Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն չի հանդուրժի էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ. Յուրի Կիմ. «Ազատություն» ռ/կ

Սեպտեմբեր 14,2023 21:40

«Ազատություն» ռ/կ. Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։

«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական արգելափակմամբ և այն հետևանքներով, որ այդ արգելափակումը ունենում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։ Այս հարցում ստատուս քվոն մեզ համար բացարձակ անընդունելի է, և մենք չեն դադարեցնի մեր աշխատանքը, մինչև լուծում չունենանք», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։

Յուրի Քիմը շեշտել է՝ Նահանգները մշտապես պնդել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի հումանիտար և մասնավոր փոխադրումների համար՝ հավելելով, որ այդ ուղերձը հասցրել են Ադրբեջանի կառավարությանը և՛ հրապարակային հայտարարություններում, և՛ մասնավոր զրույցներում բազմաթիվ առիթներով։

«Պետքարտուղարը, Հարավային Կովյասկի գծով նրա ավագ խորհրդականը, ես ու մի շարք այլ գործընկերներ անմիջականորեն ներգրավված ենք, որպեսզի առաջ մղենք Լաչինի միջանցքի ու այլ ճանապարհների միաժամանակ բացումը։ Նախագահ Ալիևը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հրապարակավ հայտնել են, որ համաձայն են այս պայմանավորվածությանը։ Այդ պայմանավորվածությունը այլևս չպետք է հետաձգվի», – ասել է նա։

Պաշտոնյան հայտարարել է նաև՝ բոլոր բանակցությունների ընթացքում մշտապես ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանվեն, և որ սա ցանկացած կայուն ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առանցքային բաղադրիչ է։

«Ադրբեջանը պետք է միջազգայնորեն հաստատված երաշխիքներ տրամադրի, որ հարգում է նրանց իրավունքները, և որ նրանք կարող են ապրել իրենց տներում առանց վախի։ Ուզում եմ հստակ մի բան հայտարարել՝ Միացյալ Նահանգները չի հանդուրժի որևէ գործողություն, լինի դա կարճաժամկետ, թե երկարաժամկետ, որ էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ իրականացվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ», – ընդգծել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930