«Մենք մեր ընկերներին մենակ չենք թողնելու եւ անբարոյական են բոլոր նրանք, ովքեր ասում են՝ եկեք անտեսենք մեր արցախցի հայրենակիցներին: Մենք դրա հակառակը կանենք եւ բարձր ծափահարություններով»,- այսօր, Շառլ Ազնավուրի հրապարակում, «Մայր Հայաստան» դաշինքի ամփոփիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ, իր ելույթն այսպես սկսեց դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Անդրանիկ Թեւանյանը:
Հավաքվածները սկսեցին վանկարկել՝ Արցա՜խ, Արցա՜խ եւ ծափեր հնչեցին:
Բանախոսի հավաստմամբ, այս ընտրությունները կարեւոր եւ ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար. «Ընտրությունը մեծ չէ, ընտրությունը պատերազմի ու խաղաղության մեջ է: Այս իշխանության մնալու պարագայում պատերազմը եւ պարտությունն անխուսափելի են լինելու: Սրանք այնքան անբարոյական են, որ մեր երիտասարդներին տարան հանձնեցին Եռաբլուր, այսօր էլ կալանավորում են նրանց ծնողներին»:
Ծափեր հնչեցին նաեւ ի աջակցություն Գարիկ Գալեյանի, ով կալանավորվեց օրերս՝ թմրամիջոցներ պահելու մեղադրանքով: Անդրանիկ Թեւանյանն էլ վստահեցրեց՝ ձերբակալություններով ոչ ոքի բերանը չի փակվելու: Նա հայտարարեց, որ եթե ամսի 17-ին կայանալիք ընտրություններում ՔՊ-ն հաղթեց եւ Նիկոլ Փաշինյանը շարունակեց մնալ իշխանության, ապա հաշված ժամերի ընթացքում Հայաստանը կորցնելու է իր սուբյեկտայնությունը:
Կարդացեք նաև
«Մենք պատրաստ ենք ցանկացած գործողության, ցանկացած սցենարի, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը՝ երեւանցիներին կոչ անելով անպայման մասնակցել ընտրությունների եւ իրենց քվեով, որը իրենց հիմնական զենքը պետք է լինի, կրակել Հայաստանի թուրքամետ իշխանության վրա, այլապես, թշնամին կկրակի իրենց, իրենց երեխաների ու տների վրա:
Երեւանի ընտրություններում հաղթանակի պարագայում, Անդրանիկ Թեւանյանը խոստացավ մինչեւ տարեվերջ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից: Նա վարչական աշխատողներին եւ ուժային կառույցների ծառայողներին կոչ արեց՝ չկատարել իշխանությունների անօրինական հանձնարարությունները եւ չկեղծել ընտրությունները:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ