Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԲ խորհրդի անդամներ. «Նիկոլ Փաշինյանի հեռացումն է այն ճանապարհը, որի միջոցով կարելի է վերականգնել մեր ինքնիշխանությունը եւ իրականացնել քաղաքականություն»

Սեպտեմբեր 14,2023 19:40

Նիկոլ Փաշինյանի հեռացման շարժման կազմակերպիչ ԱԺԲ խորհրդի անդամներ Գարեգին Չուգասզյանը, Արա Պապյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը այսօր Ազատության հրապարակում մամուլի ասուլիս էին հրավիրել:

Բացման խոսքում Գարեգին Չուգասզյանն ասաց, որ շուրջ մեկ ամիս է, որ Ազգային ժողովրդավարական բեւեռը Ազատության հրապարակում 24-ժամյա նստացույց է իրականացնում, որին զուգահեռ սկսել են հանրահավաքների նոր ալիքը: Եվ այսօր ամփոփելու են մեկ ամսվա արածը, թե ինչ նպատակներ էր հետապնդում այս նոր արշավը, այս մեկ ամսվա ընթացքում ուր են հասել, ինչ է տեղի ունենում Հայաստանում, Հայաստանի շուրջ եւ աշխարհում:

Արա Պապյանը խոսեց աշխարհաքաղաքական այն մեծ փոփոխությունների մասին, որ տեղի են ունենում Հայաստանի շուրջ, հարեւան երկրներում, որոնք անդրադարձել են մեր վրա: Նրա խոսքով, ակնհայտ է, որ աշխարհը մոտենում է որոշակի հանգուցալուծման, հերթական մեծ փոփոխությունների ալիքն է գալիս, եւ այստեղ Հայաստանի ճիշտ դիրքավորումը Հայաստանի համար ճակատագրական է:

Նա ասաց, որ ԱԺԲ-ի առաջնային, բուն նպատակը ներկա իշխանությունների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի, հեռացումն է, որովհետեւ դա այն ճանապարհն է, որի միջոցով կարելի է վերականգնել մեր ինքնիշխանությունը եւ իրականացնել քաղաքականություն: Նաեւ նշեց, որ սահմանի ու Արցախի լարվածությունը, Հայաստանի ճակատագիրը  իրականում լուծվում է իրենց զբաղեցրած Ազատության  հրապարակում եւ  լուծողը Հայաստանի ժողովուրդն է:

Արա Պապյանի համար ակնհայտ է եւ պնդելու հիմքեր ունի, որ առաջիկայում  Հայաստանում տեղի կունենան լրջագույն փոփոխություններ եւ Հայաստանում կհաստատվի ազգային իշխանություն, որովհետեւ ազգային իշխանությունն է, որ կկարողանա խնդիրներ լուծել:

Ժիրայր Սեֆիլյանը հիշեցրեց, որ հերթական հավաքը սեպտեմբերի 20-ին է եւ շատ բան է կախված ժողովրդի ներկայությունից: Ու եթե Ազատության հրապարակը լեցուն լինի, իրենք կանցնեն պայքարի այլ մակարդակի: Նա վերահաստատեց, որ աննախադեպ պայմաններ են ստեղծվել այս ռեժիմից հրաժարվելու համար: Իսկ թե դա երբ տեղի կունենա, մեծապես կապված է մարդկանց ակտիվության հետ: Իսկ որքան շուտ լինի փոփոխությունը Հայաստանում, այնքան լավ կլինի երկրի համար:

Նա նաեւ շեշտեց, որ ինֆորմացիոն արգելափակումը դժվարացնում է իրենց աշխատանքը, սակայն հանրության գիտակից շերտում սպասողական ինչ-որ բան են նկատում: ԱԺԲ խորհրդի անդամը նշեց, որ հենց Արցախում ինչ-որ բան է կատարվում, բազմահազար մտահոգ մարդիկ Երեւանից, մարզերից, սփյուռքից սկսում են խորհուրդների շարքը արցախցիներին, թե ինչ անեն: Եվ խորհրդատուներին հորդորեց չզբաղվել անիմաստ խորհուրդներով, որովհետեւ  լուծումը Երեւանում է: Բայց Ժիրայր Սեֆիլյանը Երեւանի հրապարակներում հարյուր հազարավոր մարդկանց չի սպասում: Նրա համոզմամբ մի քանի տասնյակ հազար մարդու ներկայությունն էլ բավարար է, որպեսզի այս իշխանությունները եւ նրանց առաջնորդը, որին պաշտպան մնացել են միայն Ալիեւը եւ Էրդողանը,  շատ արագ հեռացվեն: Ու շատ կարեւորեց, որ այդ հեռացումը լինի հնարավորինս անցնցում: Նաեւ ասաց, որ իրենց պատկերացմամբ իշխանափոխությունից հետո չի լինելու ոչ նախկինների վերադարձ, ոչ ներկա իշխանությունների վերարտադրություն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930