Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հրամցնում է, թե Մարությանն է իր ընդդիմությունը․ արդյոք սա քաղաքական դաշտի արժեզրկում չէ»․ Հրաչյա Ստեփանյան

Սեպտեմբեր 14,2023 14:53

Երեւանի ավագանու ընտրություններն ավելի շատ քաղաքական նշանակություն ունեն, որովհետեւ Հայաստանի առջեւ մեծ մարտահրավերներ են՝ աշխարհաքաղաքական եւ քաղաքական։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Հովհաննես Ազոյանը։ Նրա խոսքով՝ կուսակցությունները փորձում են զբաղեցնել իրենց դիրքերն այս քաղաքական գործընթացներում, տեղի է ունենալու իշխանության վերաբաշխում եւ քաղաքական ուժերը մասնակցում են այդ վերաբաշխմանը։

Անդրադառնալով նախընտրական ծրագրին, Ազոյանն ասաց՝ մենք պատկերացնում ենք Երեւանը որպես էսթետիկ քաղաք, մարդու շուրջ կառուցված քաղաք, որտեղ մարդն է կարեւոր արժեքը, որի համար է արվում ամեն ինչ․ «Այդպիսի քաղաք հնարավոր է ստեղծել միայն Եվրամիության երկրների հետ սերտ համագործակցությամբ»։

Քննարկման մասնակիցներից «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Մարինե Մալխասյանն էլ պատասխանելով հարցին՝ ինչու քաղաքային զարգացման ծրագիր չեն ներկայացրել, ասաց․ «Մյուս բոլոր ուժերը, որոնք ներկայացնում են քաղաքային ծրագիր․․․ պարզապես ներկայացվում է՝ մենք գիտենք քաղաքի խնդիրները, որոշակի աշխատանք կատարվում եւ ներկայացվում է։ Մենք էլ կարող ենք շատ լավ ներկայացնել։ Ես սերտորեն համագործակցել եմ քաղաքապետարանի հետ, գիտեմ բոլոր ծրագրերը, զարգացման պլան կար, բայց դրա մասին չէ խոսքը։ Այսինքն, ցանկացած թիմ, որն ունի կառավարչական հմտություն, գիտելիքներ, կարող է գալ եւ լավագույն ծրագիրը ստեղծել Երեւանի համար։ Դրա հիմքերն արդեն կան, այնպես չէ, որ մենք զրոյից ենք սկսելու, պարզապես պետք է հասկանալ, թե ինչպես ես կառավարում այդ գործընթացը։ Մենք չենք ուզում դրա մեջ մտնել, եթե մենք մտնենք այդ օրակարգի մեջ, դա պարտվողական օրակարգ է։ Մենք չենք կարող անել իշխանափոխություն իշխանության օրակարգի մեջ»։

Քննարկման մյուս մասնակիցը՝ «Արդար Հայաստան» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածու Հրաչյա Ստեփանյանն էլ նկատեց՝ ցանկացած ընտրություն քաղաքական է․ «Մենք սա համարում ենք քաղաքական ընտրություններ, որովհետեւ հնարավորություն է տալիս Երեւանի ընտրությունների միջոցով գալ այն կետին, որ Նիկոլ Փաշինյանին եւ այս իշխանությանը վերջ տրվի։ Այսինքն` Երևանում արդար եւ ազնիվ ընտրություններով ընդդիմադիր քաղաքական ուժը գա քաղաքային իշխանության, որն էլ կարող է վերջ դնել այս իշխանությանը»։

Ստեփանյանը կուսակցության ծրագրերից որոշ դրույթներ ներկայացրեց՝ խելացի եւ կանաչ Երեւան, 24 ժամյա կառավարում՝ գիշերային քաղաքապետի ինստիտուտ, քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդ, անօրինական շինությունների օրինականացում՝ օրենքով սահմանված կարգով կամ ապամոնտաժում, Դալմայի այգիների 238 հեկտար տարածքում անտառ-պուրակի ստեղծում, որը կլինի հանգստի գոտի՝լողավազաններով ու լճակներով, ներդրողների համար գրավիչ ու նպաստավոր փոքր կենտրոն։

Քարոզարշավի ընթացքում, ինչպես ասացին բանախոսները, քաղաքացիներն առաջին հերթին նշում են անվտանգային խնդիրները, Արցախում ստեղծված իրավիճակը, հետո նոր տրանսպորտ, քաղաքաշինություն եւ այլն։

Մարինե Մալխասյանն էլ ասաց՝ քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպումների են գնում ոչ թե ձայն ստանալու համար, այլ պարզապես բակային մշակույթի մեջ մտնելու համար․ «Պետք է գնալ ու հասկանալ, թե ինչով են ապրում մարդիկ, ինչ է իրենց հուզում բակերում։ Մարդկանց մեծ մասը հարցնում է անվտանգային խնդիրների մասին, թե քաղաքական ուժն ինչ դիրքորոշում ունի։ Իհարկե, հասկանալի է, որ ավագանու գործառույթը չէ, որ գնալու է սահման հարց լուծի, բայց ավագանու թեկնածուի դիրքորոշումը շատ կարեւոր է»։

Մալխասյանի կարծիքով՝ եթե որպես ավագանու կամ քաղաքապետի թեկնածու դիրքորոշում չեն հայտնում այս կարեւորագույն խնդիրների մասին, ուրեմն թեկնածուն պետական մտածելակերպ չի ցուցադրում․ «Պետք է հասկանալի լինի՝ եթե թեկնածուն չի ուզում այս խնդիրներից խոսի, խոսում է միայն մանկապարտեզների մասին, դա ինչ-որ բանի մասին է խոսում»։

Հրաչյա Ստեփանյանը Մալխասյանին հետաքրքրվեց՝ եթե գաք քաղաքային իշխանության, ինչպե՞ս է ավագանին լուծելու սահմանային խնդիրը, Արցախի հարցը՝չունենալով նույնիսկ քաղաքի վերաբերյալ ծրագրային օրակարգ։

«Եթե մենք ընտրվենք՝ դա սկիզբն է լինելու իշխանափոխության, այն քաղաքական օրակարգի վերափոխման, որ այսօր ասում են ժողովրդին՝ դուք ոչինչ չեք կարող անել, դասալիք եք, պարտվող եք եւ այլն»,-պատասխանեց Մալխասյանը։

Ստեփանյանը վստահեցրեց, որ «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով պետք է հասնել իշխանափոխության․ «Մենք պետք է հասնենք այն մակարդակին, որ ժողովուրդն իրապես ձայն տա իր համար վստահելի քաղաքական թիմին։ Այլեւս չպետք է փողոցով իշխանություն գա։ Երեւանի ընտրությունները հնարավորություն են Փաշինյանի իշխանությանը վերջ տալ»։ Ստեփանյանը դիմելով Մալխասյանին, հարցրեց՝ ասում եք քաղաքային իշխանությունը պետք է զբաղվի իշխանափոխությամբ, դուք ո՞նց եք դա պատկերացնում։ Այս հարցին Մալխասյանը չպատասխանեց, նա հարցին հարցով պատասխանեց՝ կարողանալո՞ւ եք ձեր ասած ձեւով՝ այդ արդար ու թափանցիկ ընտրություններն ունենալ։

«Վստահ եմ, որ կգանք այն աստիճանի, երբ ՀՀ քաղաքացիների ինքնագիտակցության մակարդակն այնքան բարձր կլինի, որ ի վերջո ճիշտ, արժանապատիվ ընտրություն կանի»,-պատասխանեց Ստեփանյանը։

Ապա թեկնածուները քաղաքական եւ քաղաքի ծրագրային թեմաներից շեղվեցին դեպի ժողովրդի կրթական եւ իրավագիտակցության մակարդակի մասին քննարկմանը։

Մարինե Մալխասյանն ասաց, որ մեր ժողովրդի կրթության մակարդակը շատ էլ բարձր է․«Վերջերս մեր ժողովրդին անընդհատ ասում են՝ ձեր մակարդակը ցածր է, անկիրթ եք եւ այլն»։

«Որովհետեւ ժողովրդին արհեստականորեն դնում են երկընտրանքի առջեւ՝ կամ Նիկոլ Փաշինյան կամ Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան։ Հիմա էլ Փաշինյանը արհեստականորեն առաջ բերեց Կարգին Հայկոյին՝ Հայկ Մարությանին։ Փաշինյանը հրամցնում է, թե Մարությանն է իր ընդդիմությունը։ Սա արդյոք քաղաքական դաշտի արժեզրկում չէ»,-ասաց Հրաչյա Ստեփանյանը։

Հովհաննես Ազոյանն էլ այս երկու բանախոսներին երկար լսելուց հետո ասաց՝ հիմնականում համաձայն եմ գործընկերների հետ։ Շարունակելով ասաց՝ իշխանությունը պոպուլիզմի գործիքն է օգտագործում․«այդ պոպուլիզմի հիման վրա է բերել Հայկ Մարությանին։ Հիմա էլ ասում են՝ ասեք՝ կանենք։ Դա էլ է պոպուլիզմ է»։

Հրաչյա Ստեփանյանը հավելեց՝ ժողովրդին սիրող, ժողովրդի խնդիրներին տիրապետողը եւ այդ խնդիրները լուծելու կարողություն ունեցողը երբեք չի սպասի, որ ժողովուրդն ասի, ի սկզբանե պետք է անի։

 Մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930