Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այն, ինչ կարող է սպանել, կարող է և փրկել․ բոտուլոտոքսինը՝ քրոնիկ միգրենը, շլությունն ու այլ հիվանդություններ բուժող միջոց

Սեպտեմբեր 15,2023 09:31
botox

Բոտուլոտոքսինի ներարկումներն առավել հայտնի են իրենց՝ կնճիռները հարթեցնող ազդեցությամբ, սակայն բժշկության մեջ դա այս թունավոր նյութի կիրառման միակ եղանակը չէ։

Բոտուլոտոքսինի ներարկումներն առաջին անգամ սկսել են օգտագործվել մի քանի տասնամյակ առաջ՝ աչքերի որոշ խնդիրները լուծելու համար։ Այդուհետ բժիշկները հայտնաբերել են, որ թունավոր նյութի այս ներարկումները կարող են օգտակար լինել մի շարք հիվանդությունների դեպքում։

Բոտուլոտոքսինը թունավոր նյութ է, որն արտադրվում է Կլոստրիդիում բոտուլինում բակտերիայի կողմից։ Ընդհանուր առմամբ սա բնության մեջ հանդիպող ամենահզոր թույներից մեկն է, որը բոտուլիզմ է հարուցում․ սննդային ծանր թունավորում, որը շատերի համար կարող է մահացու լինել։

Սակայն, որքան էլ տարօրինակ է, այդքան վտանգավոր նյութը կարող է և օգտակար լինել․ ազդեցությունը, որը կարող է սպանել՝ կարող է և փրկել՝ նպատակային ու ճիշտ կիրառվելու դեպքում։ Բոտուլոտոքսինն աշխատում է՝ արգելակելով նյարդային այն ազդակները, որոնք մկաններին կծկվելու կամ լարվելու հրահանգներ են տալիս․ երբ դա տեղի է ունենում շնչառությունը կարգավորող մկաններում, մարդը պարզապես շնչահեղձ է լինում, սակայն որոշ հիվանդություններ գերակտիվ մկանային շարժումներ են առաջացնում, և բոտուլոտոքսինի ներարկումները կարող են բուժել այդ հիվանդությունները՝ մկաններին թուլանալու հնարավորություն ընձեռելով։

Բոտուլոտոքսինը կարող է թեթևացնել ցավի որոշ տեսակները, օրինակ՝ քրոնիկական միգրենի առաջացրած գլխացավերը։ Այն կարող է արգելակել գերքրտնարտադրությունն (հիպերհիդրոզ) ու գերթքարտադրությունը։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ բոտուլոտոքսինի ներարկումները կարող են օգնել կանանց՝ էնդոմետրիոզի հետ կապված ցավերի դեպքում։

Այլ հիվանդություններ, որոնք կարելի է բուժել բոտուլոտոքսինի օգնությամբ

  • Շլություն,
  • Դիստոնիա, նյարդաբանական շարժողական խանգարման համախտանիշ, որն առաջացնում է կրկնվող շարժումներ, որոնց արդյունքում մարմինն անհարմար դիրքեր է ընդունում։
  • Բլեֆարոսպազմ, որի դեպքում աչքի կոպի մկանները սկսում են անվերահսկելի կերպով կծկվել։
  • Գերակտիվ միզապարկ և այլն։

Բոտուլոտոքսինով բուժման ժամանակ կիրառվում են թույնի շատ փոքր քանակությամբ տեղային ներարկումները, որոնք ճիշտ կատարվելու դեպքում ազդում են միայն մշակվող օրգանի կամ մկանի վրա։
Կողմնակի ազդեցությունները սովորաբար թեթև են լինում՝ ցավ ներարկման տեղում, թեթև գլխացավ կամ գրիպի ախտանշաններ։

Սակայն միայն այն դեպքում, երբ բոտուլոտոքսինը ճիշտ է օգտագործվում․ սխալ ներարկման դեպքում թույնը կարող է տարածվել բուժվող հատվածի սահմաններից դուրս՝ ազդելով մարմնի այլ մկանների վրա, ինչը կարող է հարուցել մկանային թուլություն, տեսողական խնդիրներ, խոսքի, կլման ակտի, շնչառական խանգարումներ՝ երբեմն ունենալով անդառնալի հետևանքներ։

Բոտուլոտոքսինի ներարկումները, այդ թվում և կոսմետիկ նկատառումներով իրականացվող, կարող է կատարել միմիայն առողջապահության ոլորտի որակավորված մասնագետը, որն այդ նյութի հետ աշխատելու բավականաչափ փորձ ու հմտություններ ունի։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930