Երեւանցիների ձայնից է կախված, թե Երեւանն ինչպիսի իշխանություն կունենա. այսօր կայացած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը: Նախաձեռնության կազմակերպչական ռեսուրսն արդյունավետ օգտագործելու համար որոշվել է դիտարկել սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները՝ 100-ից ավելի դիտորդներով. իրականացվել են նախընտրական քարոզարշավի դիտարկումներ եւ արդեն իսկ արձանագրումներ կան իշխանական թեկնածուի կողմից մի շարք ընտրախախտումների մասին: Քվեարկության օրն առաքելության անդամները դիտարկումներ կիրականացնեն Երեւանի բոլոր վարչական շրջաններում, առավելապես այն տեղամասերում, որոնք նախկինում խնդրահարույց են եղել ընտրախախտումների համատեքստում: Ավետիք Չալաբյանը երեւանցիներին վստահեցնում է՝ իրենց ձայնը տեղ է հասնելու:
«Մեր բնակչության մի մասի շրջանակում հոռետեսություն է տարածված, որ իշխանություններն են միշտ ընտրություններում հաղթում, բայց դա այդպես չէ. Հայաստանի մի շարք համայնքներում՝ հիմնականում խոշոր քաղաքներում, նաեւ խոշոր գյուղական համայնքներում, ընտրություններում հաղթել են ոչ իշխանական ուժեր: Հոռետեսության համար հիմքեր չկան»,- հայտարարեց բանախոսը՝ հավելելով, որ բավական լուրջ նախընտրական մրցակցություն է ընթանում Երեւանում, 14 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին, ուստի, երեւանցիները փաստացի ունեն ընտրության հնարավորություն, եթե անգամ այդ հնարավորությունը իդեալական չէ: Նա հորդորեց ամսի 17-ին գնալ տեղամասեր եւ սեփական ձայնով ձեւավորել քաղաքային իշխանություն, որը կբերի նաեւ Հայաստանում ժողովրդավարության ամրացմանն, ինչը, գործող իշխանության ձեռամբ, հայտնվել է լուրջ հարվածի տակ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ