Սեպտեմբերի 12-ին «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերությունը ստացել է ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերի քննության գլխավոր վարչությունից մի նամակ:
Նամակը թվագրված է օգոստոսի 31, ծրարի վրա կա երկու կնիք՝ թվագրված սեպտեմբերի 4 եւ սեպտեմբերի 5:
Ծրարն ուղղված է «Aravot DAILY» լրատվական «կայքի» տնօրինությանը:
Բացենք նամակը:
Կարդացեք նաև
Այն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Խոշտանգումների եւ պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Աշոտ Մխիթարյանի կողմից:
Նամակը վերնագրված է «Տեղեկատվության պահանջ»:
Քննիչը գրել է.
«…վարչությունում քննվող թիվ 69123322 քրեական վարույթով համակողմանի նախաքննության իրականացման անհրաժեշտությունից ելնելով եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության…հոդվածով, խնդրում եմ 5-օրյա ժամկետում, առկայության դեպքում, տրամադրել «Aravot DAILY» լրատվական կայքում հրապարակված «Էդգար Ղազարյանի պահանջն ընդդիմադիրներից» (հղումը յութուբյան էր) տեսանյութը»: Բանն այն է, որ նման անվանումով կայք չկա…
Ակամայից հիշեցի, երբ տարիներ առաջ թերթի խմբագրություն էր եկել մեկը, խնդրում էր վազող տողով իր մի հայտարարությունը տպել: Հիմա ավագ քննիչը խնդրում է տեսանյութ… ոչ ավել, ոչ պակաս՝ յութուբյանը, որը կարող էր հենց ինքը ունենալ, մտնելով յութուբ, ելնելով «նախաքննության շահերից»…
ՔԿ ավագ քննիչից կխնդրեինք հստակեցնել, ո՞ր լրատվական միջոցին է ուղղված իր պահանջը, եթե «Առավոտ» օրաթերթին, ապա օրաթերթը տեսանյութ չէր կարող «տպագրել», «Aravot.am» կայքի՞ն, ապա բարի եղեք նշել, երբ, ում կողմից է հեղինակվել սույնը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.09.2023