Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Ազոյան․ «Հանրությանը կանգնեցրել են անհարմար ընտրության առջեւ՝ պետականամետ եւ ՌԴ շահերը սպասարկող ուժերի միջեւ պետք է ընտրություն կատարեն»

Սեպտեմբեր 14,2023 16:29

«Հանրությանը կանգնեցրել են անհարմար ընտրության առջեւ․ պետք է ընտրություն կատարեն պետականամետ ուժերի եւ Ռուսաստանի շահերը սպասարկող, ոչ թե կոնկրետ Պուտինի հետ համաձայնեցված ուժեր են, այլ դրանք ուժեր են, որոնք պատրաստ են յուրաքանչյուր պահի կոալիցիա կազմել կոնկրետ ուժերի հետ եւ Հայաստանի պետականության հարցը դնել կասկածի տակ»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Հովհաննես Ազոյանը։

Քննարկման մասնակից «Արդար Հայաստան» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Հրաչյա Ստեփանյանն էլ նշեց․ «Լինել ռուսամետ կամ եվրոպամետ, դա պետականամետ չէ։ Պետականամետն այն իշխանությունն է, այն ուժն է, որը հավասար պայմաններում կարողանում է թե Եվրոպայի հետ համագործակցել, թե Ռուսաստանի։ Միակողմանի կողմնորոշումը բերելու է աղետի։ Եթե կանգնել ենք այս ծայրահեղ իրավիճակում, դա մեր միակողմանի կողմնորոշման հետեւանք է»։

Ազոյանն արձագանքելով Ստեփանյանին, ասաց՝ ձեր ասած օրակարգը Փաշինյանը հրաշալի սպասարկում է․ «Նիկոլ Փաշինյանից եւ ՔՊ-ից ավելի լավ բալանսավորված քաղաքական ուժ չկա»։

«Եթե Փաշինյանը կարողանար օգտագործել մեր այս գաղափարը՝ հավասարապես չնեղացներ ԵՄ երկրներին եւ ՌԴ-ին, մենք այս իրավիճակում չէինք լինի։ Մենք առաջին հերթին պետք է առաջնորդվենք ՀՀ պետական շահով»,-ասաց Ստեփանյանը։

«Խնդիրը կոնկրետ երկու տարբեր սովորական երկրների միջեւ չէ՝ ԵՄ, քաղաքակիրթ հասարակություն եւ Ռուսաստան։ Խնդիրը աշխարհաքաղաքական իրավիճակն է, այսինքն՝ մենք գործ ունենք մի երկրի հետ, որն ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ճանաչվել է ահաբեկչական երկիր։ Կամ մենք դաշնակիցն ենք ճանաչված ահաբեկչական երկրի կամ մենք ազատվում ենք այդ պիտակից եւ գործընկերային հարաբերությունների մեջ ենք մտնում զարգացած քաղաքակիրթ երկրների հետ եւ դրանով իսկ ամրապնդում մեր պետականությունը։ Եվրամիության հետ ինտեգրումը չի նշանակում, որ մենք պետք է դառնանք Ֆրանսիայի կամ մյուսի կցորդ երկիրը»,-ասաց Ազոյանը։

Քննարկման մեկ այլ մասնակից՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Մարինե Մալխասյանն արձագանքեց Ազոյանին․ «Ի՞նչ տեռորիզմի մասին է խոսքը։ Եթե դուք վերցնեք մեր երկրի թուրքագետներին, իրանագետներին, չգիտեմ՝ չինաստանագետներին եւ այլն, նրանք շատ լավ կներկայացնեն ձեզ այդ երկրների շահերը։ Ինձ օրինակ բերեք մի պետական գործչի, որը շատ լավ ներկայացնում է Հայաստանի շահերը։ Ես չեմ տեսել։ Մենք ամբողջ օրն ապրում ենք Ադրբեջանի օրակարգով։ Մենք պետք է հասկանանք, որ մենք ունենք առաջնորդներ, որոնք պետականամետ են, հայամետ են եւ իրենք ունեն օրակարգ»։

Մալխասյանն ասաց, որ ժողովուրդը պետք է հասկանա, որ ընտրում է Երեւանի առաջնորդ, ընտրում է այն կուսակցությունից, որը հետագայում լինելու է նույնպես առաջնորդող։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930