«Եթե Երեւանն էլ հանձնում ենք, իսկապես թաղում ենք Հայաստանը»,- Շառլ Ազնավուրի հրապարակում, «Մայր Հայաստան» դաշինքի ամփոփիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ, ամերիկաբնակ իր ընկերոջ խոսքը մեջբերեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ հավելելով՝ եզակի դեպք է, որ համայն հայության հայացքն ուղղված է Երեւանի ընտրություններին, քանզի այս ընտրություններով է վճռվելու հայության ճակատագիրը, այս ընտրությունների մեջ հայությունը տեսնում է փրկության հույս:
«Այլեւս պատերազմ չի լինելու, մեզ հաղթել են, մեր բանալիները հանձնված են, մեր դարպասները բաց են»,- ասաց Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով նոր պատերազմի սպառնալիքների մասին ահազանգերին՝ հավելելով, որ «Մայր Հայաստան» դաշինքը փորձեց մեր ժողովրդին ցույց տալ փրկության ճանապարհը՝ իր աշխատանքը փայլուն կատարելով:
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց՝ դաշինքի անդամներին, նախընտրական քարոզարշավի մեկնարկը Եռաբլուրից տալու համար: Խաչիկ Մանուկյանը վստահ է՝ հաղթանակի շունչը Եռաբլուրից է գալու ու անկախ ընտրությունների արդյունքներից, ինքը «Մայր Հայաստան» դաշինքին է հաղթած համարում: Նա երեւանցիներին հորդորեց՝ Հայաստանը վերաշնչավորելու հնարավորությունը բաց չթողնել:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ