Շինարար Արթուր Չախոյանը «Փակ շուկայի» գետնանցումի բարեկարգման աշխատանքներում մի շարք խախտումներ է արձանագրել ու դրանք հաստատում է իր ձեռքի տակ գտնվող գետնանցումի բարեկարգման ավարտական ակտով: Ըստ այդ ակտի՝ աստիճանավանդակների հենապատերը պետք է լինեին տրավերտինե սալերով, բայց Չախոյանը պնդում է, որ դրանք բազալտից են:
«Երեւանի քաղաքապետարանը շինարարին վճարել է տրավերտինի գումար, որը կազմում է 678 720 դրամ, բայց տրավերտին չկա, սա լկտի սո՞ւտ է»,-նկատում է Չախոյանը: Տրավերտինե սալիկներ կային միայն գետնանցումի ներսի պատերին, որը, ըստ Չախոյանի, 100 քմ է կազմում:
Հիշեցնենք, որ Փակ շուկայի գետնանցման շինարարական աշխատանքները սկսել էին 2022-ի սեպտեմբերի 2-ին: Քաղաքապետարանի բյուջեից մոտ 60 մլն դրամ էր հատկացվել 366 ք. մ տարածքով անցումը նորոգելու համար: Նորոգման աշխատանքներն ավարտվել են այս տարեսկզբին:
Ըստ Չախոյանի ձեռքի տակ հայտնված ավարտական ակտի՝ անցումի պատերին եւ սյուներին տրավերտինե սալիկներով երեսապատված վերջնամասում թասակների տեղադրում է նախատեսված եղել, որի համար քաղաքապետարանը մեկ գծամետրի համար տրամադրել է 38. 000 դրամ, ընդհանուր գումարը 2 միլիոն 793.000 դրամ:
Կարդացեք նաև
«Այս կետի ամենացավոտ խախտումն այն է, որ տենդերի ժամանակ, երբ շինարարը մասնակցել է, այս աշխատանքը ընդգրկված չի եղել: Եթե տենդերում չի եղել, հաղթող կազմակերպությունն էլ այդ աշխատանքի համար գին չի առաջարկել, հարց է առաջանում, բա 38.000 դրամը ինչից ելնելով է քաղաքապետարանը տրամադրել, սա օրենքի խախտում է, ուռճացված թիվ »,- նկատեց Չախոյանը:
Այլ խախտումների մասին մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ