Կապանի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Քրիստինե Պետրոսյանը հեռակա մարտահրավեր է նետել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Վերջինս Քրիստինե Պետրոսյանին 2022թ․ ապրիլին ազատել է տնօրենի պարտականություններից, քանի որ նրա հետ պայմանագիր էր կնքվել մեկ տարի ժամկետով։ Դատարանը ճիշտ է համարել մարզպետի որոշումը եւ Պետրոսյանին չի վերականգնել աշխատանքում։
Երեկ Քրիստինե Պետրոսյանը հայտարարել է, որ «Ղուկասյանը իր բանդայով» դուրս է եկել իր դեմ։ Ըստ տիկնոջ հայտարարության՝ երբ Ղուկասյանը վարչապետի խորհրդական էր ու Սյունիքի հարցերով միջգերատեսչական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար, թանգարանի արդիականացման համար գումար է հատկացնում։ Հետո, ըստ Քրիստինե Պետրոսյանի, նրան հորդորում են՝ գումարը փոխանցել փորձագետի հաշվեհամարին այն դեպքում, երբ ոչ մի գործ չէր արված։ Տիկնոջ խոսքով, մարզպետը փորձում է թուլացնել Նիկոլ Փաշինյանին՝ աշխատանքից ազատելով ՔՊ-ականներին։
Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքի էջով իր հերթին պատասխանել է աշխատանքից ազատված տիկնոջը։ Ըստ Ղուկասյանի՝ ինքը «ֆեյքաբլոգերային, անանուն ու բամբասանքախառը, զրպարտող, սիրողական մակարդակի անհայտ ծագման կայքերում ու սոցիալական հարթակներում հրապարակվող գրոհներին» պատասխանելու միտում չունի։ Պարզապես դիմում է իրեն ճանաչող, իր գործունեությանն իրապես ծանոթ, իր արժեհամակարգին, աշխարհայացքին ու Սյունիքին նվիրվելու աշխատելաոճին հավատացող քաղաքացիներին, որոնց մեջ կարող են հարցեր ծագել կամ թյուրըմբռնում լինել։
«Հասկանում եմ, որ Սյունիքի զարգացման իմ տեսլականով, ոչ պրոֆեսիոնալ ղեկավարման մոդելը չընդունելու, մասնագիտական ունակությունների բացակայությունը ու նույնիսկ հակաօրինական գործունեությունը չընդունելու իմ աշխատելաոճը ոմանց քիմքին հաճելի չէ։
Կարդացեք նաև
Թող ոչ ոք չփորձի ինձնից առավել պետականամետ, կառավարության ու ՀՀ վարչապետի ծրագրերին, որդեգրած քաղաքականությանը համահունչ գործելու ջատագով երեւալ։ Ի՞նչ եմ արել կամ անում Սյունիքի զարգացման ու անվտանգային միջավայրի համար, գիտեն բոլորը, ովքեր հետաքրքրված են, սրտացավ ու մասնակից են այդ ամենին ու օր առաջ ուզում են համատեղ ջանքերով մի քար դնել ամուր Սյունիք ունենալու համար։ Ընդ որում, Սյունիքի բոլոր մակարդակների կառավարման օղակները երբեք այսքան միասնական չեն եղել ու համագործակցված աշխատող, ինչպես վերջին մեկուկես տարում։
Անընդունելի են անձնական, ընկերական, ընտանեկան կապերի տիրույթ մտնելու, մարդու ծննդավայրով պայմանավորված՝ ատելության խոսք, խառնակչություն, հայատյաց թեզեր գեներացնելն ու մեր հայրենիքի համար այս բարդ շրջանում միմյանց դեմ լարելու խոսույթը։ Անընդունելի է զուտ աշխատանքային, օրենսդրական հիմքերով պայմանավորված կադրային քաղաքականությունը միջանձնային երեւակայական ինչ-ինչ խաղերի համատեքստում դիտարկելը։
…Բնակարան չեմ գնել․ ինչպես այսօր Հայաստանի Հանրապետությունում բնակվող շատ ընտանիքներ, ձեռք եմ բերել բնակարանի գնման իրավունք՝ կառուցվող շենքում՝ վարկով, ու այդ ամենը հստակ երեւում է իմ հայտարարագրում։ Այստեղից էլ բոլոր՝ «Որտեղից նրան գումար՝ տուն գնելու համար» հարցի պատասխանը՝ վարկ եմ վերցրել, որում արտառոց ոչինչ չկա։ Մարզպետ դառնալուց հետո մեքենաներ չեմ գնել․ ազգականներիս մեքենաների նկարները հրապարակելը՝ զուտ հանրային կարծիք ստեղծելու համար, մեղմ ասած, հնացած գործելաոճ է։
Իշխող կուսակցության անդամներին չբարեւելը կամ բոլորի հետ չշփվելը զրպարտություն է, այդ մասին կփաստեն նույն այդ մարդիկ։ Այլ հարց է, որ հանրության մեջ, ինչպես բոլոր տիպի մարդկային հարաբերություններում, անհատը որոշ մարդկանց հետ առավել մտերիմ է լինում, որոշ մարդկանց հետ շփվում միայն գործնական հարաբերությունների շրջանակում։ Այլ մանր ու հնարովի մեղադրանքների չեմ ուզում անդրադառնալ․ աշխատել ու աշխատում եմ հանուն Սյունիքի ու Հայաստանի Հանրապետության»,-նշել է Ղուկասյանը։
Ի դեպ, հիշեցնենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքից ազատել է Կապանի բժշկական կենտրոնի, ՔՊ-ական տնօրեն Ասատուր Ասատրյանին՝ աշխատանքը ճիշտ չկազմակերպելու եւ պարտքեր կուտակելու հիմնավորմամբ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ