Այսօր, Շառլ Ազնավուրի հրապարակում, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքին, դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը չէր մասնակցում: Հանրահավաքի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ տիկին Փոստանջյանը սահմանագիծ է մեկնել՝ դիտարկումներ անցկացնելու համար:
Մինչ հանրահավաքի մեկնարկը, Զարուհի Փոստանջյանը եւ դաշինքի ցուցակում ընդգրկված Նաիրա Մելիքյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը, նկար եւ տեսանյութ էին հրապարակել Վայոց Ձորի մարզից:
Բանն այն է, որ երեկվանից Զարուհի Փոստանջյանը հայտնվել է ՀՀԿ-ականների եւ երրորդ նախագահի աջակիցների քննադատության թիրախում, այն բանի համար, որ Պռոշյան փողոցից՝ կառավարական առանձնատների հարակից տարածքից իր ուղիղ եթերում, տարակուսանք է հայտնում այն մասին, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա լուսահոգի կինը, 2018 թվականի հեղափոխությունից հետո, 6 ամիս կողք-կողքի ապրել են Նիկոլ Փաշինյանի եւ նրա կնոջ հետ՝ կառավարական առանձնատներում:
Անդրադառնալով այդ միջադեպին՝ այն համատեքստում, որ ինքն անընդհատ հայտարարում է, որ ընդդիմադիր դաշտում միմյանց նկատմամբ պետք է հանդուրժող լինեն՝ քննադատության թիրախ ընտրելով իշխանությանը եւ Նիկոլ Փաշինյանին, Անդրանիկ Թեւանյանն ասաց. «Ես սխալ եմ համարում ընդդիմադիր դաշտում նման ձեւակերպումն, առավել եվս, երբ ընտանիքի անդամներին է անդրադարձ լինում, ես դա դրական չեմ գնահատում: Նման բան պետք է չարվեր»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Հանրահավաքին հաջորդեց դաշինքի անդամների երթը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ