Հայկ Մարությանի շտաբը հերթական անգամ փորձում է խաբկանքի մեջ գցել հասարակությանը՝ այս անգամ հայտարարելով, որ Հանրայինի եթերում հեռուստաբանավեճից խուսափելու պատճառը իրենց վերաբերմունք է հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանի հանդեպ։
Ուզում ենք տեղեկացնել, որ օրեր առաջ Տիգրան Ավինյանին առաջարկվել է մասնակցել Factor.tv-ի եթերում կայանալիք բանավեճին՝ քաղաքապետի թեկնածուների միջև։
Մեր հարցին, թե ո՞ր թեկնածուներն են մասնակցում, և արդյոք մասնակցո՞ւմ է Հայկ Մարությանը, Factor.tv-ի գործընկերները պատասխանել են, որ Հայկ Մարությանը ՀՐԱԺԱՐՎԵԼ Է բանավեճից։ Հիշեցնենք, որ Factor.tv-ում բանավեճերն ու հարցազրույցները Պետրոս Ղազարյանը չի վարում, ավելին՝ Factor.tv-ն քարոզարշավի ողջ ընթացքում խիստ դրական լույսի տակ է լուսաբանել Հայկ Մարությանի քարոզարշավը և առնվազն փոքր-ինչ ավելի բացասական լույսի տակ՝ Տիգրան Ավինյանինը։
Տեղեկացնենք նաև, որ Factor.tv-ին մեր պատասխանը եղել է հետևյալը.- «Մենք պատրաստ ենք մասնակցել բանավեճին, եթե դրանց մասնակցի նաև հարցումներով 2-րդ տեղը զբաղեցնող Հայկ Մարությանը ու սպասում ենք նրա մասնակցությամբ բանավեճի հրավերի»։
Կարդացեք նաև
Ինչպես հասկանում եք՝ նման բանավեճի հրավեր factor.tv-ից այլևս չի եղել, քանի որ Հայկ Մարությանը չի հաստատել մասնակցությունը։
Իհարկե, հեշտ է ամեն ինչի համար հազար ու մի արդարացում գտնել, սակայն կոչ ենք անում դադարեցնել այս ստերի վրա կառուցված արդարացումների ու մեղադրանքների կրակահերթը դեպի մեր հասարակությունը։
Հայկ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ