ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին «Փաստերի ստուգման հարթակ»-ը հետաքննություն էր հրապարակել` նշելով, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է գերմանական Բադեն-Բադեն քաղաք։ Ըստ նույն աղբյուրի՝ Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում գերմանական առողջարանային այդ քաղաք է մեկնել ավելի քան 16 անգամ։ Հարթակը նաեւ պնդել էր, թե երրորդ նախագահը Բադեն-Բադենում է եղել նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ ապրիլի 5-ին։ Ըստ հետաքննության, Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ին ու 7-ին դեպի Գերմանիա նախատեսված պաշտոնական այցն օգտագործել է կրկին Բադեն-Բադեն այցելելու համար։
Նշված հայտարարությունների հիման վրա հարուցվել էր քրեական գործ ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով, որը, սակայն հետագայում կարճվել է՝ հանցակազմի բացակայությամբ։ Մասնավորապես, քրեական վարույթով, թեև հաստատվել է, որ 2008-2018 թվականների ընթացքում ՀՀ երրորդ նախագահի համար կազմակերպվել են թռիչքներ դեպի Բադեն-Բադեն քաղաք, սակայն քրեական վարույթով պարզվել է, որ դրանց հետ կապված գործընթացներում առկա չեն եղել քրեական օրենքով նախատեսված հանցանքի հատկանիշներ։
Ի դեպ, Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն կատարած այցերի վերաբերյալ հենց ԱԺ ամբիոնից հայտարարություններ է արել նաև «Գռզո» մականունով հայտնի իշխանական գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որը պնդել էր, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։
Կարդացեք նաև
Նշված հայտարարությունները ևս քննության առարկա են դարձվել և գործի կարճումից հետո հայտնի են դարձել գործով տրված ցուցմունքներից հատվածներ։ Մասնավորապես, թիկնապահները ցուցմունքներում բացառել են հնարավորությունը, հանգամանքը, փաստը, որ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում այցելել է կազինոներ, բացառել են, որ պետական օդանավով գումար է տեղափոխվել։ Ինչ վերաբերում է հենց Խաչատուր Սուքիասյանի պնդումներին, ապա, նա ևս ցուցմունքում որեւէ փաստ չի մատնանշել։ Ասել է, թե լսել է արտերկրում և ՀՀ-ում գտնվող իր մտերիմներից, բայց հստակ չի նշել, թե ումից, և այդ տեղեկությունն իրեն արժանահավատ է թվացել, թող իրավապահ մարմինները պարզեն։ Այժմ Սերժ Սարգսյանը դատական կարգով հերքում է պահանջում Սուքիասյանից։
Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ