Հանրայինի եթերով քաղաքապետերի թեկնածուների բանավեճի ժամանակ այսօր «Հաղթանակ» կուսակցությունից Վիկտոր Մնացականյանը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ արդյոք Երեւանը պատրաստ է դիմագրավել աշխարհաքաղաքական լարվածության ու նախապատերազմյան իրավիճակին:
Ավինյանը պատասխանեց, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսել են իրականացնել 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցումը՝նկատելով, որ որեւէ տեսակի արհավիրքի դեպքում մենք մեծ ռիսկի տակ ենք:
Մնացականյանը հստակեցրեց, որ իր հարցը բնակչության անվտանգությանն էր վերաբերում ու կրկնեց՝ արդյոք Երեւանը պատրաստ է դիմագրավել Ադրբեջանի, Թուրքիայի հավանական հարձակմանը: Մնացականյանը նաեւ հարցրեց՝ ինչ են արել վերջին մեկ տարում, որ ամրապնդեն մեր դիրքերը:
Ի պատասխան Ավինյանն ասաց, որ եթե ասում են, որ միայն այս տարի կառուցում են 24 մանկապարտեզ, դա նշանակում է, որ այդ մանկապարտեզներում խորը ապաստարաններ ենք ունենում մոտակա բնակչության համար:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ քաղաքապետի ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժից բանավեճին մասնակցում է 12-ուժի քաղաքապետի թեկնածու: Բանավեճի մասնակցությունից հրաժարվել են «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանն ու «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ