Ուկրաինան եւ Արեւմուտքը կատարված ոճրագործություններն իրավական, ապացուցողական դաշտից բերում են զուտ տեղեկատվական դաշտ ու առանց հիմնավորումների եւ ապացույցների՝ Ռուսաստանի նկատմամբ մեղադրական կոչեր հնչեցնելով, կարծելով, թե դրանով հիմնավորվում է իրենց անմեղությունը եւ հակառակորդի մեղավորությունը: Իրականում, այս թատերական ներկայացումն ինձ հիշեցնում է հին ժողովրդական անեկդոտը. «Է, դու էլ ասա»…
1,5 տարուց ավելի է, ինչ սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը: Այն վաղուց արդեն՝ փաստացի վերաճել է Արեւմուտք, ՆԱՏՕ-Ռուսաստան ահեղ պատերազմի, որը հիմնականում ընթանում է նաեւ պատերազմականից դուրս կանոններով: Այս պատերազմի յուրահատկությունն այն է, որ Ուկրաինան հիմնական շեշտը դրել է տեռորիստական գործողությունների վրա՝ կարեւոր սկզբունք որդեգրելով՝ խաղաղ բնակչությանը թիրախ դարձնելը եւ փորձելով ամեն ինչ բարդել Ռուսաստանի վրա, իբր հենց ինքն է սեփական բնակչության նկատմամբ իրականացնում այդ գործողությունները, փորձելով մեղքը բարդել Ուկրաինայի վրա: Որ դաժան պատերազմ է ընթանում եւ երկու կողմերի մոտ էլ առկա են մեծաթիվ զոհեր, դա այնքան էլ զարմացնող չէ, սակայն շատ ավելի զարմացնող է այն հանգամանքը, որ հիմնականում Ուկրաինայի կողմից հզոր ականանետային զենքեր են կիրառվում հատկապես այն վայրերում, որտեղ նախապես հավաքում կամ հավաքված են լինում մեծ թվով խաղաղ բնակիչներ՝ ընդհուպ ծերեր, երեխաներ ու նպատակադրված արձակված ականանետները պայթում են հենց այդ կետերում՝ ամեն անգամ առաջացնելով մի քանի տասնյակի հասնող զոհեր, որից հետո Ուկրաինան ու իր համախոհները՝ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրոպան, այդ տեռորիստական ակտերի համար սկսում են աշխարհով մեկ բարձրաձայնել ու մեղադրել Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն էլ, բնականաբար, մեղադրում է Արեւմուտքին ու Ուկրաինային:
Փաստացի, նմանատիպ քալերով Ուկրաինան ոչ թե փորձում է ոչնչացնել հակառակորդի զինված ուժին՝ զինվորականությանը, ռազմական տեխնիկան ու ստրատեգիական օբյեկտները, այլեւ աշխարհին ցույց տալ, թե իր հակառակորդն այնքան դաժան է ու անմարդկային, որ ոչնչի առջեւ կանգ չառնելով, ունակ է անգամ կոտորել անմեղ՝ խաղաղ բնակիչների մեծ խմբերի, հաշվի չառնելով, որ նրանց մեջ կան երեխաներ ու ծերեր եւ կատարվածի վերաբերյալ նենգորեն աղավաղում աշխարհի տեղեկատվական դաշտը, որն իրականության հետ ոչ մի աղերս չունի: Սակայն իրականությունն այն է, որ Ռուսաստանը հստակ ապացույցներով, իսկ Ուկրաինան առանց որեւէ լուրջ ապացույցի, վստահ մեղադրում են միմյանց եւ հատկապես Ուկրաինան՝ մշտապես աշխարհի առջեւ հստակ բարբաջում, որ ինքն ընդհանրապես կապ չունի կատարվածի հետ ու լիովին մեղավոր է միմիայն դիմացինը: Աշխարհը չի արձագանքում սրան, քանզի Արեւմուտքը եւս ներքուստ համոզված է, որ այս ամենը լոկ Ուկրաինայի տեռորիստական ձեռագիրն է: Փաստորեն, աշխարհի աչքի առջեւ լրիվ անիմաստ զոհվում են բացարձակ անմեղ խաղաղ բնակիչներ եւ աշխարհը փոխանակ պահանջելու հիմնավոր ապացույցներ, թե ում ձեռքի գործն են այդ տեռորիստական ակտերը, ընդամենը լուռ լսում է, թե Ուկրաինան ինչպես է իրեն հարմար դատարկ բառակույտերով մեղադրում Ռուսաստանին, կարծելով, որ դրանով արդարացնում է Ուկրաինայի վայրագ գործողությունները: Փաստացի, ստացվում է, որ առանց հիմնավորումների, Ուկրաինան լոկ դատարկ ու փուչ տեղեկատվությամբ, շուտասելուկի նման լցնում է տեղեկատվական դաշտը եւ ոչինչ ավելին:
Այս դաժան պատերազմն աշխարհը խառնել է իրար, առ այսօր հաշտության եզրերի մասին խոսք անգամ լինել չի կարող եւ բնավ չի հասկացվում, թե այս վիճակը մինչեւ ուր կտանի աշխարհը: Փաստացի, բավականին ժամանակ է, ինչ այս պատերազմը իրականում վերաճել է երրորդ համաշխարհայինի եւ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա հեռու չէ նաեւ՝ միջուկային պատերազմի սկիզբը, որը չնչին աղերս անգամ չի ունենա՝ ոչ նախորդ երկու, ոչ էլ վաղուց արդեն ընթացող երրորդ համաշխարհային պատերազմների հետ, քանզի այսօր միջուկային ու բիոկենսաբանական զենքեր ունեն մի շարք երկրներ, որոնք անկառավարելիության եւ հետդարձի ճանապարհ չտեսնելու պայմաններում, հնարավոր է գործի դնեն հենց դրանք եւ լրիվ կործանեն աշխարհը…
Կարդացեք նաև
Չեմ ուզում գուշակի դեր ստանձնել եւ ներկայացնել, թե պատերազմող կողմերից ով առաջինը միջուկային զենք կօգտագործի, սակայն մի բան է ակնհայտ, որ նման շարունակությունը հաստատ կբերի աշխարհի վերջին: Ցավոք, սա իրականությանը մոտիկ է այնքանով, որ Ուկրաինայի կողմից մի շարք անգամներ արդեն օգտագործվել է միջուկային տարրեր պարունակող խառնուրդային զենքեր, որին՝ ի ուրախություն մարդկության, Ռուսաստանը դեռեւս նույն կերպ չի պատասխանել: Սակայն ամեն ինչ իր սահմանն ունի եւ եթե Արեւմուտքը սա հստակ չգիտակցի եւ շարունակի նույն կերպ, ապա Ռուսաստանի համբերությունը մի օր կհատի ու նա եւս կարող է նույն կերպ պատասխանել եւ երկուստեք կանգառ չանելու դեպքում, այն կվերաճի լուրջ միջուկային պատերազմի:
Այդ դեպքում, նրանք չեն հասցնի անգամ արդարացումներ փնտրել …
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
14.09.2023