Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում պարեկային ոստիկանության համար հետագայում ձեռք կբերենք միայն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ. Փաշինյան

Սեպտեմբեր 14,2023 13:58

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է էլեկտրական շարժիչով աշխատող մեծ, միջին և փոքր շարժիչով ավտոբուսների, մարդատար ավտոմեքենաների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծումը և օտարումը ավելացված արժեքի հարկից ազատման մասով գործող կարգավորումը ևս մեկ տարով երկարաձգել:

Ներկայումս այդ մեքենաներն ազատված են ԱԱՀ վճարումից մինչեւ 2024-ի հունվարի 1-ը: Այժմ առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել մինչև 2025-ի հունվարի 1-ը:

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի խոսքով, 2022 թվականի մարտի 17-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշմամբ ՀՀ-ին տրամադրվել է սակագնային արտոնություն՝ առանց մաքսատուրքի վճարման էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաների ներմուծման համար՝ համապատասխանաբար՝ 2022 թվականին՝ 7,0 հազ․հատ և 2023 թվականին՝ 8,0 հազ․հատ:

«Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործման խթանումը համահունչ է կանաչ տնտեսության նպատակների հետ։ Նկատվում է քաղաքներում ածխաթթու գազի արտանետումների զգալի կրճատում և քաղաքային աղտոտվածության մակարդակի նվազում»,-ասաց փոխնախարարը:

Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ նկատեց, որ Հայաստանում էլեկտրամոբիլների նկատմամբ ընկալումն աճում է: «Երևանում պարեկային ոստիկանությունն արդեն օգտագործում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ: Արդեն Երևանում առաջին էլեկտրական շարժիչով ավտոբուսն է դուրս եկել երթուղի: Մենք պայմանավորվել ենք, որ Երևանում պարեկային ոստիկանության համար հետագայում մեքենաներ ձեռք բերելիս ձեռք կբերենք միայն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ: Հետո փորձնական կկիրառենք նաև մարզերում: Այս պահին դժվարություններ կան լիցքավորման հետ կապված, որովհետև կան գործիքներ, որոնք շատ արագ՝ 30-40 րոպեում լիարժեք լիցքավորում են մարտկոցները: Այսօր մեր քաղաքացիները հիմնականում իրենց տների վարդակներից են գիշերային ժամերին լիցքավորում, որն ավելի երկար է տեւում: Շուկան վստահաբար այս հարցը կկարգավորի»,-նշեց Փաշինյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անհանգստություն հայտնեց, որ Հայաստանը կարող է հայտնվել մի իրավիճակում, որ ամբողջ աշխարհը ուտիլիզացման ենթակա տրանսպորտային միջոցներն ուղարկի Հայաստան։

Նրա խոսքով, դեռ ահազանգ չկա, որ հին մեքենաների ուտիլիզացման երկիր ենք դառնում. «Մենք ուշադիր հետեւելու ենք, որ նման բան տեղի չունենա: Եթե զգանք, որ այդպիսի բան է տեղի ունենում, անմիջապես կարգավորումներով կզսպենք»,- ասաց նա։

Մհեր Գրիգորյանը նշեց, որ հիմա կա խնդիր Հայաստանում ունենալ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների կրիտիկական քանակ, ինչը կխթանի ենթակառուցվածքների ձևավորումը: Նրա կարծիքով, 2024 թվականին այդ հարցը կկարգավորվի:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930