Լրահոս
2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok հարթակում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ավերել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը(https://www.tiktok.com/@09_parfum/video/7449331303104728327?_t=8sJuU8mUwlj&_r=1): Հուշարձանը կառուցվել էր 1965-1966 թվականներին՝ գյուղի կենտրոնում: Հաթերք գյուղից Հայրենական պատերազմին մասնակցել է 400 մարտիկ, որոնցից 195 զոհվել են (Բալայան 2020, 314): Հուշարձանն իրենից ներկայացնում էր աղբյուր-հուշակոթող, որի վրա արձանագրված են եղել զոհված հաթերքցիների անուն ազգանունները (նկ. 1): Հուշարձանը որոշակիորեն տուժել էր նաև Արցախյան առաջին պատերազմի տարիներին. նրա վրա անզեն աչքով էլ երևում են ինքնաձիգով կրակահերթի հետքերը: Մեր արձագանքը Արցախի Հաթերքի շրջանի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Հուշարձանին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։ Հարկ է հավելել, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի պետական քաղաքականության ուղղություններից է և 2020 թվականի պատերազմից ի վեր, արդեն իսկ ոչնչացվել են Հադրութի ազատամարտիկներին նվիրված հուշարձանը (https://monumentwatch.org/hy/alerts/հադրութի-ազատամարտիկների-հուշարձանի/), Շուշիի Արցախյան ազատամարտի և Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը (https://monumentwatch.org/hy/alerts/շուշիում-հայոց-ցեղասպանության-զոհեր/)։ Բացի այդ, Հադրութի Ազոխ գյուղում ավերվել են երեք առանձին հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (https://monumentwatch.org/en/alerts/destruction-of-the-memorial-complex-in-azokh-village-of-hadrut/)։ Գրականություն Բալայան 2020 – Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուվագծեր, Երևան:
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միջազգային հանրության վարչապե՞տն եք, թե՞ Հայաստանի: Անհասկանալի է վարչապետի խոսքի առատությունը, երբ պետք է պարզապես գործել. «Ազգ»

Սեպտեմբեր 15,2023 10:18

Չնայած մեծ շատախոսությանը, չնայած վարչապետ Փաշինյանի, ինչու չէ՝ նաեւ իշխանական եւ ընդդիմադիր գործիչների հնչեցրած խոսքի, հարցազրույցների, տեսակետների առատությանը, չնայած Արցախում նոր նախագահի եւ վարչապետի առկայությանը՝ Արցախում հումանիտար աղետի հարցում փոփոխություն չկա, օր-օրի ամեն ինչ ավելի վատթար է դառնում: Հումանիտար բեռով ռուսական մեկ բեռնատարի մուտքն Աղդամի ճանապարհով եւ ռուսական լավատեսությունն այդ առթիվ, թե հայելային կբացվի նաեւ Լաչինի ճանապարհը, իրականում փուչիկ էր, Ադրբեջանը փակ է պահում այն: Փաստորեն այս առթիվ հավանաբար ռուսների եւ ադրբեջանցիների միջեւ ինչ-որ պայմանավորվածություն է խախտվել, եւ ոչինչ չարժեն ՌԴ ԱԳՆ հավաստիացումները, թե Լաչինի միջանցքը կբացվի, կամ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի պնդումը, թե շարունակում են աշխատել այդ ուղղությամբ: Իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, ՌԴ ԱԳ նախարարի, ՌԴ նախագահի նյարդային հայտարարությունները Արցախի եւ Հայաստանի թեմաներով, փաստորեն, նաեւ արգասիք են ռուսական խաղաղապահների գործողությունների անարդյունավետության, Հայաստանի վարչապետի՝ արեւմտյան ուղղությամբ ձախ գնալու խոսքին ու գործողություններին արձագանք լինելուց զատ:
Ինձ համար անհասկանալի է այս օրհասական պահին Հայաստանի վարչապետի խոսքի առատությունը, երբ պետք է պարզապես գործել: Հարցազրույց Հանրայինին, հարցազրույցներ արտերկրի լրատվամիջոցներին, կառավարության նիստին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝գնահատականներ, լավաշ մտքեր, երկարաշունչ ձեւակերպումներ՝ սովորաբար վիճելի, երբեմն անճիշտ փաստարկումներով, որոնք հետո դառնում են քննարկման առարկա եւ մեր օդը լցնում անիմաստ քննարկումների խոսույթով. հաջորդում են ընդդիմության՝ նրա խոսքի անճշտությունների (միտումնավոր կամ չգիտակցված՝ չգիտենք) մերկացումներ, կրքերը տաքանում են շիկացման աստիճան, հնչում են քողազերծումների մաստեր-կլասներ՝ երկու կողմերից էլ, դե մարդիկ էլ զբաղվում են, մոռանում Արցախի սովածներին, մոռանում, որ Սումգայիթի ու Բաքվի ջարդեր տեսած հայության արցախյան հատվածին Հայաստանի վարչապետն անընդհատ հրում է դեպի Բաքվի հետ երկխոսության, որի իմաստն է ընդունել մի բան, որ հնարավոր չէ: Այսինքն՝ ապրել Ադրբեջանի կազմում, ու այդ ուղղորդումը հենց էթնիկ զտման հրավեր է, որից այդքան շատ է սիրում խոսել իշխանությունը, քանի որ հենց իրավական առումով հայկական կողմից համաձայնություն լինի, որին հետեւի Լաչինի միջանցքի բացումը, 120 հազար արցախցի անմիջապես դուրս են գալու Արցախից, որ Սումգայիթի հայերի օրը չընկնեն: Մի՞թե Բաքվի հետ երկխոսություն սկսելու կոչ անողը կամ կոչ անողները դույզն ինչ կասկած ունեն այդ վերաբերմամբ, մի՞թե իրենք հավատում են անվտանգության երաշխիքների ապահովման թեզին:

Մանավանդ՝ հենց ԱԺ վերջին ճեպազրույցին մեկ անգամ եւս իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հաստատեց, որ Ադրբեջանն ամենաէական հարցերում չի համաձայնում՝ խաղաղության պայմանագրի առաջարկներն իրար տշելիս. Ադրբեջանն այդպես էլ բան չի ասում Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման, Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովման մասին, ու անգամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պահպանումը կարող է նրա համար ընդունելի չլինել:
Հոգնել ենք անվերջ շատախոսությունից, այդ շատախոսության վիճելի թեզերը մեկնաբանելուց: Միգուցե այդ շատախոսությունը հատուկ է արվում, որ մարդիկ այնպես խճճվեն, որ անգամ սկսեն չլսել, անտարբեր դառնան, ու դա էլ նկատում ենք: Մինչդեռ Արցախի եւ Հայաստանի սահմանների շուրջ իրավիճակը եռում է, ադրբեջանական զինուժի կուտակումները խոսում են հնարավոր ագրեսիայի մասին, միջազգային դերակատարների՝ իրավիճակը լիցքաթափելու եւ Լաչինի միջանցքը բացելու կոչերը, որոնք նույնպես առատ են, ոչ մի արդյունքի չեն բերում, որովհետեւ երեւի վրայից կոչ են անում, տակից՝ խառնում:

Անձամբ ինձ ցնցեց վարչապետի այն մի ասածը խաղաղության պայմանագրի վերաբերյալ, թե դրա ընդունումը միջազգային հանրության տեսակետից պետք է հնարավորինս լեգիտիմ լինի: Այ քեզ բան՝ միջազգային հանրությունն ո՞վ է, դա տարբեր շահերի մի կոնգլոմերատ է, որի խնդիրն է առավելագույնս նեղացնել հայկական շահերի բացվածքը, հիմա Դուք միջազգային հանրության վարչապետն ե՞ք, թե՞ Հայաստանի, մենք մեր իրավունքները պետք է պնդե՞նք, թե՞ միջազգային հանրությանը դուր գալու համար Արցախը նետենք թշնամու բերան, Սյունիքը վտանգի ենթարկենք: Պե՛տք է մեր շահն ու իրավունքն առաջ տանենք, եթե նույնիսկ դրանք միջազգային հանրությանը լեգիտիմ չեն թվում, մարդիկ դրանց համար անգամ զոհվել ու զոհվում են: Իսկ պետությունները վարչապետ ու նախագահ են ունենում՝ իրենց շահերի համար մինչեւ վերջ պայքարելու նպատակով, անգամ եթե այդ պայքարը դեմ է միջազգային կանոններին:

Նույն կերպ արդեն չի զարմացնում, այլ միայն զայրացնում է, որ խաղաղության պայմանագրի իրավական հիմք որպես Հայաստանի իշխանությունը նշում է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով իբր թե ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ այդ թվում: Մեռանք գրելով՝ այդ հռչակագիրը ոչ մի կապ չունի Հայաստանի անկախության հռչակման կամ սահմանների ուրվագծման հետ, դրանով ուղղակի Հայաստանը, մյուս պետությունների հետ, ԱՊՀ մտնելու մտադրությունն է հռչակում, մինչ այդ էլ Արցախը, նույն Խորհրդային Միության օրենսդրությամբ, ինքնահռչակվել էր որպես պետություն: Ադրբեջանն էլ ԱՊՀ-ին միացել է այդ հռչակագրի ընդունման պահից երկուսուկես տարի հետո: Այսինքն՝ ոչ մի դեպքում Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք չի կարող լինել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման համար, ու պետք չէ այդ իմաստով Տեր-Պետրոսյանին մեջբերել՝ հերքումն անմիջապես է լինելու, ինչպես որ եղավ: Սա ինչ է՝ չիմացություն է, թե՞ միտում: Թե ուղղակի Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ խորհրդատուներն են անգրագետ: Այ մարդ, ընդդիմադիր պատգամավորներից Արթուր Խաչատրյանը հենց ԱԺ-կառավարություն նիստին էր տպել-բերել բոլոր համաձայնագրերը, չունե՞ք, չե՞ք կարողանում համադրել՝ վերցրեք իրենից դրանք ու նաեւ դրանց իրավական վերլուծությունը: Վայ: Թե չէ արդեն առանց վալերիանկայի հնարավոր չէ լսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման (Արցախով հանդերձ) վերաբերյալ թոթովումները: Էլի հարյուր անգամ գրած կլինենք՝ որպեսզի սիրողական մոտեցումներից մեզ ապահովագրենք Արցախի խնդրի, Հայաստանի արտաքին ռազմավարության վերաբերյալ, մեզ հարկավոր են միասնական, ձեւակերպված մոտեցումներ, որի տակ կստորագրեն բոլորը, անկախ նրանից՝ իշխանություն են , թե ընդդիմություն, եւ որոնցից չի շեղվի ոչ ոք, անգամ եթե առհասարակ արտաքին դիվանագիտության այբուբենին չտիրապետողն է պետություն ներկայացնում:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930