Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտամ՝ հաճախ շփվի ֆրանսիական կողմի հետ, Ֆրանսիայի նախագահի հետ և այնտեղից կլսի շատ ավելի պրոհայկական դիրքորոշումներ, քան իր կաբինետում նստած մարդկանցից»․ Թագուհի Թովմասյան

Սեպտեմբեր 14,2023 16:52

«Իմ հայրենի Վարդենիսում ամեն օր վայելում ենք խաղաղության կրակոցները, դրանց տակ ենք գիշերում։ Այդ պայմաններում, երբ այս պահի դրությամբ այդ հատվածում ահռելի կուտակումներ են, սա նշանակում է, որ անվտանգային մարտահրավերներն ավելի առաջնային են»,- ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա արձանագրեց, որ արցախցիները և Արցախն այս պահին կյանքի ու մահու կռիվ են տալիս, հումանիտար վիճակը իսկապես օրհասական է, և այս ֆոնին իշխանությունը համերգներ, հրավառություններ է կազմակերպում․ «Ստացվում է՝ մեր հայրենակիցներն ունեն շոր ու կոշիկի խնդիր, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զբաղված է Երևանը օկուպացնելու՝ իր ծրագիրը իրականացնելով։ Ամեն գնով փորձում են մայրաքաղաքում պահպանել իշխանություն։ Նրանք կանգ չեն առնում ոչնչի առաջ, ակնհայտորեն վարչական ռեսուրս են կիրառում, այն, ինչ նախկինում Նիկոլ Փաշինյանը մերժում, քննադատում էր, հիմա հերթականությամբ և առավել լկտի ձևակերպումներով նույնն իրականացվում է կամ շատ ավելի ծայրահեղ դրսևորմամբ իրականացվում է հիմա»։

Թագուհի Թովմասյանը ահազանգեց՝ ՀՀ-ում գրեթե բոլոր պետական պաշտոնյաները զբաղված են քարոզչությամբ․ «Վարդենիսի հիվանդանոցում մենք բժիշկներ չունենք, շատ սենյակներ մարդկանց գլխին փուլ են գալիս, բայց առողջապահության նախարարը հավաքում է իր տեղակալներին և աշխատակիցներին ու գնում քարոզարշավի»։

Ըստ Թագուհի Թովմասյանի՝ այս պայմաններում ինչ էլ տեղի ունենա սեպտեմբերի 17-ին, պետք է արձանագրենք, որ այդ ընտրություններն այս պահի դրությամբ արդեն իսկ կասկածի տակ են․ «Թերևս պետք չէր զարմանալ, որ ՔՊ վարչության ընտրությունների խայտառակ կեղծիքներից հետո պիտի նաև կեղծվեն մնացած բոլոր ընտրությունները։ Օրինաչափ է, որ Երևանի ավագանու ընտրությունները պիտի տեղի ունենան այսչափ աղաղակող ընտրախախտումների պայմաններում»։

Թագուհի Թովմասյանը նաև դատապարտեց լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Անի Գևորգյանի նկատմամբ իրականացվողը, իր աջակցությունը հայտնեց լրագրողներին։

Լրագրողների փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական փաստարկներով չի լուծվելու Ղարաբաղի հարցը, Թագուհի Թովմասյանն արձագանքեց․ «2020-ից հետո տարբեր առիթներով հայտարարել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ի ամենավատ բանակցողն է, քանի որ հենց նրա բանակցությունների արդյունքն էր, որ դիվանագիտությունը ավարտվեց և սկսվեց պատերազմ։ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, չի կարող որևէ հայկական փաստարկ ներկայացնել, քանի որ հենց ինքն է հայտարարել, որ բանակցությունների մանրամասներին տեղեկացել է Ալիևից, իսկ Ալիևը չի կարող նրան պրոհայկական որևէ դիրքորոշում փոխանցել։ Եթե նա բանակցություններից տեղեկացած լիներ այլ աղբյուրից, գոնե ՀՀ-ի կողմից բանակցած տարբեր նախագահներից, գուցե իր մոտ դիրքորոշումն այլ լիներ, հասկանար, որ հայկական փաստարկները կան։ Այսինքն՝ Ադրբեջանն էլ ի՞նչ պիտի անի, որ դուք կարողանաք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ նրանք չեն կարող խաղաղ համագոյակցել, չի կարող Ադրբեջանի կազմում արցախցին խաղաղ ապրել, քանի որ Ադրբեջանն այս պահին արցախցուն թողնում է սոված, անլույս, առանց գազ և դրան գումարած՝ շարունակ հարձակվում է խաղաղ բնակչության վրա, ահռելի ռազմական հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել պատերազմի ընթացքում, խոշտանգումները, որոնք պատերազմի օրերին են տեղի ունեցել։ Դրանից ավելի ի՞նչ հայկական փաստարկ պիտի բերվի, որ միջազգային հանրությունը հասկանա, որ չեն կարող այդ երկու ժողովուրդները խաղաղ գոյակցել, և անխուսափելի է, որ ինքնորոշման իրավունքը դառնա ճանաչման առարկա։

Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտամ՝ որպես հայկական դիրքորոշում կամ փաստարկ հաճախ շփվի ֆրանսիական կողմի հետ, Ֆրանսիայի նախագահի հետ և այնտեղից կլսի շատ ավելի պրոհայկական դիրքորոշումներ, քան իր կաբինետում նստած մարդկանցից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930