Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔՊ-ի նվիրատուների ցուցակը չի հրապարակվում. Մենուա Սողոմոնյանը՝ նախընտրական քարոզարշավի դիտարկումներն է ներկայացնում

Սեպտեմբեր 14,2023 15:11

«ՀայաՔվե» դիտորդական առաքելության ստեղծման պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում, փաստացի, քաղհասարակության ճգնաժամ է եւ պետական մարմինների՝ իշխանության կողմից խիստ ուզուրպացիայի պայմաններում, մտահոգություն կա, որ ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները հայտնվել են անհետացման սպառնալիքի տակ. այսօր կայացած ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ «ՀայաՔվե» դիտորդական առաքելության շտաբի պետ Մենուա Սողոմոնյանը: Նա տեղեկացրեց, որ ընտրությունների օրը ուշադրությունը հատկապես քվեարկության ընթացքի եւ ձայների ամփոփման վրա են պահելու, քանի որ արդեն իսկ մտահոգիչ ազդանշաններ կան:

Նախաձեռնության անդամներն այսօր ներկայացրին Երեւանի ավագանու ընտրություններում «ՀայաՔվե» դիտորդական առաքելության միջնաժամկետ զեկույցը: Մենուա Սողոմոնյանը մտահոգիչ երկու փաստի վրա է ուշադրություն հրավիրում. առաջին՝ քաղաքացիներին մարզային բնակության վայրից հանում եւ վերագրանցում են Երեւանում, ինչը նշանակում է, որ քվեարկության ընթացքում խնդիրներ են առաջանալու լրացուցիչ ցուցակների հետ կապված: Եվ երկրորդ՝ որն ավելի մեծ եւ մտահոգիչ է, գումարի, վարձատրության դիմաց գործունեություն իրականացնող բակային «տասովչիկները» լծված են հավաքագրման եւ ուղղորդման աշխատանքին, ինչը արտացոլում է գտնելու նաեւ քվեարկության ընթացքում:

Մենուա Սողոմոնյանի դիտարկմամբ, ՔՊ-ն իր ռեսուրսներով եւ վարքագծով, նախընտրական շրջանում արդեն իսկ ստեղծել է խիստ անհավասար պայմաններ՝ ընտրություններին մասնակից մյուս ուժերի համար: Մասնավորաբար՝ բազմաթիվ օգտահաշիվներ են ստեղծվում սոցցանցերում, որոնք ծառայեցվում են իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի մրցակիցներին սեւացնելու գործին: Նախընտրական ամենամեծ ֆոնդը ՔՊ-ինն է եւ հատկանշական է, որ նվիրատուների ցուցակը մինչ օրս հայտնի չէ, մինչդեռ նվիրատվությունները օրենսդրությամբ կարգավորվում են: Ուստի, առաքելության ղեկավարը եզրակացնում է, որ կոռուպցիոն եւ վարչական համակարգերի ներդրմամբ, իշխանական թեկնածուն մեծ նյութական առավելություն ունի իր մյուս մրցակիցների նկատմամբ:

Խախտումների երրորդ խումբն էլ վերաբերվում է կաշառատվությանը: Բանախոսը հիշեցնում է այն փաստը, որ իշխանական թեկնածուի համար ժամը հազար դրամով մարդիկ էին հավաքագրվում՝ քարոզարշավին քարոզչական շապիկներով եւ պաստառներով քայլելու համար: Մենուա Սողոմոնյանը հատկանշական է համարում, որ այս դեպքով որեւէ քրեական վարույթ չիրականացվեց:

Կաշառքի ձեւ է նա համարում նաեւ «Երեւանի կանաչապատում» ՀՕԱԿ-ի, աշխատակիցների 500 հազար դրամով պարգեւատրումը՝ ընտրություններից մի քանի օր առաջ, Մալաթիա-Սեբաստիայում սոցիալապես անապահովներին տեխնիկա տրամադրելու՝ վարչական շրջանի կայքէջում տեղադրված հայտարարությունը եւ այլն:

Իսկ վարչական ռեսուրսի կիրառումը ՔՊ-ի կողմից այս քարոզարշավում, Մենուա Սողոմոնյանը աննախադեպ է համարում. ամենավառ օրինակը՝ մարդկանց ստիպողաբար Տիգրան Ավինյանի քարոզարշավին բերելն է: Բացի այդ, ոչ միայն վարչական շրջանների ղեկավարներն են մասնակցում Տիգրան Ավինյանի քարոզարշավին, այլ նաեւ տարբեր հանրային եւ պետական ծառայողներ՝ քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը, կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը եւ այլն :

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930