Ես գիտեմ, որ գլխավոր դատախազությունում գործեր են քննվում ամենատարբեր ուղղությունների, և ապօրինի գույքի բռնագանձման, և այլ քրեական գործերով, Երևանի թվով 24 մանկապարտեզների վերաբերյալ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ դպրոցների և մանկապարտեզների շենքային պայմանների ապահովման հարցի քննարկման համատեքստում:
«Սրանք այն մանկապարտեզներն են, որոնք գոնե առերեւույթ, նախնական տվյալներով, ապօրինի կերպով օտարվել են, սեփականաշնորհվել են մասնավոր անձանց: Գլխավոր դատախազությունը խնդիր է դրել այդ մանկապարտեզները վերադարձնել, եթե դա հնարավոր չէ համարժեք տարածքները, կամ եթե դա էլ հնարավոր չէ՝ ֆինանսական միջոցները վերադարձնել Երևանի կամ պետական բյուջե»,-ասաց նա և խոսքը փոխանցեց գլխավոր դատախազին
Աննա Վարդապետյանը հաստատեց, որ երկու ուղղությամբ գործեր կան. «Առաջին ուղղությունը պետական շահերի պաշտպանության հայցերն են եւ այս պահի դրությամբ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազությունը 4 մանկապարտեզների՝ թիվ 132, 147, 159 եւ 199, ինչպես նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 304 մսուր- մանկապարտեզի օտարման կապակցությամբ պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել դատարան:
Բացի այդ, այս նույն մանկապարտեզների օտարման կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ: Դատախազության կողմից իրականացվող ուսումնասիրությունների շրջանակում Կադաստրի կոմիտեից պահանջվել են նաեւ Երեւանի Էրեբունի, Նուբարաշեն, Արաբկիր եւ Դավիթաշեն վարչական շրջանների տարբեր հասցեներում գտնվող ընդհանուր թվով 13 մանկապարտեզների կադաստրային գործերը:
Կարդացեք նաև
Բացի դա, Երևանում 14 մանկապարտեզների օտարումների կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ: Դրանք են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 5, Կենտրոն վարչական շրջանում 7, Դավիթաշենում 1 և Շենգավիթում 1 մանկապարտեզներ:
Այդ գործերը վերաբերում են շուկայական կամ կադաստրային արժեքից ցածր գնով օտարելուն: Ուստի քննության առարկան օտարման հանգամանքները պարզելուն եւ պատճառված վնասը վերականգնելուն է ուղղված»,-տեղեկանք ներկայացրեց գլխավոր դատախազը՝ հավելելով, որ մարզերում նույնպես նման գործընթացներ են ընթանում:
Վարդապետյանի խոսքով, նպատակ կա մանկապարտեզները վերադարձնել, սակայն որոշ դեպքերում դա հնարավոր չէ, քանի որ մանկապարտեզի տարածքում բազմաբնակարան շենք է կառուցվել կամ այլ շինություն. «Դրանք նախկին մանկապարտեզներ են, որոնք գտնվել են քաղաքի բավական եկամտաբեր հատվածներում և նպատակ են ունեցել բիզնես հետաքրքրություններ բավարարելու, և դա է պատճառը, որ լուծարման ձեւով շատ էժան գնով որոշակի շրջանակի անձանց սեփականությունն են դարձել»:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այսօր 7-10 հազար երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին, որովհետև գործող մանկապարտեզները գերբեռնված են:
Գլխավոր դատախազը հաստատեց. «Այո, այս գործընթացի արդյունքում է, որ մենք ունենք բազմաթիվ երեխաներ, որոնք ուղղակի հնարավորություն չունեն մանկապարտեզ հաճախելու, որովհետև նույն Կենտրոն վարչական շրջանում ոտքով հասանելիություն ունեցող մանկապարտեզների թիվը խիստ կրճատվել է հենց այս գործընթացի արդյունքում: Ամենավառ օրինակը Թամանյան 3 հասցեում գտնվող մանկապարտեզն է, որը հիմա որպես սրճարան է ծառայում»:
Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ, 500 մանկապարտեզի ծրագիր էլ գլխավոր դատախազն է անելու:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ