Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը վերաբաշխում է կատարել ԿԳՄՍ նախարարությանը պետբյուջեով հատկացված միջոցների միջև և 3 մլրդ 134 մլն 615 հազար դրամ հատկացրել 2023 թ. ավարտվող շինարարական ծրագրերի համար: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մեծածավալ ծրագրերից 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շենքային պայմանների ապահովման ծրագրերի շրջանակում մի շարք ծրագրեր կան մոդուլային դպրոցների և մանկապարտեզների հետ կապված:
«Մոդուլային դպրոցների կառուցման ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ ունենք 25 հաստատություններ, որոնցից 2-ի շինարարական աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են Դեղձուտում և Արգինայում, ևս 9-ինն ավարտվում է այս տարի, որոնց համար լրացուցիչ հատկացումներ են նախատեսված այս նախագծով: Ընդ որում, Կաթնաղբյուրի դպրոցը, որը ներառված է այդ հատկացումների ցանկում, արդեն իսկ աշխատանքների ավարտ է գրանցել, և դպրոցը նորակառույց շենքում է այս տարվանից աշխատում: Ընդհանուր առմամբ, մոդուլային դպրոցները սպասարկելու են շուրջ 3272 աշակերտի և ծառայելու են ոչ միայն որպես կրթական հաստատություններ, այլև որպես համայնքային կենտրոններ:
Մոդուլային մանկապարտեզների կառուցման ծրագրում ունենք 19 հաստատություն, որից 4-ի շինարարական աշխատանքներն ավարտվում են այս տարի, 2-ի մասով նախատեսված են հատկացումներ, որոնք ներառված են այս նախագծում: Ընդհանուր առմամբ, մոդուլային մանկապարտեզները սպասարկելու են շուրջ 2842 նախադպրոցական տարիքի երեխաների»,- ասել է նախարարը: Նշվել է նաև, որ որոշումը վերաբերում է նաև դպրոցների մարզադահլիճների կառուցման և վերակառուցման ծրագրերին՝ 15 դպրոցի մարզադահլիճի կառուցում և 9 դպրոցների մարզադահլիճների վերակառուցում:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ մինչև տարեվերջ կավարտվեն նաև Երևանի մնջախաղի թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2019 թ.-ին: Նախարարը նշել է նաև, որ որոշմամբ վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 1 մլրդ 868 մլն դրամի չափով, նախատեսվում է ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է, որ շարունակվում է 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու ծրագրի իրականացումը: Վարչապետն ընդգծել է նաև, որ այս պահի դրությամբ արդեն ավարտվել են շարք դպրոցների շինաշխատանքները: Կառավարության ղեկավարը ներկայացրել է կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները: Նշվել է նաև, որ կան դպրոցներ, որոնց գույքային որոշակի խնդիրները կլուծվեն մինչև տարեվերջ:
Ներկայացնելով կառուցվող մարզադահլիճների ցանկը՝ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարել այն փաստը, որ դպրոցներն ի սկզբանե մարզադահլիճներ չեն ունեցել: «Այն դպրոցները, որոնք այս պահի դրությամբ արդեն իսկ նորոգված են և շահագործման են հանձնված, այդ դպրոցների հզորությունը թույլ է տալիս ընդունել 14 700 աշակերտ: 300 դպրոցի ծրագիրը բավական լավ տեմպերով ընթանում է»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ կարևորելով այդ ուղղությամբ բալանսավորված և համակարգված աշխատանքների հետագա իրականացումը:
Այդ համատեքստում վարչապետը հետաքրքրվել է ապօրինի գույքի բռնագանձման քրեական գործերից՝ Երևանի 24 մանկապարտեզների վերաբերյալ: Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան նշել է. «Մի փոքր տեղեկատվություն տրամադրեմ երկու ուղղությամբ իրականացվող աշխատանքների կապակցությամբ: Առաջին ուղղությունը պետական շահերի պաշտպանության հայցերն են: Այս պահի դրությամբ Դատախազությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 4 մանկապարտեզների՝ թիվ 132, 147, 159 և 199, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 304 մսուր մանկապարտեզի օտարման կապակցությամբ պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվել դատարան: Պետական շահերի պաշտպանության հայցերից բացի, այս նույն մանկապարտեզների օտարման կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ:
Դատախազության կողմից իրականացվող ուսումնասիրությունների շրջանակում Կադաստրի կոմիտեից պահանջվել են նաև Երևանի քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների տարբեր հասցեներում գտնվող ընդհանուր թվով 13 մանկապարտեզների կադաստրային գործերը: Բացի դա, Երևան քաղաքի 14 մանկապարտեզների օտարումների կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ: Դրանք են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 5 մանկապարտեզ, Կենտրոն վարչական շրջանում գտնվող 7 մանկապարտեզ, Դավիթաշեն վարչական շրջանում 1-ը և Շենգավիթ վարչական շրջանում 1 մանկապարտեզ:
Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում մանկապարտեզների օտարման դեպքերի օտարման ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումները և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթները վերաբերում են շուկայական կամ կադաստրային արժեքից ցածր գնով օտարելուն: Ուստի, քննության առարկան օտարման հանգամանքները, օտարման վերաբերյալ սահմանափակումների առկայությունն իրավասու պաշտոնատար անձանց շրջանակը և վերջնական վնասի չափը պարզելուն և համայնքին պատճառված վնասը վերականգնելուն է ուղղված»:
Աննա Վարդապետյանը նշել է նաև, որ ուսումնասիրություններ են իրականացվում նաև մարզերում: «Սրանք 3 տարբեր գործընթացների շրջանակում են իրականացվում: Դրանք քրեական վարույթներն են, որոնք մենք դիտարկում ենք վնասի վերականգնման գործընթացը, դրանք պետական շահերի պաշտպանության հայցերն են, որոնք կամ մանկապարտեզի արժեքի, կամ մանկապարտեզի ենթակառուցվածքի առարկան են դիտարկում՝ եթե հնարավորություն կա վերադարձնել: Կան իրավիճակներ, որ մանկապարտեզները դարձել են, օրինակ՝ բազմաբնակարան շենքեր կամ հասարակական նշանակության վայրեր, որոնք այլևս որպես մանկապարտեզ օգտագործել հնարավոր չէ: Եվ իհարկե, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակներում են մանկապարտեզները որպես հայցի առարկա դիտարկվում: Գործընթացը շարունակական է և գտնվում է դատախազության ուշադրության ներքո:
Գործող մանկապարտեզներ չկան: Բոլորը նախկին մանկապարտեզներ են, որովհետև նպատակը, պարոն վարչապետ, դրանք որպես մանկապարտեզ օգտագործելը չի եղել: Դրանք գտնվել են քաղաքի բավական եկամտաբեր հատվածներում, նպատակ են ունեցել ավելի մեծ բիզնես հետաքրքրություն բավարարելու: Դա է պատճառը, որ լուծարման գործընթացի արդյունքում շատ էժան գնով ուղղակի որոշակի շրջանակի անձանց սեփականությունն են դարձել»,-ասել է Գլխավոր դատախազը:
Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկման համար սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը կգործի ևս մեկ տարի
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է ևս մեկ տարով՝ մինչև 2025 թ. հունվարի 1-ը, երկարաձգել էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկման համար սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը: Ըստ հիմնավորման՝ 2021-2022 թթ. ընթացքում տեղադրվել և ներկայումս հանրապետության տարածքում կիրառվում են 100 լիցքավորման կայաններ, որոնց միջոցով հնարավոր է լիցքավորել միաժամանակ 150 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։ Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար: Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն, զարգացմանը՝ լրացուցիչ ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով:
Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Խոջոյանը, երկու տարիների ընթացքում աճել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային ներմուծման ծավալները։ «Մասնավորապես, 2022 թվականին 2021 թվականի համեմատ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ծավալն աճել է 1,8 անգամ, իսկ 2020 թվականի համեմատ շուրջ 12 անգամ։ Էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման ծավալը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 3,8 անգամ»,- ասել է փոխնախարարը։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախությամբ պետք է արձանագրել, որ ՀՀ-ում էլեկտրամոբիլների նկատմամբ ընկալումն աճում է, և սա լավ լուր է: Ուրախությամբ պիտի արձանագրեմ նաև, որ Երևանում պարեկային ոստիկանությունն օգտագործում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ: Մենք լարված հետևում էինք, թե ինչ կասեն մեր ոստիկաններն այդ մեքենաների գործունեության մասին, պետք է ասեմ, որ շատ դրական արձագանք ունեն: Ուրախությամբ պետք է արձանագրեմ նաև, որ արդեն Երևանում առաջին էլեկտրական ավտոբուսն է դուրս եկել երթուղի, և ՀՀ-ում շատ քաղաքացիներ օգտվում են այդ տրանսպորտի միջոցից»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ եթե Պարեկային ծառայության հետ անհամատեղելիության խնդրահարույց հարցեր չծագեն, ապա Երևանի պարեկային ոստիկանության համար հետագայում ձեռք կբերվեն միայն էլեկտրական շարժիչով մեքենաներ, որից հետո նաև՝ մարզերի համար:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում կարևորել է, որ դրանով կրիտիկական քանակ ձևավորվի և ենթակառուցվածքային հարցեր կլուծվեն։ «Ոլորտում առկա խնդիրներից է ուտիլիզացիան, որը բարդ է: Մենք անվերջ չենք կարող սա թողել արտոնյալ ռեժիմ։ Ես կարծում եմ՝ մենք 2024 թվականին արտոնության միջոցով կրիտիկական քանակ կունենաք, ինչը կխթանի ենթակառուցվածքների ձևավորումը, որովհետև էլեկտրական մեքենաներն առանց ենթակառուցվածքների արդյունք չեն տալիս։ Մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ ամբողջ աշխարհն ոււտիլիզացման ենթակա մեքենաներն ուղարկի ՀՀ: Մենք ուշադիր հետևելու ենք դրան, որ նման բան տեղի չունեն: Եթե զգանք, որ տեղի է ունենում՝ անմիջապես կարգավորումներով կզսպենք։ Ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ դեռևս 2024 թվականը կլինի լայնամասշտաբ արտոնության տարի, որից հետո կարգավորումներով բոլոր հարցերը կլուծենք»,– ասել է Մհեր Գրիգորյանը:
Կհստակեցվի կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների զորակոչի անցկացման գործընթացը
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների վերաբերյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» oրենքի դրույթները, զորակոչի անցկացման գործընթացում այդ քաղաքացիների մասով իրականացվող գործողությունները հստակեցնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում սահմանվել են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների զորակոչի կազմակերպման գործընթացը, դիմումների ներկայացման ժամկետները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչման առանձնահատկությունները, զորակոչելու կամ պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա ճանաչելու պայմանները և նման որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, զորակոչված իգական սեռի զինծառայողների ծառայության կազմակերպման պայմանները, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան կարգավորումներ նախատեսել որոշման մեջ:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցրել է. «Իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցնելու մասին օրենքը ԱԺ հավանության էր արժանացրել, որը ենթադրում է 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիների կամավոր, բայց պարտադիր զինվորական ծառայության անցնելու կարգը, և այս նախագիծը թույլ կտա իրականացնել հաշվառման և կարգավորման հարցերը»:
Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է. «Կամավոր իգական սեռի ցանկացած քաղաքացի կարող է կամավոր ժամկետային վեց ամսվա ծառայության որոշում կայացնել և համապատասխան այդ որոշումը փաստաթղթավորել, բայց զորակոչվելուց հետո վեց ամսվա ծառայությունը դառնում է պարտադիր: Եվ սա կարևոր սկզբունք է, որպեսզի և՛ որոշում կայացնողը որոշում կայացնելիս լրջորեն քննարկի, դիտարկի, և՛ նաև Պաշտպանության նախարարությունը կարողանա որոշակի հաշվարկներ անել, թե ինչ ռեսուրսներ են պետք այդ նպատակի համար: Շատ կարևոր է արձանագրել հետևյալը, որ ժամկետային զինծառայության անցած կանայք, այնուամենայնիվ, ծառայության վեջում կստանան 1 մլն դրամ դրամական բավարարում: Սա կարևոր հանգամանք է, և մենք սրանով փորձում ենք երկու խնդիր լուծել՝ կանանց ներգրավվածության մակարդակն, այդ թվում՝ Զինված ուժերում, մեծացնել, բարձրացնել, կանանց համար գործունեության նոր ոլորտ ստեղծել, որտեղ դրանք կարող են լինել և լիարժեք աշխատանքային կարիերա անել: Սա ինչի համար եմ ասում, որովհետև վեց ամսվա ծառայությունից հետո բոլոր ծառայություն անցած մեր հարգելի կանայք կարող են անցնել պայմանագրային ծառայության, մասնավորապես՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: Այսինքն՝ կարող է վեց ամսվա ծառայությունից հետո ուղղակի վերադառնալ քաղաքացիական կյանքի կամ որոշում կայացնել հնգամյա պայմանագրով «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնել պայմանագրային զինծառայության և այդ համատեքստում նաև կամավոր ատեստավորում անցնելու պարագայում արդեն նրանց աշխատավարձերը կլինեն կրկնապատկված դրույքով՝ կախված իրենց ատեստավորման արդյունքներից»:
Կառավարության ղեկավարը հայտնել է նաև, որ Պաշտպանության նախադրությունն ավարտին է հասցնում կանանց գումարտակի համար նախատեսված մշտական տեղակայման վայրի վերակառուցման աշխատանքները. «Մենք հասկանում ենք, որ սա բոլորովին նոր ինստիտուտ է Հայաստանի Հանրապետության համար և ամեն ինչ անում ենք, որպեսզի բոլոր առումներով փորձենք այս ծառայությունը զրոյից ստեղծել՝ ցանկացած հնարավոր, ամենապատշաճ մակարդակով: Իհարկե, առաջիկայում նաև տեղում կլինենք, աշխատանքների ընթացքին կծանոթանանք, որպեսզի ամեն ինչ մեր ուզածով ընթանա»:
Սուրեն Պապիկյանն էլ հայտնել է, որ կանանց առաջին զորակոչը նախատեսվում է՝ 2024 թ. ձմռանը, բայց հիմնական ակնկալիքը լինելու է ամառային զորակոչը։
ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար կսահմանվեն ըստ առաջադիմության կրթաթոշակի նոր պայմաններ և չափեր
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովության չափերը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Հիմնավորման համաձայն՝ կուրսանտների համար սահմանված ամսական դրամական ապահովության չափերը բավականին ցածր են՝ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ապագա սպաների մասին, որոնց ուսումնառության պատշաճ կազմակերպման, արժանապատիվ կեցության ապահովման հանգամանքն էական նշանակություն ունի սպայի կերպարի ձևավորման, զինվորական ծառայության ընտրության նկատմամբ վստահության և գրավչության գործընթացի համար: Ներկայումս կուրսանտների համար գործող դրամական ապահովության ցածր չափերն իրենց ազդեցությունն են թողնում նաև 17-18 տարեկան պատանիների կողմից կադրային զինվորական ծառայության ընտրության որոշման վրա: Որոշմամբ առաջարկվում է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների ամսական դրամական ապահովության չափերը յուրաքանչյուր կուրսի համար սահմանել մեկ բացարձակ չափով՝ առանց զինվորական կոչումների տարբերակման, առաջադիմության համար սահմանված ՄՈԳ-ի առնվազն 80 տոկոսի պայմանը և դրա դիմաց հաշվարկվող 10.000 դրամը փոխարինել ՄՈԳ-ի եռաստիճան արդյունքների դիմաց 3, 4 և 5 գործակիցներով, որի արդյունքում ըստ յուրաքանչյուր կուրսի համար նախատեսված չափը բազմապատկվելու է ցուցաբերած առաջադիմության համար սահմանված գործակցով: Իսկ օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների առաջադիմության համար ՄՈԳ-ի եռաստիճան արդյունքներին համապատասխան նախատեսել ըստ օտարերկրյա պետությունների դրամական ապահովության չափերին բացարձակ չափով գումարվող չափեր, որոնց հանրագումարը կազմելու է համապատասխան կուրսանտների ամսական դրամական ապահովությունը: Նախատեսվում է առաջարկվող ամսական դրամական ապահովությունը կիրառել 2023թ. սեպտեմբերի 1-ից, իսկ առաջադիմության համար դրամական ապահովության հաշվարկման շրջանակում որոշման գործողությունը տարածել 2022/2023 ուսումնական տարում հաջորդ կուրս փոխադրվելու գնահատման արդյունքների վրա:
Ինչպես նշել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, սահմանվել է նոր կարգ. «1-ին կուրսի կուրսանտի ամսական դրամական ապահովության չափը կազմում է 15000 դրամ, 2-րդ կուրսի կուրսանտինը 20000 դրամ, 3-րդ կուրսի կուրսանտինը 25000 դրամ, 4-րդ կուրսի կուրսանտինը 30000 դրամ, 5-րդ և բարձր կուրսի կուրսանտինը 35000 դրամ։ Սա բազայինն է և ենթադրում է նաև, որ մոտիվացիա պետք է հաղորդի մեր կուրսանտներին, որպեսզի նրանք ավելի լավ ուսանեն։ Մենք սահմանում ենք միջին որակավորման գնահատականի հիման վրա նաև գործակիցներ, հետևյալ սկզբունքով՝ 60-ից մինչև 70,99 ՄՕԳ-ի պարագայում սահմանում ենք 3 գործակից, 71-ից մինչև 79,99-ի դեպքում 4 գործակից, 80 տոկոս և բարձրի դեպքում 5 գործակից։ Սա ենթադրում է հետևյալը՝ գործակիցների ՄՕԳ-ի պարագայում, առաջին կուրսի կուրսանտը տարբեր առաջադիմությունների դեպքում կարող է ստանալ 45000-ից մինչև 75000 դրամ, երկրորդ կուրսում՝ 60000-80000 դրամ, երրորդ կուրսում՝ 75000-125000 դրամ, չորրորդ կուրսում՝ 90000-150000 դրամ, հինգերորդ և բարձր կուրսում՝ 105000-175000 դրամ։ Այսինքն` գերազանց սովորող կուրսանտը, հինգերորդ կուրսում կարող է ամսական ստանալ 175000 դրամ»։
Նիկոլ Փաշինյան հետաքրքրվել է նաև Մոնթե Մելքոնյան անվան վարժարանում նման դրամական բավարարման համակարգ ներդնելու վերաբերյալ պայմանավորվածության ընթացքից, որին ի պատասխան նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում նախագիծը կներկայացվի հաստատության հոգաբարձումների խորհրդին: «Մենք պետք է ըստ առաջադիմության սահմանենք՝ 15000, 30000 և 45000 դրամ բավարարում մեր սաների համար»,-ասել է Սուրեն Պապիկյանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքն անչափահասների մասին է, ուստի այդ գումարների օգտագործման որոշակի սահմանափակումներ են նախատեսում. «Մասնավորապես, նախատեսում ենք, որ գումարի մի մասը կկուտակվի իրենց քարտերին: Այդ գումարի մի մասը նրանք հնարավորություն կունենան օգտագործել արձակուրդի ընթացքում, իսկ մյուս մասը՝ 18 տարին լրանալուն պես։ Այսինքն՝ մենք սրանով, որոշակի դրամ ենք կուտակում աշակերտների հաշիվներին, որպեսզի նրանք չափահաս դառնալուն պես իրենք իրենց հայեցողությամբ օգտագործեն»։
Կառավարությունը բանկերի «սև ցուցակում» գտնվող քաղաքացիների համար նախատեսում է մշակել և ներդնել մեխանիզմ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է պարբերաբար մարդկանց հետ շփումներ ունենալու անհրաժեշտությունը և նշել, որ կան բազմաթիվ որոշումներ, որոնք ձևավորվել են կաբինետներից դուրս գալու և մարդկանց հետ ուղղակի շփումների արդյունքում: Ըստ վարչապետի՝ մշակվում է մի նախագիծ, որի կարգավորման թեման նույնպես նման շփումների արդյունքում է ի հայտ եկել: «Հանրապետությունում մոտավորապես 300 հազար մարդ կա, որոնք նախկինում ամենատարբեր խնդիրներ ունենալով բանկային համակարգի հետ, ամբողջությամբ մտել է ստվերային դաշտ: Այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց իրենց աշխատավարձը ոչ մի տեղ չի արձանագրվում, նրանք էլ հարկեր չեն վճարում: Այդ շփումների արդյունքում պարզվել է, որ նրանց մեծ մասը չի կարողանում օգտվել բազմաթիվ ծրագրերից. բանկերի «սև ցուցակում» լինելով պայմանավորված՝ չեն կարողանում ստվերից դուրս գալ, քանի որ իրենց աշխատավարձերը բռնագանձվում են»,-ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կառավարությունը խնդրի լուծման համար նախատեսում է ստեղծել մի մեխանիզմ, որ չպետք է վերաբերի վերջին երեք տարիներին նման իրավիճակում հայտված մարդկանց: «Դա սխալ ուղերձ կլինի բանկային պարտավորությունները կատարելու բնագավառում: Այսինքն՝ սա կվերաբերի երեք տարի և դրանից առաջ նման իրավիճակում հայտնված մարդկանց: Մենք կփորձենք աջակցել այդ մարդկանց, այդ թվում ՝ գանձվող գումարների չափերի որոշակի նոր համակարգեր ստեղծել: Դրանք պետք է քաղաքացուն բերեն այն եզրակացության, որ ավելի ձեռնտու է գնալ և բոլոր բանկային պարտավորությունները որոշակի գրաֆիկով մարել և դուրս գալ «սև ցուցակների» տրամաբանությունից: Կարծում եմ՝ սա նույնպես կարևոր ծրագիր է: Ես համոզված եմ, որ առաջիկայում մենք ամենաճիշտ մեխանիզմը կներդնենք»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ հարցը քննարկվում է շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգմամբ: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ այդ որոշումը կկայացնեն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ իր հերթին նշել է, որ նախագծով նախատեսվում է անդրադառնալ 100 հազար 1 մլն դրամի միջակայքում գտնվող վարկային պարտավորության դեպքերին, որոնց թիվը 204 հազար է. «Դրանց 81 տոկոսը ֆորմալ զբաղված չեն: Այս հնարավոր նախագծով նրանց՝ մի կողմից աշխատաշուկա կուղղորդենք, մյուս կողմից՝ հնարավորություն կտանք ֆորմալացնելու զբաղվածությունը»:
ՀՀ–ում կենսաթոշակառուները 2023 թվականի օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել, իսկ հետվճարների ծավալը կազմել է 419 մլն դրամ
Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ ՀՀ–ում կենսաթոշակառուները 2023 թվականի օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել։ Նա նշել է, որ կենսաթոշակով անկանխիկ առևտրի համակարգին օգոստոսին միացել է նաև «Հայէկոնոմբանկը», ինչի արդյունքում 15 հազար նոր քաղաքացի է ներգրավվել։ Այս պահին կենսաթոշակային քարտով անկանխիկ առևտուր է անում ընդհանուր առմամբ 141 հազար անձ։ Անկանխիկ առևտրի հետվճարների ծավալը միայն օգոստոսին կազմել է 419 մլն դրամ։
Նախարարը հայտնել է, որ համակարգին շուտով կմիանա նաև Յունիբանկը ու մինչև տարեվերջ շահառուների բավականին մեծ թիվ կանխատեսել։ «Մեկ տարվա ընթացքում անկանխիկի առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 43.2 մլրդ դրամ, իսկ որպես հետվճար ընդհանուր վերադարձվել է 3.6 մլրդ դրամ»,– ասել է Նարեկ Մկրտչյանը: Արձանագրվել է, որ թոշակառուների 20-25 տոկոսն արդեն միացել է համակարգին։ Նախարարը հայտնել է նաև, որ մեկնարկից մինչև օգոստոսը, ներառյալ` արձանագրվել է 43.2 մլրդի անկանխիկի ընդհանուր ծավալ, իսկ ընդհանուր վերադարձվել է 3.6 մլրդ դրամ:
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ես կարևորել է ծրագրի իրականացումը և նշել, որ այն կառավարության և կենսաթոշակառուների համագործակցության շատ լավ օրինակ է:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվի ավելի քան 200 նոր աշխատատեղ
Կառավարությունն ընդունել է որոշումներ, որոնցով մի շարք ընկերությունների թույլատրել է օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից:
«Պակ Պեն» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել տարբեր տեսակի և նշանակության ինքնակպչուն ժապավենների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 15 մլն դրամի կապիտալ ներդրում և 773 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ մինչև 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 773 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 48.6 մլն դրամ:
«Սարանիստ» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ապակե տարաների արտադրության համար։ Նախատեսվում է իրականացնել 340 մլն դրամի ներդրում ապակու հալման վառարանի վերակառուցման համար։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 335.9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 43.4 մլն դրամ:
«Վ.Ա.Շ․ Տրանս» ընկերությունը ներմուծվող սարքավորումները և քարշակները կօգտագործի ցինկապատ մետաղական տանիքի ծածկերի, ջրահեռացման համակարգերի և համալրող այլ աքսեսուարների, եվրոդուռ-լուսամուտների և գիպսակարտոնի պրոֆիլների արտադրության և վերջնական արտադրանքի տեղափոխման (արտահանման) համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 797 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ մինչև 200-250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 797 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53 մլն դրամ։ Ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքները ներմուծել «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի միջոցով:
«ԳՌՕՄ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել լվացող և մաքրող միջոցների («Նաշ Սադ» ապրանքային նշանի ներքո) արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 870 մլն դրամի ներդրում հումքի և 200 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Արդյունքում՝ կստեղծվի 38 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 870 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 55.5 մլն դրամ:
«Ասկե գրուպ» ընկերությունը ներմուծվող սարքավորումները կօգտագործի պողպատե ամրանների և պողպատե աղացագնդերի արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 20 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում, որից 955 մլն դրամը հաստոցների ձեռքբերման համար, իսկ մնացած մասը վերջինիս տեղակայման աշխատանքների իրականացման համար։ Նախատեսվում է ստեղծել 93 նոր աշխատատեղ՝ մինչև 360 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 955 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 95.5 մլն դրամ:
«Սոլար-5» ընկերությունը կառուցել է 5 ՄՎտ հզորությամբ արևային կայան Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում, որը մի շարք ուղղություններով դրական ազդեցություն է ունեցել Հայաստանում տնտեսական, բնապահպանական, էներգետիկ և ռազմավարական զարգացման համար։ Ծրագրի շրջանակում փաստացի արդեն իսկ իրականացվել է 1.5 մլրդ դրամի կապիտալ ներդրում, նախատեսվում է իրականացնել ևս 60.6 մլն դրամի ներդրում հավելվածում ներկայացված ապրանքների ձեռքբերման համար: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 60.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4.8 մլն դրամ:
«Ջերմուկ գրուպ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պոլիէթիլենային ջերմակցման թաղանթի (պոլիէթիլենային հումքից) արտադրության համար, իսկ թամբային քարշակներ և սառնարանային կիսակցորդները՝ թողարկված արտադրանքը արտահանելու նպատակով։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի 80 տոկոսը և ավելին արտահանել ԵՄ երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ Վրաստան և այլ երկրներ։ Արդեն իսկ իրականացվել է 159.9 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 6.6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 1.7 մլրդ դրամի ներդրում քարշակների և կիսակցորդների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 32 նոր աշխատատեղ՝ մինչև 460 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 102.6 մլն դրամ:
Կառավարությունը գումար կհատկացնի Ջերմուկի համայնքի ճոպանուղու վերանորոգման համար
Գործադիրն ընդունել է որոշում, որի նպատակն է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական գործողություններից տուժած Ջերմուկ համայնքի ճոպանուղու վնասված ճոպանի փոխարինման միջոցով ապահովել Ջերմուկ համայնքի բնակիչների, զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների հանգստի համար անվտանգ և բարեկեցիկ պայմաններ, վերականգնել համայնքի ենթակառուցվածքի անխափան գործունեությունը՝ նպաստավոր նախադրյալներ ստեղծել համայնքում զբոսաշրջության հետագա զարգացման համար, խթանել զբոսաշրջիկների ներհոսքը դեպի համայնք։ Ըստ այդմ՝ 26,856,400 դրամ դրամաշնորհ կտրամադրվի Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ՝ Ջերմուկի համայնքապետարանի ճոպանուղու ճոպանի փոխարինման ծախսերի փոխհատուցման նպատակով։ Միջոցառման արդյունքում կիրականացվի գլխավոր 2 կմ երկարությամբ ճոպանի ձեռք բերում, որը կազմում է ճոպանուղու մեկ պտույտը, տեղափոխում, փոխում և հիմնանորոգում, նախկին վնասված ճոպանի ապամոնտաժում, նոր ճոպանի մոնտաժում, համապատասխան դետալների և սարքավորումների փոխարինում՝ անվտանգ ուղևորափոխադրման նորմերին ու ստանդարտներին համապատասխան, մասնագիտական ծառայությունների մատուցում և այլն:
Հիմնավորման համաձայն՝ ճոպանուղին կառուցվել է 2007 թվականին իտալական «Leitner» կազմակերպության կողմից։ Այն քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների՝ հատկապես լեռնադահուկային սպորտի սիրահարների հիմնական այցելավայրերից մեկն է, ունի 2 սահուղի՝ 1450 և 1550 մետր երկարություններով։ Ճոպանուղին սպասարկում էր տարեկան շուրջ 25000-30000 այցելու՝ համայնքի բյուջե ապահովելով լրացուցիչ ֆինանսական մուտքեր։ Ճոպանուղին ներկայումս չի գործում և անձնակազմի մի մասը գտնվում է հարկադրված պարապուրդում և վճարվում է մասամբ:
Փոփոխություններ՝ ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, մասնավորապես՝ ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի պահանջարկով պայմանավորված: Բացի այդ, նախատեսվում է հանրապետությունում ներդնել հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրություն, որը կնպաստի անասնապահության ոլորտում վերջին տարիներին առաջացած անասնակերի ապահովման խնդիրների մեղմանը: Որոշման ընդունումը պայմանավորված է նաև հանրապետությունում ջրի սակավության, փոփոխական և խիստ կլիմայի, միջսահմանային միջադեպերի պատճառով սահմանամերձ համայնքների արոտավայրերը, վարելահողերը, խոտհարքները ադրբեջանական վերահսկողության կամ նշանառության տակ գտնվելու պատճառով անասնակերի պակասուրդով:
Այսպիսով՝ առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ, որոնք արդյունքում, մասնավորապես՝ կսուբսիդավորվի հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4 մլն դրամը: Կսահմանվի տնտեսավարողների կողմից հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորման ընթացակարգը և անհրաժեշտ ձևանմուշները: Կհանվի թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման համար սահմանված առավելագույն 200 մլն դրամ սահմանաչափը: Կհանվի յուրաքանչյուր տարի շուրջ 4.3 մլրդ դրամ արժեքով ձեռք բերվող սարքավորումների լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորում իրականացնելու և լիզինգի հիմնական գումարի 1.5 մլրդ դրամը մինչև 35 մլն դրամ արժեքով սարքավորումների ձեռքբերմանը տրամադրելու պայմանը։ Ծրագրի շրջանակում 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսի սուբսիդավորման գումարի ընդհանուր տարեկան ֆինանսական գնահատականը 10 տնտեսավարողի հաշվարկով տարեկան կկազմի շուրջ 40 մլն դրամ:
Թանգարաններում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 49,010.0 հազար դրամի չափով՝ թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ»-ի ստեղծման և ներդրման համար: Համակարգը նախատեսվում է թանգարաններում, ինչպես նաև արգելոց-թանգարաններում: Այն բաղկացած է լինելու երկու հիմնական բաղադրիչից: Առաջինը՝ տոմսերի վաճառքի համակարգ, որն իրենից ենթադրում է այցելուների համար եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք: Համակարգի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվելու է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, կապահովվի կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ և այլն: Երկրորդ՝ մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգ, որը նախատեսված է ընդհանուր ղեկավարման, օգտագործողների ստեղծման և կառավարման, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվների և էջերի ստեղծման և կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի ստեղծման և կառավարման, տոմսերի, գների զեղչերի սահմանման, խմբագրման համար, ինչպես նաև առցանց հերթագրման համար և այլն: Համակարգն իրենից ենթադրում է հայալեզու կայք:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է իրականացնել թանգարանների կառավարման միասնական քաղաքականություն, որը կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է Հրազդանի երկրագիտական թանգարանը Հայաստանի պատմության թանգարանին միացման ձևով վերակազմակերպել, ստեղծել Կոտայքի երկրագիտական թանգարան մասնաճյուղ: Հիմնավորման համաձայն՝ Հրազդանի երկրագիտական թանգարանում առկա է 2202 թանգարանային առարկա։ Թանգարանում գործում է մշտական ցուցադրություն։ Առկա 7 հաստիքներից, վերակազմակերպման արդյունքում հաստիքների կրճատում տեղի չի ունենալու։ Տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի հաստիքի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։ Վերջին տարիներին թանգարանի կողմից նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել։ Վերակազմակերպման պարագայում հնարավոր կլինի մասնաճյուղ գործուղել մայր թանգարանի մասնագետներին, որը հնարավորություն կտա թանգարանը արդիականացնել և նոր ցուցադրություններ կազմակերպել ինչպես նաև ներգրավել ներդրումներ։ Վերակազմակերպման արդյունքում ընդամենը տեղի է ունենալու կառավարման և անվան փոփոխություն ու թանգարանը ֆիզիկապես գործելու է իր տեղում՝ Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղի կարգավիճակով։ Անվանափոխությունը հնարավորություն կտա նաև ՀՀ Կոտայքի մարզի այլ համայնքներից պեղված իրերը ցուցադրել, ինչպես նաև զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։
Երևանում գտնվող պետական գույքը կօտարվի դասական աճուրդով
Կառավարությունը որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող և «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, քաղաք Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոցում գտնվող գույքերը օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ գույքային միավոր: Գույքը տարիներ ի վեր փաստացի չի շահագործվում և գտնվում է կիսավեր վիճակում։ Ըստ այդմ՝ աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 847 300 000 դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 92 365 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետական բյուջե։
Կառավարությունն ընդունել է նաև ««Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է Ծաղկաձորի Օլիմպիական փողոց թիվ 18 հասցեում գտնվող անշարժ գույքը մինչև 2056 թ. նոյեմբերի 8-ը վարձակալության տրամադրել Ծաղկաձորի սպորտային համալիրին: Անշարժ գույքի տարեկան վարձավճար է սահմանվել 32 045 724 դրամ:
Միջազգային համագործակցություն. նախատեսում է Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոնի ստեղծում
Հավանություն է տրվել «Հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ պետությունների միջև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության խթանումը, ՓԼ/ԱՖ ռիսկերի անդրազգային գնահատման ապահովումը, ՖՀՄ-ների միջև տեղեկատվական համագործակցության արդյունավետության մակարդակի բարելավումը: Համաձայնագիրը նախատեսում է Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոնի ստեղծում: Կենտրոնի հիմնական խնդիրներն են ռիսկերի անդրազգային գնահատումը, ռիսկերի վերհանման և գնահատման համար անհրաժեշտ միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը, ՖՀՄ-ների միջև էլեկտրոնային համագործակցության միասնական չափանիշների մշակումը և ներդրումը, միջազգային համագործակցության ընթացքում տեղեկությունների փոխանակման անվտանգության ապահովումը:
Լոռու մարզում կանցկացվի «Հավք» ԱԹՍ մրցույթ
Սեպտեմբերին Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի կողմից Լոռու մարզի Լեռնապատ գյուղում իրականացվող «Հավք» ԱԹՍ մրցույթի կազմակերպման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: «Հավք» ԱԹՍ մրցույթն իրականացվելու է սեպտեմբերի 16-17-ը երեք անվանակարգերում՝ դպրոցահասակ թիմեր, սիրողական և ավագ դպրոցական թիմեր ու մասնագիտացած ընկերություններ։ Այս տարի մրցույթին առաջադրվող խնդիրներն են՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, բեռների առաքում, խոչընդոտների հաղթահարում և հեղուկ նյութերի սփռում։ Մրցույթի մասնակցության հայտ ներկայացնող խմբերը կարող են առաջարկել նաև լուծումներ, որոնք նշված չեն ցանկում: Կարևորելով ՀՀ-ում տեխնոլոգիական լուծումների կիրառումը տնտեսության բոլոր ոլորտներում, այդ թվում նաև արտակարգ իրավիճակների պայմաններում, և ի աջակցություն տեխնոլոգիական ոլորտի սկսնակ թիմերին՝ պետբյուջեով նախատեսված միջոցներից 15 մլն դրամն ուղիղ դրամաշնորհի տեսքով հատկացնել հիմնադրամին:
Ընդունվել են որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումներ
Կառավարությունն ընդունել է «ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ և Արագած բնակավայրերում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Այն բխում է «Արագած» ներդրումային ծրագրի իրականացման նպատակներից, որը միտված է ՀՀ-ում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը:
Մեկ այլ որոշմամբ էլ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում վերակառուցվող Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ և թույլտվություն կտրվի ծրագրի շրջանակում հանրության գերակա շահ ճանաչված հողամասի օտարման պայմանագիրը մասնակի լուծելու համար։
Իրականացվել է Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքների ավելի քան 94 %-ը
Գործադիրն ընդունել է որոշում՝ Վեդի ջրամբարի շահագործման հանձնելու գործընթացն իրականացնելու համար, որի արդյունքում կապահովվի Արարատի մարզի 8 բնակավայրերի ավելի քան 3200 հա հողատարածքների հուսալի ոռոգումը, ինչպես նաև տարեկան տնտեսել շուրջ 19 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա։ Ըստ հիմնավորման՝ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն իրականացնում է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը: Պայմանագրով նախատեսվում է կառուցել Վեդու 29,4 մլն մ3 ընդհանուր ծավալով ջրամբարը: Մինչ օրս իրականացվել են ընդհանուր աշխատանքների ավելի քան 94 %-ը։ Կառուցված է հիմնական պատվարի 85 մետր բարձրության շուրջ 75 մետր հատվածը։ Ավարտական փուլում են գտնվում նաև հիդրոմեխանիկական սարքավորումների տեղադրման աշխատանքները։ Պայմանագրի իրականացման ընթացքում ընկերության մոտ ի հայտ եկան ֆինանսական խնդիրներ, որոնք պայմանավորված էին մի շարք հանգամանքներով, ներառյալ կորոնավիրուսային վարակով, պատերազմական իրավիճակով, շինարարական նյութերի թանկացմամբ և այլն։ Որոշմամբ ակնկալվում է մեղմացնել ՀՀ-ում արտարժույթի փոխարժեքի նվազման բացասական ազդեցությունը և ընկերության ֆինանսական վատ վիճակը՝ ապահովելով պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտը 2023թ. դեկտեմբերին:
Կառավարությունն ընդունել է նաև «Ազատի և Ապարանի ջրամբարների մեռյալ ծավալների հնարավոր օգտագործելի մասն օգտագործելու վերաբերյալ» որոշում՝ ՀՀ-ում հայտարարված սակավաջրությամբ, այդ թվում՝ Ազատի և Ապարանի ջրամբարներում առկա ջրաքանակի սակավությամբ և շոգ կլիմայական պայմաններում հողատարածքների ոռոգման ջրամատակարարման բարձր պահանջով, ինչպես նաև Սևանա լճից ոռոգման նպատակով լրացուցիչ ջրառը հնարավորինս զսպելու հանձնառությամբ:
Կապահովվի ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10-ը տարով երկարացնելու գործընթացը
Գործադիրը հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու ծրագիրը և ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպման և կատարման պլանը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության 2014թ․ մարտի 27-ի համապատասխան արձանագրային որոշման համաձայն իրականացվել է էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը, որի արդյունքում էներգաբլոկի շահագործման ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչև 2026 թ.: Ծրագրի շրջանակում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ (շուրջ 189 մլն ԱՄՆ դոլար ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներ, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից շուրջ 63,2 մլրդ դրամ)։ Հաշվի առնելով արդեն իսկ կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև մասնագիտացված կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարացման միջազգային փորձը՝ նախատեսվում է, որ լրացուցիչ ներդրումներ/աշխատանքներ կատարելու միջոցով հնարավորություն կստեղծվի երկարացնել էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10-ը տարով՝ 2026 թվականից մինչև 2036 թվականը:
Այլ որոշումներ. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը համալրվել է շուրջ 8,794.5 մլն դրամով
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարումը՝ ՀՀ 2023թ. պետական բյուջեի 6 ամսվա տնտեսված գումարները ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը համալրելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը համալրվել է շուրջ 8,794.5 մլն դրամով՝ հետագայում որոշակի առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղելու նպատակով:
Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ սնանկության դատարանի դատավորների թվակազմը 3 դատավորով կրճատելու, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմը 2 դատավորով և ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմը 1 դատավորով ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկություններին: Արդյունքում՝ հնարավոր կլինի ապահովել դատարաններում քաղաքացիական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունը, գործերի բաշխման համաչափության ողջամիտ հարաբերակցության ապահովումը:
Գործադիրը հաստատել է Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսանվտանգության հետևանքով շրջակա միջավայրին, մարդու կյանքին և առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման և հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների պետական ծրագիրը: Արդյունքում՝ ՀՀ-ում կբարելավվեն կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջոցառումները, կբարձրանա հասարակության տեղեկացվածության մակարդակը, կիրականացվի առավել արդյունավետ վերահսկողություն, կբարձրանա պարենային անվտանգության մակարդակը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ