Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարոյանը երեկ, այսօր և վաղը»՝ հանրային դասախոսություն ազգային գրադարանում

Սեպտեմբեր 14,2023 16:44

Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը Ուիլյամ Սարոյանի ծննդյան 115-ամյակին նվիրված «Սարոյանը երեկ, այսօր և վաղը» խորագրով հանրային դասախոսություն կարդաց Հայաստանի ազգային գրադարանում՝ անդրադառնալով Սարոյանի անցյալ ու ներկա թարգմանություններին, այսօրվա ընկալումներով նրա գրական ժառանգության արժեւորմանը։

«Հայաստանում հետաքրքրությունը Սարոյանի նկատմամբ սկզբնական շրջանում շատ նեգատիվ է եղել, հատկապես Ստալինյան ժամանակաշրջանում… Իհարկե, ես չեմ ուզում այդ թեմայի շուրջ ծավալվել, ինչ եղել է, եղել է: Այսօր ավելի շուտ կխոսենք դրականի մասին»,-ասաց թարգմանիչը դասախոսության սկզբում:

Ապա շարունակեց. «Ըստ էության սփյուռքահայ մամուլում Սարոյանի գործերը սկսել են թարգմանվել հենց 1930-ականների երկրորդ կեսից»:

Ինչ վերաբերվում է Խորհրդային Հայաստանին՝ այս մասին էլ ասաց. «Առաջին գիրքը 1959թ լույս տեսած Սարոյանի գործերի մի ժողովածու է՝ «ժամում 60 մղոն» վերնագրով: Իմ՝ Սարոյանի ճանաչումը սկսվել է հենց այդ ժողովածուից, որը շատերի տանը կար: Այն ժամանակ դա համարվում էր բավական պատշաճ հրատարակություն, բայց ժողովածուն թարգմանված էր միջնորդ լեզվից՝ ռուսերենից: Թեեւ այնտեղ փորձառու մարդիկ էին ինչ-որ գործեր թարգմանել, օրինակ` հայ գրող Խաչիկ Հրաչյանը»:

Ի թիվս այլնի, Զավեն Բոյաջյանը անդրադարձավ նրան, թե ինչու լինելով ամերիկյան ամենահայտնի գրողներից մեկը՝ հետզհետե ավելի պաղ ընդունելության արժանացավ: Նա հավելեց, որ եթե Սարոյանի գրականությունը տասնամյակների կտրվածքով հետեւելու լինենք, ապա կտեսնենք, որ հայկականությունը, հայկական մոտիվները գնալով ավելի ու ավելի կենտրոնական տեղ են գրավում այնտեղ:

Հավելենք, որ ըստ Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի, Սարոյանի «Քո կյանքի ժամերը» պիեսների ժողովածուն Ազգային գրադարանի ամենապահանջված գեղարվեստական գրքերի տասնյակում է։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930