Արամի 60 հասցեում՝ Չարենցի տուն-թանգարանի շենքի տանիքին կառուցված ձեղնահարկն ապամոնտաժվեց: Շինությունը կառուցվել էր առանց քաղաքաշինական նորմերի պահպանման և հանրային վտանգ էր պարունակում: Այս մասին փաստում է արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի եզրակացությունը: Հաշվի առնելով այն՝ համատիրությունը նախաձեռնեց ապամոնտաժումը:
«Համատիրությունը դիմել է Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնին, և նախորդ ուրբաթ օրը ստացանք եզրակացություն, որ տվյալ շինությունը կառուցվել է առանց համապատասխան քաղաքաշինական նորմերի պահպանման, և դրանից բացի, որը շատ կարևոր հանգամանք է, տվյալ շինությունը հանրային վտանգ է պարունակում երրորդ անձանց համար»,-նշում է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը:
Սեփականատերը վերնահարկի կառուցման համար ավելի վաղ դիմել էր Երևանի քաղաքապետարան և 2022 թվականին ստացել շինթույլտվություն, իսկ արդեն այս տարվա մարտի 16-ին շինությանը տրվել է ավարտական ակտ, սակայն դրանից հետո քաղաքացին շարունակել է շինարարությունը:
«Անհասականալի է մեզ համար, թե ինչ իրավական հիմքով կամ առհասարակ որևէ հիմքով կարող են քանդել, երբ առկա է սեփականության վկայական»,-ասում է սեփականատիրոջ ներկայացուցիչ Արմեն Օհանյանը:
«Նախկինում տրված թույլտվությունը փաստացի արտաքին տեսքի փոփոխություն չի ենթադրել, ուղղակի հնարավոր կոնստրուկտիվ լուծումներով մանսարդային հարկ է կառուցվել, պատուհաններ տեղադրվել: Որից հետո՝ հունիսի 3-ին, տվյալ բնակիչը որոշել է շարունակել աշխատանքները և արդեն էական շեղվել է նախկինում արդեն իսկ ստացածված շինթույլտվության շրջանակներից»,-ընդգծում է Ասատրյանը:
Հունիսի 4-ին սեփականտիրոջ նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել: Տուգանքի չափը՝ 1 մլն դրամ: Բնակիչը ստորագրել է այն՝ համաձայնելով և փաստելով, որ շինարարությունն ինքնակամ է և անօրինական:
Ապամոնտաժման համար գործի է դրվել հատուկ տեխնիկա: Երեք օր շարունակվող աշխատանքներից հետո տանիքը բերվել է նախկին տեսքի: Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցում համայնքն այլևս չի թույլատրելու, սա քաղաքային իշխանության մոտեցումն է ու սկզբունքը:
Այս օրերին զուգահեռ ապամոնտաժվում է նաև Մաշտոցի պողոտա 37 հասցեի տանիքին կառուցված ևս մեկ վերնահարկ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն