Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ընտրությունների վերաբերյալ դիրքորոշմամբ՝ ԵՄ-ն անուղղակիորեն խրախուսում է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

Սեպտեմբեր 14,2023 18:01

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարությունը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խստորեն դատապարտում է Արցախի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵՄ վերջին հայտարարությունը։ Հայտարարությունը, դրա տարածման ժամանակն ու բովանդակությունը արդարացված չեն՝ հաշվի առնելով Արցախում շարունակվող հումանիտար սուր ճգնաժամը։

Անկախ փորձագետների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներ և հայտարարություններ զգուշացրել են Արցախում էթնիկ զտումների Ադրբեջանի շարունակական քաղաքականության և դրա ցեղասպանական էության մասին։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն վերջերս հրապարակված իր զեկույցում պնդում է, որ կա «ողջամիտ հիմք» ենթադրելու, որ Ադրբեջանը ներկայումս ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ։ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, ինչպես նաև Genocide Watch-ը նույնպես մի քանի ահազանգեր են տարածել այս ծանր իրավիճակի վերաբերյալ։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը, որը խոչընդոտում է սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների հասանելիությանը, հանդիսանում է ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության բացահայտ խախտում։

Միջազգային իրավունքի սկզբունքները երբեք չեն ստեղծվել, որպեսզի օգտագործվեն որպես գործիք՝ էթնիկ զտումներ կամ բնակչության դեմ վայրագություններ իրականացնելու համար: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չարաշահում է տարածքային ամբողջականության սկզբունքը՝ որպես պատրվակ էթնիկ զտումներ իրականացնելու և բնիկ հայ բնակչությանը սեփական հայրենիքից հեռացնելու համար։ Ավելին, Ադրբեջանը բացօթյա բանտ է ստեղծել Լեռնային Ղարաբաղում և, ի թիվս այլնի կիրառում է սովամահության հասցնելու ծրագիր՝ որպես իր ապակառուցողական քաղաքականության իրականացման գործիք։

ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո դիվանագիտական բանակցությունները մշտապես հիմնված են եղել երեք հիմնարար սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն։ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության պարագայում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ոչ ավել, ոչ պակաս, հավասարազոր է նրանց կյանքի իրավունքին։

Ցավոք, Արցախում վերջին ընտրությունների վերաբերյալ ԵՄ հայտարարությունը խրախուսում է Ադրբեջանին իր ապակառուցողական դիրքորոշման մեջ։ Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում պաշտպանելու այն բնակչությանը, որը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև: Այս առումով խորապես մտահոգիչ է ԵՄ-ի ձախողումը, քանի որ վերջինս ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությունը պետք է ինտեգրվի ադրբեջանական հասարակությանը։ ԵՄ-ն չի անդրադառնում Ադրբեջանի կողմից շարունակվող թշնամությանը, վայրագություններին և էթնիկ զտմանը, ԵՄ-ն անուղղակիորեն խրախուսում է հայության հանդեպ դաժան ճնշումը:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, որպես համաեվրոպական համայնքային կազմակերպություն, խորապես գնահատում է նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը այս խիստ բարդ իրավիճակում: Այնուամենայնիվ, Արցախում վերջին ընտրությունների վերաբերյալ դիրքորոշումը համապատասխանեցնելով Ադրբեջանի դիրքորոշմանը՝ ԵՄ-ն անուղղակիորեն խրախուսում է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը բնիկ հայ բնակչության նկատմամբ։

Իբրև ԵՄ քաղաքացիներ, մենք մեր ղեկավարությանը կոչ ենք անում վերանայել ԵՄ դիրքորոշումն այս հարցում։ Որպես պատրվակ միջազգային իրավունքի սկզբունքի օգտագործումը՝ բնիկ բնակչությանն Ադրբեջանի նման բռնապետության ողորմությանը մղելու համար, լավագույն դեպքում անխոհեմ քայլ է, որն իր էությամբ պատասխանատվություն է ենթադրում: Երկարաժամկետ հեռանկարում վստահությունն ավելի մեծ արժեք ունի, քան ավտորիտար ռեժիմի նավթի և գազի վրա հույս դնելը, հատկապես, երբ այդ ռեսուրսները լավագույն դեպքում կարող են բավարարել ԵՄ-ի ընդհանուր սպառման 4 տոկոսից պակասը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930