Հանրային հեռուստաընկերության եթերով քաղաքապետերի թեկնածուների մասնակցությամբ բանավեճի ժամանակ թեկնածուներին հարցեր էին ուղղել նաեւ քաղաքացիները: Բոլոր հարցերը վերաբերում էին աղբահանությանը ու ոչ մի հարց չկար երկրի անվտանգությանը կամ այլ կարեւոր հարցերին վերաբերող:
«Ես ոնց հասկանում եմ՝ գնացել եք այնպիսի քաղաքացիների եք հարց տվել, որոնց անվտանգությունը հետաքրքիր չէ, որովհետեւ ավելի շատ փոշի, կեղտ, ավելի վատ պատկերներ կտեսնենք, եթե չմտածենք՝ մեր սահմաններում ինչ է լինելու: Մեզ մոտ փոշու խնդիրը կախված է նրանից, որ ոչ կոմպետենտ մարդիկ են աշխատում իրենց տեղերում: Մի տեղ փորում են, մյուս բաժինը, որ պետք է գա արագ իր հետեւից փակի, չգիտես ինչով են զբաղվում: Ինչ վերաբերում է աղբին, էս հինգ տարվա մեջ չէի՞ն կարողանում կառավարող բաժինները պայմանավորվել մի կազմակերպության հետ աղբի վերամշակման գործարան բացեին: Ինչ հիշում եմ՝ էդ են անում, ես գտնում եմ, որ էդտեղ կա կոռուպցիա ու կամքի պակաս»,- նկատեց «Հանրային ձայն» կուսակցության ներկայացուցիչ Վահան Ավագյանը:
Ավելի ուշ «Ապրելու երկիրի» թեկնածու Մանե Թանդիլյանը հարց ուղղեց Ավինյանին՝ նկատելով, որ վերջին տարիներին ահագնանում են խաղամոլության ու թմրամոլության դեպքերը, չեք անհանգստանո՞ւմ, լա՞վ եք զգում այս վիճակից:
Ի պատասխան Ավինյանն ասաց. «Երեւանում մութ ու տարօրինակ ավտոտնակներով բակերը վերածում ենք նորմալ բակերի, ստանում ենք ֆուտբոլի դաշտեր, ստեղծում ենք հանգստի գոտիներ…»:
Կարդացեք նաև
«5 տարի է՝ ձեր ուժն է իշխում ու պաշտոնական թվերը ահագնացող են, ազգային անվտանգության խնդրի է վերածվում այս հարցը, անարդյունավետ են ձեր միջոցները, ճի՞շտ եմ հասկանում , որ այդպես եք լուծումը տեսնում ու առաջիկա տարիներին, եթե էլի դուք լինեք, այդ խնդիրը չի լուծվելու»:
Ավինյանի խոսքով, այն, ինչ իրականացնում են՝ առողջ միջավայրին ու առողջ ապրելակերպին է նպաստում:
Հիշեցնենք, որ քաղաքապետի ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժից բանավեճին մասնակցում է 12-ուժի քաղաքապետի թեկնածու: Բանավեճի մասնակցությունից հրաժարվել են «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանն ու «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Իրոք այս խնդիրը դարձել է դարի չարիքը։ Հատկապես դեռահասների շրջանում սարսափելի վիճակ է։ Ուղղակի կործանվում են մեր երեխաները։