Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի կողմնակալություն կամ վատ վերաբերմունք չեմ զգացել իմ նկատմամբ»

Սեպտեմբեր 15,2023 12:30

Հարցազրույց դաշնակահար Դմիտրի Մասլեեւի հետ

– Դմիտրի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ձեր եւ հայազգի դիրիժոր Վալենտին Ուրյուպինի մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 15-ին մեկնարկում է իր հոբելյանական՝ 15-րդ Դասական երաժշտության միջազգային փառատոնը։ Դիրիժորին մեր հանդիսատեսը ծանոթ է, իսկ դուք առաջին անգամ եք ներկայանալու, մինչդեռ այս ամռանը Երեւանում անցկացրել եք վարպետության դասեր եւ տեղեկացված ենք, որ դրանք շարունակելու եք համերգից հետո։

Արեւմտյան մամուլը, այդ թվում՝ France Musigue-ը, գովեստի խոսքեր չի խնայել ձեր արվեստը գնահատելու առումով։ Հենց ֆրանսիացիները իրենց ազգային նվագախմբի հետ Չայկովսկու կոնցերտի կատարումից հետո որակել են ձեզ «սքանչելի մենակատար»։ Ընդ որում, դա 2015-ին էր, երբ հաղթող ճանաչվեցիք Չայկովսկու անվան միջազգային մրցույթում, ինչն էլ սկիզբ հանդիսացավ Մասլեեւ դաշնակահարի միջազգային կարիերայի։ Հետո արդեն Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներ, Եվրոպա, Ճապոնիա եւ այլն, բնականաբար՝ անվանի դիրիժորների ղեկավարությամբ եւ հեղինակավոր համերգասրահներում։ Հիմա հասկանալի պատճառներով սակավացել են ձեր արեւմտյան հյուրախաղերը եւ հետաքրքիր է՝ եթե այնուամենայնիվ մեկնում եք, փոխվե՞լ է հանդիսատեսի վերաբերմունքը ձեր՝ ռուս դաշնակահարի հանդեպ։

– Երաժշտության լեզուն համամարդկային է եւ մենք՝ երաժիշտներս, բեմից խոսում ենք հումանիզմի, վառ գաղափարների մասին։ Կարծում եմ, որ երաժշտությունը պետք է քաղաքականությունից զերծ լինի։ Վերջերս մենահամերգով Շվեյցարիայում էի եւ ոչ մի կողմնակալություն կամ վատ վերաբերմունք չեմ զգացել իմ նկատմամբ։ Այո, մի քանի համերգների չեղարկումներ եղել են, բայց ես շատ շնորհակալ եմ այն կազմակերպիչներին, ովքեր, չնայած ստեղծված  քաղաքական իրավիճակին, այնուամենայնիվ, համերգներ են կազմակերպում։ Օրինակ՝ մարտի սկզբներին ելույթ ունեցա եվրոպական ամենահայտնի դահլիճներից մեկում՝ Հունգարիայի Musikverein-ի ոսկե դահլիճում, համերգային շրջագայության մեկնեցի Հարավային Ամերիկայի երկրներ եւ այլն, ընդ որում՝ հնչեցնելով նաեւ ռուս կոմպոզիտորների՝ Ռախմանինովի, Շոստակովիչի եւ մյուսների ստեղծագործություններից։

Այո, ամռանը վարպետության  դասեր եմ անցկացրել Երեւանում ու հիացած եմ ձեր պատանի դաշնակահարներով։

– Հատաքրքիր է՝ ընտանիքն ինչպե՞ս է վերաբերվում ձեր մշտական հյուրախաղային ճամփորդություններին։

– Հուսով եմ՝ լավ, թեեւ դրանք դժվար են եւ իմ, եւ ընտանիքիս համար։ Երբ հյուրախաղերից տուն եմ վերադառնում, ազատ ժամանակս՝ եթե ունենում եմ (ժպտում է- Ս. Դ.), անցկացնում եմ բացառապես ընտանիքիս հետ։ Ավելին՝ երբ հյուրախաղերի ընթացքում «պատուհաններ» եմ ունենում, ասենք՝ մեկ-երկու օր, վերադառնում եմ տուն։

– Եվ քանի որ ձեր կինը նույնպես երաժիշտ է՝ դաշնակահարուհի, բնական է, որ նա ըմբռնումով կմոտենա ամուսնու հաճախակի բացակայություններին։ Երբեւէ միասին մեկնե՞լ եք հյուրախաղի։

– Դեռեւս ոչ, թեեւ այդ մասին մտածում ենք։ Բայց այստեղ էլ որդուս հարցն է. նա ընդամենը 8 ամսական է։

– Հավանաբար ամուսիններով ուրվագծել եք ձեր որդու ապագան՝ դաշնակահար։

– Շատ հավանական է, բայց կարող եմ ասել, որ որդուս երաժշտական կրթությունը միտված չի լինի պարտադիր պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալուն։ Իսկ հանրակրթությանը զուգահեռ հավելյալ ցանկացած կրթություն, այդ թվում՝ մշակութային, նույնիսկ անհրաժեշտ է ու նպաստավոր անհատի զարգացման համար։ Իսկ թե ինչ մասնագիտություն կընտրի, ով կդառնա՝ երբ մեծանա, դա արդեն իր ճակատագիրն է, իր ընտրությունը։

– Շատ ծնողներ բառացիորեն ստիպում են իրենց երեխաներին հաճախել երաժշտական դպրոց…

– Երեխաներին պարտադրել հնարավոր է մինչեւ որոշակի ժամանակ, տարիք, բայց պատահում է, որ ինչ-ինչ պատճառներով ակնհայտ տաղանդավոր երեխան չի ցանկանում հաճախել երաժշտական դպրոց։ Նման դեպքերում նույնիսկ պետք է, որ ծնողը պարտադրի։

– Ձեզ ստիպե՞լ են։

– Չէ, չեմ հիշում, որ ծնողներս ինձ ստիպեին։ Իմ բախտը բերել է, նրանք մշտապես աջակցել են ինձ։ Բախտս բերել է նաեւ ուսուցիչներիս առումով։ Ծնողներս հավանաբար նկատել էին, որ  երաժշտություն շատ եմ սիրում եւ դա պատճառ դարձավ, որ ինձ աջակցեն։ Ընդ որում՝ նրանք երաժիշտներ չեն։

– Մեզ հետ զրույցներում նույնիսկ համբավավոր երաժիշտները կարծիք են հայտնել, թե ցանկացած երաժիշտ պետք է ապրի առանձնատանը, ոչ թե բազմաբնակարան շենքում։

– Դա մեծ խնդիր է ոչ միայն դաշնակահարներիս, այլ բոլոր երաժիշտների համար։ Տանը ես ունեմ Steinway դաշնամուր, բայց քանի որ ապրում եմ բազմաբնակարան շենքում, հասկանալի է, որ լիարժեք չեմ կարող պարապել։ Ելքը վաղուց գտել եմ. ականջակալներով եմ պարապում, իմ գործիքը դրա հնարավորությունը տալիս է։

– Արդեն մեկ փորձ անցկացրել եք մեր ֆիլհարմոնիկի հետ, գիտենք, որ հանդես եք եկել  Վիեննայի, Ֆրանսիայի, Մոսկվայի, Նյու Յորքի  եւ այլ նվագախմբերի հետ…

– Հայաստանի ֆիլհարմոնիկը հիանալի նվագախումբ է. սա չընդունեք որպես հաճոյախոսություն։ Ես էլ գիտեմ, որ ձեր նվագախմբի հետ հանդես են եկել ոչ միայն անվանի, այլեւ համաշխարհային դեմքեր։

– Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ձեզ մաղթում ենք հաջող բեմել։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930