Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր էսկալացիայի վտանգը իսկապես բավականին մեծ է»

Սեպտեմբեր 15,2023 14:00

«Առավոտի» զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն

– Պարոն Վասաձե, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանում՝ հումանիտար աղետ, ծանր ռազմաքաղաքական իրավիճակ։ Չե՞ք կարծում, որ Ադրբեջանը չի բացի Լաչինի միջանցքը եւ չի կատարի Հաագայի դատարանի որոշումը, քանի դեռ նրա նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել։

– Եկեք լինենք իրատես։ Այսօր չկան երկրներ, որոնք կարող են ճնշում գործադրել եւ առավել եւս Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել Ղարաբաղի թեմայով։ Քանի դեռ Ադրբեջանը գործում է իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում, շատ փոքր են շանսերը, որ նրա նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն։ Բայց եթե անգամ տեսականորեն ենթադրենք, որ ինչ-որ մեկը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ է կիրառում, դժվար է պատկերացնել, որ դրանք ինչ-որ կերպ կազդեն Ղարաբաղի ողջ տարածքում իր ինքնիշխանության հաստատման՝ Բաքվի ծրագրերի վրա։ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին խոսակցություններն ավելի շատ ԶԼՄ-ների եւ խորը մտահոգիչ հայտարարությունների համար են: Ոչ ավելին:

– Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ղարաբաղյան հակամարտությունն ի՞նչ ազդեցություն ունեն Վրաստանի վրա։ Ինչպե՞ս կարող է Վրաստանն ազդել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա։

– Վրաստանի վրա ազդում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող շարունակական պատերազմը։ Այն, որ այժմ պատերազմը թեժ փուլում չէ, դեռ չի նշանակում, որ պատերազմը չի շարունակվում այլ ճակատներում՝ դիվանագիտական, տեղեկատվական եւ այլն։ Իսկ Ադրբեջանի վրա Վրաստանն ազդեցություն ունենալ չի կարող։

– Ձեր կարծիքով՝ ռուս-թուրքական հարաբերություններն ի՞նչ ազդեցություն ունեն Հարավային Կովկասում անվտանգության վրա։

– Այս պահին ռուս-թուրքական հարաբերությունները տարածաշրջանում որոշիչ դերակատարություն ունեն, քանի որ այս երկու երկրները միակն են, որ հողի վրա գոյություն ունեն։ Այստեղ կարող է ավելացվել նաեւ Իրանը, սակայն Իրանն առայժմ միայն ցուցաբերում է տարածաշրջան մուտք գործելու փորձեր։ Հասկանալի է՝ քանի որ Ռուսաստանը թուլանում է, եւ այդ գործընթացն անխուսափելի է եւ արդեն ընթանում է, Թուրքիան կփորձի աշխարհաքաղաքական դատարկությունը գրավել տարածաշրջանում։ Ինչպե՞ս դա տեղի կունենա՝ պայմանավորվածություններո՞վ, թե՞ առճակատմամբ. կարծում եմ՝ երկուսն էլ կլինեն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը հատվում են ոչ միայն մեր տարածաշրջանում՝ կողմերը կփորձեն համաձայնության գալ։

– Հայ-ադրբեջանական սահմանի, Արցախի շփման գծի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումներ են։ Ադրբեջանցի օգտատերերը համացանցում մի քանի օր է՝ տարածում են ադրբեջանական զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժի, ինչպես նաեւ ռազմական մոբիլիզացիայի կադրեր։ Բաքուն պատրաստվում է նոր պատերազմի՞, թե՞ մկաններ է ցուցադրում։

– Նոր էսկալացիայի վտանգը իսկապես բավականին մեծ է։ Բայց պետք է հիշել՝ իզուր չէ, որ ասում են՝ «պատերազմը թագավորների վերջին փաստարկն է»։ Սա բոլոր տարբերակներից իսկապես ամենածայրահեղն է եւ հեռու լավագույնից։ Ուստի, քանի դեռ համաձայնության հասնելու տարբերակներ կան, դժվար թե 2020 թվականի մակարդակով ակտիվ ռազմական գործողություններ սկսվեն։ Ուրիշ բան, որ մենք չգիտենք ներքին իրավիճակն ու պայմանավորվածությունները, քանի որ այս հակամարտությանը մասնակցում են ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը։

– Ձեր կարծիքով՝ փոխվե՞լ է Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Ինչի՞ մասին են վկայում վերջին իրադարձությունները, մասնավորապես, ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքից ռուս խաղաղապահների ներկայությամբ հայերի առեւանգումը։

– Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ փոխվել է՝ միանգամայն օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, եւ այդ հանգամանքը ուկրաինական պատերազմն է։ Ռուսաստանն ավելի ու ավելի քիչ ռեսուրսներ ունի տարածաշրջանում որոշիչ ուժ մնալու համար, եւ Մոսկվան գնալով ստիպված է հաշվի առնել այլ խաղացողների շահերը։ Սա օբյեկտիվ իրականություն է։

– Ինչպե՞ս եք տեսնում Հարավային Կովկասի ապագան։

– Հարավային Կովկասն, անկասկած, ունի մեծ անցյալ եւ մեծ ապագա։ Խնդիրն այն է, թե ինչպիսի ներկա ունենք։ Եվ այստեղ ամեն ինչ թթու է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930