Արդեն առիթ եմ ունեցել մի քանի անգամ գրելու, որ ներկայիս ՔՊ-ի եւ նրա սիրած «նախկինների» միջեւ որեւէ էական տարբերություն չեմ տեսնում: Անցած ընտրարշավը դա հաստատեց՝ նույն վարչական ռեսուրսը, նույն օլիգարխների կողմից հովանավորվող «շտաբային տասովշչիկները» (առաջարկվում է այդ բառի հայերեն տարբերակը՝ «ձայնային», այսինքն՝ ձայն բերելու բիզնեսով զբաղվող ձեռներեցներ): Բացառված չեն, իհարկե, նաեւ ընտրակեղծիքները՝ մանավանդ հաշվի առնելով, որ ԿԸՀ նախագահը Փաշինյանի նախկին ստորադասն է եւ ՔՊ-ական նախկին պատգամավոր: Դրան ավելացել են նաեւ նորագույն տեխնոլոգիաները՝ «ֆեյքերի ֆաբրիկան», որի ներկայացուցիչները քարոզում են ՔՊ-ի մտավոր եւ կասեի՝ մշակութային մակարդակին համապատասխան: Մի խոսքով, համաձայն չեմ, որ այս 5 տարում կերտվել է նոր՝ պայծառ Հայաստան, որտեղ «մարդկանց դեմքերին ժպիտ է հայտնվել»:
Ինձ համար, բնականաբար, կարեւոր է այս ընտրությունների քաղաքական իմաստը: ՔՊ-ի վերարտադրությունը թույլ կտա իշխող ուժին պնդելու, որ իր քաղաքականությունն աջակցություն է ստանում մայրաքաղաքի բնակիչների կողմից՝ քաղաքականություն, որի շարունակությունը մոտակա ամիսներին կբերի Արցախի հայաթափմանը, իսկ մոտակա տարիներին՝ հայկական պետականության փաստացի վերացմանը:
Իմ տպավորությամբ, ՔՊ-ն Երեւանում մեծամասնություն չի կարող ունենալ՝ նույնիսկ կիրառելով «նախկինների» բոլոր գործիքները: Խնդիր կա, որ մարդիկ գան ընտրությունների, չղեկավարվեն քաղքենիական «մեկ է՝ ոչինչ չի փոխվելու» կարգախոսով: Բոլոր ավտոկրատիաներին ձեռնտու է քաղաքացիների պասիվությունը:
Վերջում մի փոքրիկ խորհուրդ ընդդիմադիր հայացքներ ունեցող այն ընտրողներին, որոնք ուզում են գնալ ընտրատեղամաս եւ փչացնել քվեաթերթիկը: Դա բացարձակապես անիմաստ է, դրանով նրանք ոչ մի խնդիր չեն լուծի: Նման վարքագիծն իմաստ ունի այն դեպքում, երբ, ասենք, նախագահական ընտրություններ են, եւ իշխանության ներկայացուցիչը ձգտում է ստանալ «50+» տոկոսը, որպեսզի երկրորդ փուլ չլինի: Երեւանի ավագանու նման համամասնական ընտրություններում անվավեր թերթիկը որեւէ դեր չի խաղա՝ կարեւոր է ձայների հարաբերակցությունը: Այնպես որ, նրանք, ովքեր չեն ուզում, որ ՔՊ-ն վերարտադրվի, պետք է գնան եւ ընտրեն իրենց հավանած կուսակցությունը: Բնականաբար՝ ոչ ՔՊ-ին:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ