Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղդամի ճանապարհի հետ կապված ձեր հարցերն ուղղեք ԼՂ իշխանություններին․ այդ որոշումները չեն գտնվում ՀՀ իշխանության տիրույթում»․ Արթուր Հովհաննիսյան

Սեպտեմբեր 14,2023 13:34

«Աղդամի ճանապարհի հետ կապված քննարկումները գտնվում են ԼՂ իշխանությունների տիրույթում։ ՀՀ-ն բացառապես Լաչինի միջանցքի շուրջ է իր քննարկումները ունենում»,-  ճեպազրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Նա ասաց՝ ՀՀ-ն շարունակում է պնդել, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակել. «ՀՀ-ն հանդիսանում է նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրող կողմ, և մենք մեր ստորագրության տերն ենք: Շարունակում ենք պնդել՝ Լաչինի միջանցքի երկու ուղղությամբ ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի, և այդ առումով աշխատում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ»։

Լրագրողների հիշեցմանը՝ արդյոք կարո՞ղ ենք ասել՝ Աղդամի ճանապարհը բացված է, թե՞ մեկանգամյա հումանիտար բեռներ փոխադրելու հետ է կապված և արդյոք Աղդամի ճանապարհի բացումից հետո պետք է նաև չբացվե՞ր Լաչինի միջանցքը, ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Գոյություն ունի նոյեմբերի 9-ի հայտարարություն, որը ուժի մեջ է՝ ըստ որի Լաչինի միջանցքում պետք է ռուս խաղաղապահ ուժերն իրականացնեն առաքելություն և ապահովեն Լաչինի միջանցքով երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժ։ Այս կետը իրականություն չի դարձել, և այլընտրանք որևէ բան լինել չի կարող։ Աղդամի ճանապարհի հետ կապված ձեր հարցերն ուղղեք ԼՂ իշխանություններին․ այդ որոշումները չեն գտնվում ՀՀ իշխանության տիրույթում»։

Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց, որ իրենք չենք կարող խոսել ԼՂ իշխանությունների անունից․ «Կրկնեմ՝ ՀՀ-ն իր ստորագրության տերն է և ՀՀ-ն շարունակում է պնդել՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ապահովման համար։ ԵՄ-ն, ԱՄՆ-ն երկուսն էլ հստակ հայտարարել են, որ չի կարող այլ ճանապարհների գործարկումը լինել այլընտրանք Լաչինի միջանցքի համար։ Խրախուսում են, որ այդ ճանապարհները գործարկվեն, բայց Լաչինի միջանցքին այլընտրանք չկա»։

Դիտարկմանը՝ ասացիք, որ իրավունք չունեք խոսել Ղարաբաղի իշխանությունների անունից և հարցին՝ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետը ՀՀ-ի անունից է խոսում, Արցախի անունից չէ, որ ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Ինձ թվում է դա բավականին հստակ էր»։

ՀՀ-ում «վագներականների» գտնվելու հետ կապված հրապարակումները ստուգելու առումով հարցին էլ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մշտապես ընտրական գործընթացների ժամանակ, արդեն նաև ունեցել ենք դեպքեր՝ ՏԻՄ ընտրություններին, երբ սահմանում կուտակումներ են լինում, տարբեր արտաքին անհայտ աղբյուրներ տարբեր քաոտիկ բնույթի տեղեկություններ են տարածում, այստեղի պրոյեկտներին են աշխատեցնում։ Մենք գործ ունենք այս գործընթացի հետ։ Հանրությանը կոչ եմ անում չտրվել սադրիչ տեղեկատվություններին և իրենց սահմանադրական կարգը կատարել սեպտեմբերի 17-ին»։

Հիշեցմանը՝ Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ ՀՀ-ի տարածքային ամբողջականության ճանաչման հետ կապված դեռ այնպիսի գրավոր ձևակերպում չկա, որը կբավարարի ՀՀ-ին և հարցին՝ խոսքը նաև Զանգեզուրի միջանցքի՞ մասին է, որ Ադրբեջանն ուզում է՝ անկախ նրանից, որ դա ՀՀ իշխանությունները համարել են կարմիր գիծ, Արթուր Հովհաննիսյանն այսպես արձագանքեց․ «Եվս մեկ անգամ խնդրում եմ՝ գոնե մենք այդ տերմինը այլևս չօգտագործենք․ դա մանիպուլյատիվ բնույթի տերմին է, որը փորձում են հրամցնել խառնելու համար մեր միջազգային գործընկերներին։ ՀՀ իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ, ոչ մեկ անգամ նշել են՝ մեզ համար կարմիր գիծ է ՀՀ սուվերենությունից և իրավազորությունից դուրս որևէ ճանապարհ ՀՀ սուվերեն տարածքում։ Խնդրում եմ չօգտագործել ադրբեջանական տերմինաբանությունը։ Չվերահրապարակել ադրբեջանական տերմինաբանությունը, օրինակ` ԱԺ ճեպազրույցների ընթացքում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930