Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու երկրները բանավոր պայմանավորվել են փոխադարձ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց գրավոր ձևակերպումը, որը կարող ենք ամրագրել խաղաղության պայմանագրով, դեռ ՀՀ-ին չի բավարարում»․ Արուսյակ Ջուլհակյան

Սեպտեմբեր 14,2023 12:47

«Բավականին բարդ գործընթացում ենք, և որևէ մեկը չի ասել, որ խաղաղության, հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը հեշտ է տրվելու»,- հիշեցմանը՝ խաղաղության բանակցությունների արդեն հինգերորդ շրջափուլն է, սակայն սահմանին կուտակումներ են, լարվածությունը շարունակվում է և հարցին՝ սա չի՞ նշանակում, որ խաղաղության բանակցությունները փակուղի են մտել, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ բազմաթիվ դրվագներում մեր և Ադրբեջանի մոտեցումները դեռևս հեռու են իրարից․ «Հինգերորդ շրջափուլն է, հիմա ստացել ենք Ադրբեջանի կողմից առաջարկները, դրանք կուսումնասիրվեն մեր կողմից, և կլինի հետագա գործընթաց։ Գործընթացը շարունակվում է․ ոչ մի գործընթաց փակուղում չի գտնվում, որքան էլ որ բարդ է իրավիճակը, որքան էլ կուտակումներ կան սահմաններին»։

Հարցին՝ փակագծեր կբացե՞ք՝ նախկինում ասվել է, որ ադրբեջանական կողմը ՀՀ առաջարկները ջնջած հետ է ուղարկում, նա շարունակո՞ւմ է այս մոտեցումը, ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց․ «Ադրբեջանի վերջին առաջարկներին դեռ ծանոթ չենք։ Ամեն դեպքում ասեմ՝ ջնջած հետ ուղարկելը, վերաձևակերպվածն է՝ նույն բանն ավելի մեղմ ասած։ Համենայն դեպս, ինչպես նախկինում նշել ենք, կան կոնկրետ կետեր, որոնց շուրջ համաձայնության դեռ չենք կարողանում հասնել, բայց շարունակում ենք բանակցել։ Ասել ենք, որ ՀՀ-ի նպատակներից մեկը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելն է»։

Արթուր Հովհաննիսյանն էլ «ջնջել» եզրույթի հետ կապված արձագանքեց․ «Առհասարակ խոսակցությունները և գործընթացը ջնջել, խմբագրել, վերախմբագրելը մոտեցումները մոտարկելու մասին են։ Ինչպես Ադրբեջանի առաջարկներին հայկական կողմից որոշակի առաջարկներ, խմբագրումներ են լինում, նորմալ գործընթաց է։ Գույները «ջնջել» բառով խտացնել պետք չէ»։

Հարցին՝ ամենասուր տարաձայնությունները ո՞ր հարցերում են շարունակում մնալ, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Հիմնական ամենագլխավոր կետերը, եթե նշենք, դրանք փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն է, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության իրացումը, ՀՀ ինքնիշխանության պահպանումը։ Սրա տակ կան բացվածքներ, որոնք այս պահին հրապարակային խոսելու կարիք չունենք։ Խաղաղության պայմանագրում պետք է հստակ մեխանիզմներ լինեն և երաշխիքներ, որոնք կապահովեն ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Մինչև այս պահը դեռ չի հաջողվել մոտարկել մոտեցումներն այս առումով։ Փոխադարձ պայմանավորվածություն է ձեռքբերվել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի ղեկավարի միջև փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, բայց մինչև այս պահը այս պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել»։

Արուսյակ Ջուլհակյանն էլ հստակեցրեց․ «Բանավոր պայմանավորվածություններ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչելու մասին կան։ Բանավոր պայմանավորվածությունների մասին եմ խոսում, որը տեղի է ունեցել նախորդ տարի հոկտեմբերի 7-ին՝ Պրահայում, 2023-ի մայիսին է վերահաստատվել։ Այդ մասին եմ խոսում, որ փոխադարձ երկու երկրները պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը բանավոր, բայց գրավոր ձևակերպումը, որը մենք կարող ենք ամրագրել խաղաղության պայմանագրով, այս պահի դրությամբ դեռ ՀՀ-ին չի բավարարում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930