Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը դարձյալ փրկեց Փաշինյանին

Սեպտեմբեր 15,2023 12:00

Ըստ ՌԴ նախագահի` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են մեղավոր 2020թ. պատերազմի բռնկման համար

2020թ. նոյեմբերի 17-ին, եռակողմ հայտարարության ստորագրումից 1 շաբաթ անց, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24»-ով Պավել Զարուբինի` «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանն անկյունաքարային հարցազրույց էր տվել, որի թեզերն այսօր շատերն, ըստ երեւույթին, մոռացել են:

Ռուսաստանի նախագահը նախ պատմական ակնարկ արեց ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառներին, նշելով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսել է դեռեւս 1988-ից` Սումգայիթում հայերի ջարդերով. «Ես չեմ ուզում ոչ մեկի կողմը բռնել, բայց պետությունը պետք է պաշտպաներ խաղաղ բնակչությանը։ Դա չի եղել, եւ հայերը ստիպված զենք են վերցրել, որ իրենց պաշտպանեն»։

Ապա նա շեշտեց, որ ԼՂ համաձայնությամբ հասել են ամենակարեւոր քայլին` արյունահեղության դադարեցմանը. «Ամենակարեւորն այն է, որ մենք կարողացանք դադարեցնել արյունահեղությունը: Այս պատերազմում ավելի քան 4 հազար մարդ զոհվեց միայն պաշտոնական տվյալների համաձայն։ Կարծում եմ` իրական թիվն ավելի մեծ է: Լեռնային Ղարաբաղին ժամանակ է պետք, որպեսզի խաղաղ կյանքը վերադառնա, վերքերը դեռ չեն ապաքինվել»:

Ուշագրավ էր, որ եռակողմ հայտարարության ստորագրումից ընդամենը մեկ շաբաթ անց Պուտինն արդեն հետին թվով Հայաստանին մեղադրեց Լեռնային Ղարաբաղը ճանաչելու վճռականություն չունենալու մեջ: Լեռնային Ղարաբաղը տարիներ շարունակ հարվածի տակ է եղել, եւ աշխարհում ոչ մի երկրի, այդ թվում Հայաստանի կողմից չճանաչվելը միայն նպաստել է դրան, ասաց նա, շարունակելով. «Եկեք ուղիղ խոսենք` տարիներ առաջ, երբ Վրաստանի նախկին հանցավոր իշխանության կողմից հարվածներ հասցվեցին ռուս խաղաղապահներին Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում, Ռուսաստանը ճանաչեց այդ երկրների անկախությունը։ Մենք նաեւ ընդունել ենք Ղրիմի բնակչության ինքնորոշումը եւ ՌԴ-ին միանալու ցանկությունը։ Այդ քայլերով մենք պաշտպանել ենք տեղի բնակչությանը։ Մենք չենք ամաչում դրա մասին խոսել, չենք մտածել` ով ինչ կասի։ Ղարաբաղի դեպքում նման քայլեր չեն արվել, ինչը խորացրել է այնտեղ կատարվող իրադարձությունները»։ Ավելին, ըստ ՌԴ նախագահի` ԼՂ-ի ճանաչումը Հայաստանի եւ այլ երկրների կողմից կարող էր զսպող հանգամանք լինել եւ պաշտպանել տեղի բնակչությանը։

Հայկական կողմի համար հաջորդ խիստ կարեւոր դրվագը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Այս հարցազրույցում Պուտինը հստակ ընդգծեց, որ Արցախի կարգավիճակի հարցը մնում է օդում կախված:

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի պարզվել, Մոսկվան այդ հարցում պահպանելու է ստատուս-քվոն եւ նա ընդգծեց, որ այդ մասին պայմանավորվել են փաստաթղթի ստորագրման բանակցությունների ընթացքում։ Այնուհետեւ, նա ակնարկեց, որ ԼՂ-ում երկարաժամկետ կարգավորման պայմաններ են ստեղծվել, ապա հավելեց. «Եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ նորմալ հարաբերություններ լինեն, հնարավոր կլինի լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:

Պուտինն, ըստ էության, նոյեմբերի 9-ի փաստաթղթով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետագա հստակեցման հարցն, այսպես ասած` թողել էր անորոշ: Պուտինի հարցազրույցի նշյալ դրվագից պաշտոնական Երեւանը կարող էր եւ պետք է կառչեր ու հասներ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների կազմակերպմանը` հենց Մոսկվայի հովանու ներքո, անկախ նրանից, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերն առաջին իսկ օրվանից չէին կիրառվում:

2020թ. նոյեմբերի 17-ի Պուտինի հարցազրույցի մյուս կարեւոր արձանագրումն այսօր շատերը չեն հիշում, այն վերաբերում էր Փաշինյանին ուղղված դավաճանության մեղադրանքին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին դավաճանության մեղադրանքներն անհիմն են. «Ինձ վարչապետն այն ժամանակ ասաց` «ոչ, մենք չենք կարող դրան գնալ, մենք պայքարելու ենք, մենք պատերազմելու ենք»: Այդ պատճառով նրա հասցեին ինչ-որ դավաճանության մեղադրանքներն անհիմն են»:

Եվ, մեկ այլ անկյունաքարային արձանագրում նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի վերաբերյալ: Լրագրողը հարցրեց` ի՞նչ կլինի, եթե Հայաստանում քաղաքական գործընթացների հետեւանքով փոխվի ղեկավարությունը եւ նոր ղեկավարությունը չհամաձայնի իրականացնել ԼՂ-ի հարցով եռակողմ հայտարարության կետերը: «Նման քայլը ինքնասպանություն կլինի Հայաստանի համար: Ես նորից կրկնեմ` վարչապետ Փաշինյանի համար, իհարկե, շատ բարդ է, բայց նա նկարագրել է իրադրության իրական պատկերը», ասաց ՌԴ նախագահը` նկատի ունենալով Փաշինյանի կողմից եռակողմ փաստաթուղթը ստորագրելու իրական պատճառները:

Պուտինին ու Փաշինյանին կապում է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը: Պուտինի համար այդ փաստաթուղթն այնքան կարեւոր էր, որ նա անձամբ հրապարակավ ստանձնեց Փաշինյանի պաշտպանությունը` նրան ուղղված դավաճանության մեղադրանքներից մաքրելով:

Կարող է բավական տարօրինակ հնչել, մանավանդ վերջին շաբաթների հայ-ռուսական հարաբերությունների լարվածության մասին վկայող հրապարակային հայտարարությունների ֆոնին, բայց Պուտինն այսօր էլ դեռ շարունակում է պաշտպանել Փաշինյանին:

Սեպտեմբերի 12-ին Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաեւ արցախյան հիմնախնդրին ու պատմեց, որ երկար տարիներ Մոսկվան առաջարկել է հակամարտության կարգավորման իր տարբերակները։ Պուտինի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները երկար տարիներ չեն համաձայնել պահել Քելբաջարի ու Լաչինի շրջաններն ու Ղարաբաղը, իսկ մնացած տարածքները հանձնել Ադրբեջանին։ «Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ պայմանավորվել այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, փաստացի մնան Հայաստանի իրավազորության տակ։ Եվ ամբողջ Ղարաբաղը։ Բայց հայկական ղեկավարությունը դրա հետ չհամաձայնեց, չնայած մենք շուրջ մեկ տասնամյակ փորձում էինք համոզել նրանց։ 10-15 տարի»,-նշել է Պուտինը։ Նրա խոսքով՝ քննարկվել են տարբեր տարբերակներ, բայց ի վերջո ամեն ինչ հանգեցրել է ներկայիս իրավիճակին։ «Ձեր այն հարցին, թե «ի՞նչ կանեք», մեզ պատասխանում էին՝ կկռվենք։ «Դե, լավ…»,- Հայաստանի իշխանության հետ իր երկխոսությունն այսպես է նկարագրել Պուտինը։ «Ի վերջո, ամեն ինչ եկել է այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»,- հավելել է նա։

Ի՞նչ է ասում Պուտինը… Մինչեւ 2020թ. 44-օրյա պատերազմի բռնկումը Մոսկվան ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի ԼՂ խնդիրը լուծվի: Եթե 2020 թվականից հետ ենք գնում 10-15 տարի, դա 2005-2010 թվականների ժամանակաշրջանն է: 2005-ին Հայաստանում իշխանության ղեկին էր Ռոբերտ Քոչարյանը, իսկ 2010-ին արդեն` Սերժ Սարգսյանը: Պուտինը 10-15 տարի համոզել է Քոչարյանին ու Սարգսյանին, որպեսզի Քելբաջարն ու Լաչինը, ինչպես նաեւ ամբողջ Ղարաբաղը` մնան Հայաստանի իրավազորության տակ, իսկ նրանք չե՞ն համաձայնվել: Ի՞նչ է, նրանք երազել են Արցախը պատերազմով հանձնել Ադրբեջանի՞ն` նման հայամետ առաջարկների գոյության պայմաններում…

Մոսկվան ղարաբաղյան կարգավորման տարբերակներին ամենախորքային ձեւով տիրապետող միջնորդ-պետությունն է, որովհետեւ հենց ռուսական կողմն է տարիներ շարունակ զբաղված եղել կարգավորման տարբերակների մշակմամբ, հետեւաբար, Մոսկվայում գիտեն, որ «ամբողջ Ղարաբաղը Հայաստանի իրավասության տակ պահելու» որեւէ տարբերակ Հայաստանի որեւէ ղեկավարությանը չի ներկայացվել` 1994-ից ի վեր: Նման առաջարկ երբեք չի եղել: Այդ մասին գիտեն թե՛ Վլադիմիր Պուտինը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը:

Հետեւաբար, ինչո՞ւ է Պուտինը նման կեղծ թեզ առաջ քաշում` Մոսկվային հետին թվով փորձում ներկայացնել որպես հայկական կողմի համար բարենպաստ պլաններ մշակող միջնորդ, որի առաջարկները մերժել է ոչ թե Բաքուն, այլ, պարզվում է` Հայաստանը:

Իր այս կեղծ պնդումով, որքան էլ զարմանալի հնչի, Պուտինը դարձյալ փրկում է Փաշինյանին` «նախկինների» վրա բարդելով մեղավորության մի մեծ բեռ: Ի դեպ, մեր «նախկիններն» այնքան են տարված Պուտինի քաղաքականության անսխալականության քարոզով, որ հավանաբար, դեռ չեն հասցրել վերլուծել Պուտինի կողմից իրենց ուղղված աբսուրդ մեղադրանքները:

Սեպտեմբերի 12-ին Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի շրջանակներում Պուտինի կողմից մեկ կարեւոր արձանագրում էլ հնչեց: Պատասխանելով հայտարարություններին, թե Մոսկվան ու ՀԱՊԿ-ն չեն օգնել Երեւանին, իսկ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է, Պուտինը նշեց. «Եթե Հայաստանը ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ապա վերջ: Ինչի մասին է խոսքը։ Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը։ Դա է ամբողջ խնդիրը»,- նշեց Պուտինը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը փաստացի ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին. «Խնդիրը միայն վերջին հակամարտության արդյունքների մեջ չէ, այլ նաեւ այն է, որ հայկական ղեկավարությունն, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Եվ Պրահայի իր հայտարարության մեջ դա ուղղակի թղթի վրա է ֆիքսել»։ Պուտինը հավելել է. «Հիմա նախագահ Ալիեւն ինձ ասում է՝ դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլեւս դրված չէ սեղանին, այն լուծված է։ Եվ դա հրապարակավ հայտարարեց Հայաստանի ղեկավարությունը` հաշվելով մինչեւ 1991-ը ադրբեջանական ԽՍՀ-ի ողջ տարածքը եւ նշելով այն թիվը, որի մեջ մտնում է նաեւ բուն Ղարաբաղի տարածքը։ Սա մեր որոշումը չէ, այլ Հայաստանի ղեկավարությանը… Եթե այդպես է, ասում են մեզ, ապա բոլոր հարցերը, եթե ուզում եք ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում, պետք է մեզ հետ լուծվեն երկկողմանի հիմունքներով։ Դե, ինչ կարող ենք ասել այստեղ։ Այստեղ ասելու բան չկա, եթե Հայաստանն ինքը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ապա մենք ի՞նչ պետք է անենք»,- ասել է Պուտինը։

Անդրադառնալով Ղարաբաղում հայերի էթնիկ զտման խնդրին, Պուտինը հավելել է, որ խնդիրը լուծված չէ. «Ռուս խաղաղապահների մանդատը դեռ գործում է։ Իսկ հումանիտար բնույթի հարցերը, այնտեղ ինչ-որ էթնիկ զտումներ թույլ չտալը, իհարկե, ոչ մի տեղ չեն անհետացել։ Ես լիովին համաձայն եմ դրա հետ: Հուսով եմ, որ ադրբեջանական ղեկավարությունը, ինչպես եւ մեզ ասել են եւ մինչ օրս էլ ասում են, շահագրգռված չէ որեւէ էթնիկ զտմամբ։ Ավելին, ընդհակառակը, շահագրգռված է, որ այդ գործընթացը «մեղմ» տեղի կունենա»: Ռուսաստանի նախագահը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ ի նկատի ունի` «մեղմ» ասելով։

Այսպես, ըստ Պուտինի` Ղարաբաղի կարգավիճակը որոշել է Հայաստանը` ճանաչելով Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց հիմա ցանկացած տեսակի էթնիկ զտումներ կանխելու հարցը չի վերացել:

Պուտինն այս դեպքում էլ անկեղծ չէ: Նույնիսկ Հայաստանի կողմից ճանաչումը հիմք չէ` հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելն ու այնտեղ բացահայտ էթնիկ զտման քաղաքականություն վարելը: Այսօրվա իրադրության համատեքստում Արցախը կարող է եւ պետք է բարձրացնի ինքնորոշման հարց` վկայակոչելով Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակը, որի ականատեսն են ռուս խաղաղապահները, եւ ինչպես ասում են` առաջին ձեռքից տիրապետում են տեղեկատվության, թե ինչ է տեղի ունենում Արցախում, եւ ամենակարեւորը` ինչպես:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930