Լրահոս
Օրվա լրահոսը

«Էն խաղաղությունը, որ մեզ Ալիևն է առաջարկում, դա խաղաղությամբ հանգչել է նշանակում»․ Արթուր Խաչատրյան

Սեպտեմբեր 14,2023 16:17

«Ցավոք, ՀՀ իշխանությունների հետ աշխատանքը թույլ է տալիս ևս մեկ անգամ եզրակացնել, որ իրենք որոշումներ են ընդունում ռազմաքաղաքական իրավիճակին ոչ համահունչ և չեն հաշվի առնվում գերակա ու կարևոր խնդիրները։ ՀՀ իշխանության համար գերակա խնդիրն իրենց իշխանության պահպանումն է»,- ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա՝ ՀՀ իշխանություններն ամբողջ ուժերն ուղղել են իրենց աթոռները պահելու, ավելի շատ ուշադրություն են դարձնում երկրի ներսում իրավիճակին, քան Արցախին ու մեր սահմաններին․ «Երկու վատ քաղաքականություն են վարում այսօրվա ՀՀ իշխանությունները։ Առաջինը՝ Արցախը հաշվելով Ադրբեջանի կազմում և երկրորդը՝ հակառուսական լուրջ շարժում իրականացնելով, երկիրը վերածելով ուժային կենտրոնների միջև ռազմադաշտի»։

Ըստ Սեյրան Օհանյանի՝ վերջին շրջանի դրական իրադարձություններից մեկը մնում է ԱՀ նախագահի ընտրությունը․ «Գտնում եմ, որ այս իրավիճակում այդ համարձակ քայլը, նաև համարձակ թիմի ընտրությունն այն դրական քայլն է լինելու, որը հնարավորություն է տալու զարգացնել պայքարի այն ոգին, որը գոյություն ունի և′ Արցախում, և′ Հայաստանում»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ այս իշխանություններն ուրիշներին մեղադրելու համար չեն խորշում ամենապարզ, հանրահայտ ճշմարտությունները գիտակցաբար աղճատելուց․ «Որևէ բանական մարդ չի կարող կասկածել, որ Փաշինյանը չգիտեր տարբերությունը Ալմաթայի հռչակագրի և արձանագրության միջև։ Նա գիտակցաբար է տանում այդ աղճատումը, քանի որ ոչ ՀՀ-ն, ոչ Ադրբեջանը չեն վավերացրել Ալմաթայի հռչակագիրը․ դա վավերացման ենթակա փաստաթուղթ չէ։ ՀՀ-ն վավերացրել է Մինսկի կամ «բելովեժյան թավշուտի» համաձայնագիրը, Ադրբեջանը՝ ոչ։ Այն պահի դրությամբ, երբ ՀՀ-ն վավերացնում էր այդ փաստաթուղթը, Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկիր չէր։ Եվ որևէ դրույթ այդ պահին Ադրբեջանին չէր վերաբերում։ Հղում է կատարվում Լևոն Տեր-Պետրոսյանի ինչ-որ հոդվածի, որի մասին Լևոն Զուրաբյանը հայտարարություն տարածեց։ Ինչու է դա անում Նիկոլ Փաշինյանը, որ ցույց տա՝ ինքն անմեղ է։ Ասում է՝ Ալմաթայի հռչակագիրը մեր կադաստրի վկայականն է, դրանով աշխարհը ՀՀ անկախությունը ճանաչեց։ Ավելի մեծ սուտ ես չեմ լսել։ ՀՀ-ն իր անկախությունը հռչակեց սեպտեմբերի 23-ին սեպտեմբերի 21-ի հանրաքվեի հիման վրա, բայց աշխարհը ճանաչեց ՀՀ անկախությունը, երբ ԽՍՀՄ ազգությունների խորհուրդը հայտարարեց, որ սովետական միությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և տարածքային միավոր գոյություն չունի։ Ալմաթայում ՀՀ-ն որոշեց միանալ ԱՊՀ-ին, ոչ թե որոշեց անկախություն հռչակել։ Պարզունակ ստերով փորձում է արդարացնել սեփական ձախողումը»։

Ըստ նրա՝ ՀՀ դիրքորոշումը Արցախի նկատմամբ երբեք այսքան թշնամական չի եղել։ Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Մի շնորհավորի, զանգի, աջակցություն հայտնի։ Ծանր վիճակում գտնվող ընկերոջը գործուն աջակցությունն ավելի կարևոր է, քան շնորհավորանքը։ Բայց դա էլ մենք չենք տեսնում»։

Լրագրողների հարցին՝ ի՞նչ պետք է անի ՀՀ իշխանությունն այժմ, որ չի անում, Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «Երբ իրենք ասում են, որ ԱԺ ամբիոնից դրա մասին չի կարելի խոսել, առնվազն չեն տիրապետում այն մեթոդաբանությանը, որ իրենք պետք է աշխատեն հանրության հետ։ Երեկվա հարցուպատասխանից եկանք այն եզրակացության, որ հայտնի խոսքեր կան՝ ով ուզում է աշխատի, միջոցներ է ձեռնարկում, ով չի ուզում աշխատել, պատճառներ է հորինում։ Ինքը ոչ միայն արդարացնում է իրեն, իր թիմին, այլև Ալիևին, որովհետև իր պատասխանում մենք չլսեցինք որևէ բան, ինչը փորձում են ձեռնարկել։ ՀՀ իշխանությունը հստակ գնահատական պիտի տա․ լուրջ տեղեկատվության, ուժային կառույցների և ՊՆ-ի հետ միասին իրենք են տիրապետում։ Պետք է քննարկվեն կարևոր օղակներում և դրանից ելնելով՝ միջոցներ ձեռնարկվեն։ Այն, որ ասում եմ՝ համահունչ չեն գործում, դա երևում է մեր հանրապետության ներսում։ Փոխանակ առաջին գիծը կահավորեն, ինժեներական-շինարարական ամբողջ ներուժը օգտագործեն պաշտպանությունն ամրապնդելու, այդ ամբողջ ներուժն օգտագործում են՝ ասֆալտային ճանապարհներ կառուցելով»։

Հարցին՝ Ադրբեջանի կողմից զորքի կուտակմանը զուգահեռ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումները որքանո՞վ եք իրատեսական համարում, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Խաղաղությունը հավանաբար հայոց լեզվի ամենաընդգրկուն բառն է։ Մարդը, որ մահանում է, ասում են՝ հանգչիր խաղաղությամբ։ Էն խաղաղությունը, որ մեզ Ալիևն է առաջարկում, դա խաղաղությամբ հանգչել է նշանակում։ Դա չի բերի հայկական պետականության, երկու հայկական պետականությունների և հայ ազգի խաղաղության, անպատերազմ ապագայի, բարեկեցիկ կյանքի, ազգային իղձերի և տեսլականի իրականացման։ Դա կբերի խաղաղ հանգչելուն։ Կլինենք մի փոքր երկիր, որը միգուցե քարտեզի վրա լինի, բայց կլինի միջազգային քաղաքականության ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ։ Խաղաղություն ապահովում են սեփական բանակով, ճկուն դիվանագիտությամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930