փոխանակ ծափահարության արժանանում դրսի խժալուր աղմուկին ու պարսավանքին, ընդամենը մեկ բացառությամբ՝ Հարավային Օսեթիայի ինքնահռչակ պետության: Այնպիսի աղմուկ ու պարսավանք, որին ներկա դարում հանդիպել ենք միայն զինվորական հեղաշրջումների պարագայում, աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած:
Ակնհայտորեն՝ ցուցադրական այդ բոլոր կեցվածքները ուղղված էին ոչ այնքան մեզ, որքան՝ ի ցույց եւ ի լուր Իլհամ Ալիեւի բռնատիրական ռեժիմին, որն այսօր սիրելին է դարձել Արեւմուտքի հակառուսական բլոկի, որը, իբր ծածուկ, ռուսական գազ է ստանում Ադրբեջանի «փաթեթավորմամբ» եւ ուկրաինական հացահատիկ՝ թուրք-ռուսական միջնորդությամբ, սակայն չի հանդուրժում, որ այդ եւ նման բիզնեսների արանքում ճզմվող մի փոքրիկ երկիր ու ժողովուրդ օգտվի ինքնավարության իր իրավունքից ու դուրս գա հակառակորդների ցեղասպանական աքցանից:
Այդ հակառակորդների մեջ է նաեւ Հայաստանը, ոչ ժողովուրդը անշուշտ, այլ՝ բոլոր լծակները ձեռքին պահող եւ ինքն էլ այլոց ձեռքին լծակ դարձած իշխանավորը՝ վարչապետի զգեստով: Դեռ մի քանի օր առաջ, սեպտեմբերի 11-ին, Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, ափսոսանք հայտնելով ԱՀ այժմ արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար, նա պիղատոսաբար արդարացնում էր նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին իր չշնորհավորելը, իբր խղճալով, որ նա շատ ծանր պատասխանատվություն է վերցրել իր վրա: Անտեսելով փաստը, որ նորընտիր նախագահը երեկվա խոխեն չէ եւ անշուշտ իրենից լավ գիտի տիրող դժնի կացությունը ու, հետեւաբար, հենց նրա՛ն է պետք շնորհավորել եւ հաջողություն ու կորով մաղթել հաղթահարելու դաժան մարտահրավերները, նաեւ աջակցություն խոստանալ, ՀՀ գլխավոր իշխանավորը փոխարենը խրատ է տալիս թե՛ նորընտիր նախագահին, թե՛ մնացած արցախցիներին, թե՛ մեզ՝ բոլորիս: «Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու» խրատ: Կարծես այդ ճգնաժամը, այսինքն շրջափակումը, ստեղծվել է հենց այնպես, հավեսի կամ, ասենք, արցախահայության դիմացկունությունը փորձելու, օրինակ՝ Գինեսի գրքում սովին ամենաերկարը դիմանալու ռեկորդ սահմանելու համար:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: