Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանն ընդունել է հաշմանդամային սպորտում մեդալների արժանացած մարզիկներին

Սեպտեմբեր 14,2023 19:50

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է  Հայաստանում  հաշմանդամային  սպորտով  զբաղվող  հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք վերջերս հաջող ելույթներ են ունեցել միջազգային տարբեր հարթակներում և մեդալներ նվաճել:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի պարալիմիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտեի» նախագահ Գրիգոր Գրիգորյանը, մարզիկներ, մարզիչներ, պարալիմպիկ կոմիտեի և ՀԿ-ների այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է ներկաներին և շնորհավորել տարվա ընթացքում գրանցած հաջողությունների ու նվաճումների առթիվ:

«Տարիներ շարունակ խոսում էինք այն մասին, որ հաշմանդամային սպորտում ևս պետք է հաջողություններ ունենանք, և պետության կողմից վերջին տարիների ֆինանսավորման ավելացումները պետք է տան իրենց արդյունքը: Շատ ուրախալի է, որ մի քանի ուղղություններով դրական արդյունքներ ունենք: Սա վկայում է այն մասին, որ հաշմանդամային սպորտը մեր երկրում նույնպես զարգանում է, ու մենք կարող ենք դրական ակնկալիքներ ձևավորել նաև Պարալիմպիկ խաղերի մասնակցության հետ կապված: Վստահեցնում եմ՝ բոլոր նախաձեռնություններում Կառավարությունն՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, ձեր կողքին է: Մենք պատրաստ ենք քննարկել նաև բոլոր հարցերն ու խնդիրները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Մարզիկներին շնորհավորել և կատարած մեծ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Այս հաջողություններն իսկապես ոգևորիչ են և հույս են տալիս, որ մենք վերջապես Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերին մասնակցելու ենք պատշաճ թիմով: Ունենք մարզիկներ, որոնք շատ մոտ են վարկանիշները լրացնելուն և կարող են ուղեգիր ապահովել: Այս ասպարեզում այսօր իսկապես շատ լուրջ տեղաշարժ կա, ինչն ուրախացնում է: Քննարկում ենք նաև միջազգային մրցաշար ընդունելու հնարավորությունը: Երբ ենթակառուցվածքներն ավելի լավ տեսքի բերենք, ինչն արդեն ընթացքի մեջ է, կկարողանանք նաև միջազգային մրցումներ անցկացնել հաշմանդամային սպորտի ասպարեզում:

Պետությունն այս ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է կատարում: Հուսով եմ՝ մոտ ապագայում մեր մարզիկներն ավելի հարմարավետ պայմաններ կունենան: 2024 թվականն օլիմպիական տարի է: Ամեն ինչ կանենք, որ այս ասպարեզում ևս լավ թիմով մեկնենք Փարիզ»,- ասել է Կարեն Գիլոյանը և հաջողություններ մաղթել մարզիկներին:

Հանդիպման ընթացքում հաշմանդամային  սպորտով  զբաղվող  հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներ բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են  մարզիկների համար վիտամինների տրամադրմանը, բժշկական հետազոտությունների, մարզահագուստի, ինչպես նաև մրցաշարերի մասնակցության համար հավասար մրցակցային պայմանների ապահովմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը վստահեցրել է՝ վերոնշյալ հարցերը հաշմանդամային սպորտի զարգացմանն ուղղված նախարարության մտահոգությունների և առաջնահերթությունների տիրույթում են, և սահմանված ժամկետներում լուծում կստանան: Անդրադառնալով միջազգային մրցաշարերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում Հայաստանի հավաքականների մասնակցության և կազմի ձևավորման հարցին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ թիմերի ձևավորման նպատակով անհրաժեշտ է անցկացնել Հայաստանի առաջնություններ կամ ստուգողական մրցաշարեր, որոնց մասին շահագրգիռ բոլոր կողմերը նախապես պետք է տեղեկացված լինեն ու մասնակցության իրավունք ունենան՝ ազնիվ ու արդար մրցակցության ապահովման նպատակով:

Հաշմանդամային  սպորտով  զբաղվող  հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ լինել միասնական ու համատեղել ջանքերը՝ ի շահ հայկական սպորտի համընդհանուր հաջողությունների:

Հաշմանդամային սպորտի ներկայացուցիչները վերջին շրջանում մի շարք խոշոր մրցաշարերի են մասնակցել: Մասնավորապես, Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքական թիմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ղազախստանի Ալմա֊Աթա քաղաքում մասնակցել է պարաբազկամարտի աշխարհի 25֊րդ առաջնությանը և 5 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի թիմի կազմում պարաբազկամարտի աշխարհի չեմպիոններ են հռչակվել մինչև 55 կգ քաշային Սարգիս Հարությունյանը (ձախ ձեռքով), մինչև 80 կգ քաշային Սարգիս Ստեփանյանը (ձախ ձեռքով) և +65 կգ քաշային Նաիրա Մեսրոպյանը (աջ և ձախ ձեռքով): ԱԱ-ի հաղթող է ճանաչվել նաև 65 կգ քաշային Գուրգեն Անտոնյանը՝ մինչև 24 տարեկանների պայքարում:

Աջ ձեռքի մրցումներում փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է մինչև 75 քաշային Հայկ Ստեփանյանը, իսկ  Սարգիս Հարությունյանը (մինչև 55 կգ) և  Շահեն Բաբայանը (մինչև 65 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

«Խուլերի հայկական սպորտային կոմիտեի» ներկայացուցիչները սեպտեմբերի 2-12-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել են խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը և հայրենիք վերադարձել 2 ոսկե, 2 արծաթ, 4 բրոնզե մեդալով:

Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է հունահռոմեական ոճի ըմբիշ Սենիկ Սերոբյանը: 55 կգ քաշային կարգում Սերոբյանը ջախջախիչ հաղթանակներ է տարել թուրք (13:5), ուկրաինացի (14:4), ղազախ (8:0), պարսիկ (13։6) և բուլղարացի (9։0) մարզիկների նկատմամբ։ Սենիկը կարիերայում երրորդ անգամ է հռչակվել աշխարհի չեմպիոն:  Սենիկ Սերոբյանը նաև Սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի հնգակի փոխչեմպիոն։

Մեծահասակների կարգում արծաթի մեդալակիր է դարձել 87 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը:

Երիտասարդների պայքարում 97 կգ քաշային Մուրադ Գասպարյանն արծաթե մեդալ է նվաճել ազատ, բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտում, իսկ Գաբրիել Ամիրխանյանը 72 կգ քաշայինների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր:

Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել ու պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել հունահռոմեական ոճի ըմբիշ, 51 կգ քաշային Արման Ասատրյանը։ Պատանի ըմբիշը հանդես է եկել նաև ազատ ոճում ու բրոնզե մեդալ նվաճել: 55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Սողոյանն էլ նույն տարիքային խմբում դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել նաև Դուբայում անցկացված պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում: Մեր մարզիկներից Խորեն Ծատուրյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել։ 49 կգ քաշային կարգում հայ մարզիկն առաջին տեղն է գրավել ընդհանուր բարձրացրած քաշերի հաշվարկով, իսկ լավագույն բարձրացրած քաշ հաշվարկով գրավել է երկրորդ տեղը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Բաբայանը ցույց է տվել 4-րդ արդյունքը։

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930