Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան․ «Կառավարության ղեկավարը քարոզարշավի ընթացքում իր խոսքերով եւ գործողություններով արդեն իսկ ընտրական օրենսգրքի խախտումներ է իրականացրել»

Սեպտեմբեր 14,2023 23:10

Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, որը Երեւանի ավագանու ընտրություններում աջակցում է «Մայր Հայաստան» դաշինքին,  «Հայելի» ակումբի ուղիղ եթերում կոչ արեց երեւանցիներին՝ իրենց աջակցությունը հայտնել Արցախը չհանձնելու, Հայաստանը պահելու եւ Հայաստանը հայի հայրենիք պահպանելու քաղաքականությանը, որը առաջ է մղում «Մայր Հայաստան» դաշինքը, որը միակ ճանապարհն այս պարագայում տեսնում է իշխանափոխության միջոցով՝ հաշվի առնելով ազգադավ իշխանությունների թե արտաքին, թե ներքին քաղաքականությունը անցած չորս-հինգ տարիների ընթացքում։

Խոսելով քարոզարշավի ընթացքից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրված խախտումների, պետական լծակներն օգտագործելու  եւ Նիկոլ Փաշինյանի՝ դրանց արձագանքելու մասին, տիկին Աղաջանյանն ասաց․ «Զարմանալի չէ, որ այս իշխանությունը փորձ է անում վարչական ողջ լծակն օգտագործել վերընտրվելու հնարավորություն ընձեռելու համար։ Ինչ վերաբերում է գործող կառավարության ղեկավարին, նա իր իսկ խոսքերով եւ գործողություններով արդեն ընտրական օրենսգրքի խախտումներ է իրականացրել։ Հեռու չգնանք։  Երկու օր առաջ հարցազրույցը, որ նա տվեց Հ1-ի եթերում որպես վարչապետ, եւ որի կեսը ամբողջովին նվիրված էր քարոզարշավին, վարչական խախտում է համարվում ընտրական օրենսգրքի տեսանկյունից։ Էլ չեմ ասում, որ իրենց կուսակցության ներկայացուցիչը, որը քարոզարշավի մեջ լինելով՝ մասնակցում է Երեւան լճի վրա արեւային կայանի բացման արարողությանը, նույնպես թույլատրելի չէ, քանի որ նա արձակուրդում է  եւ ի պաշտոնե իրավունք չուներ այնտեղ գտնվելու եւ իրեն վերագրելու այն գործողությունները, որն իրականացվում է մեր իսկ հարկերի, տուրքերի միջոցով քաղաքապետարանի գործողությունների արդյունքում։ Եվ այդպիսի խախտումները բազմաթիվ են։

Երկու օր առաջ «Մայր Հայաստան» դաշինքը մամուլի ասուլիս տվեց՝ ներկայացնելով ՔՊ-ի խախտումների շարքը, որն այս պահի դրությամբ մենք գրանցել ենք։ Ինչպես գիտեք, կան բազմաթիվ դիտորդներ, որոնք նույնպես բարձրաձայնում են, իրենց սիրելի բառն օգտագործեմ, աննախադեպ խախտումների մասին, քանի որ նրանք ոչ միայն վեր են հանել արդեն վաղուց մոռացված խախտումները, այլեւ դրանք ակտիվորեն շրջանառության մեջ են դրել ու փորձ են անում հանրությանը դրանով ստիպելու թե պարտադրանքի, թե վախեցնելու՝ աշխատանքից հեռացնելու միջոցով, ստիպելու, որ գնան եւ քվեարկեն իրենց կուսակցության օգտին»։

Հարցին, թե ինչու չի կարելի ընտրել այսօրվա իշխանությանը, Ձյունիկ Աղաջանյանը պատասխանեց․ «Մի պարզ ճշմարտություն գոյություն ունի եւ անցած երկու տարիների փորձն է ցույց տալիս՝ հենվելով 2021 թվականի ընտրությունների արդյունքների վրա։ Նրանք ծրագրային բոլորովին տարբեր դրույթներ էին ներկայացրել, իսկ իշխանության գալով՝ փորձում են ներկայացնել, որ իրենք մանդատ ունեն 180 աստիճան հակառակն իրականացնելու համար։ Եվ այս պարագայում եթե նրանք այնքան ձայներ ստանան, որը հնարավորություն տա քաղաքային իշխանություն ձեւավորել, ապա այս իշխանությունը միանշանակ դա   ներկայացնելու է որպես հանրության կողմից իրեն տված քվե եւ ընդամենը շաբաթների ընթացքում մենք կտեսնենք թե Արցախի լրիվ հանձնում, հայաթափում, թե այսպես կոչված խաղաղության պայմանագիր, որը պարտություն է բերում մեր երկրին»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930