Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններն առնվազն մայրաքաղաքի բնակիչների համար եզակի հնարավորություն են՝ դիրքորոշում հայտնելու ոչ թե Երևանի կառավարման, այլ Արցախում ու Հայաստանում ստեղծված ողբերգական իրավիճակի վերաբերյալ: Արցախն արդեն 9-րդ ամիսը գտնվում է շրջափակման մեջ, սովամահության վտանգն աճում է ամեն ժամի հետ: Երևանի բնակիչներն իրենց ազգակիցների նկատմամբ գոնե մարդկային ապրումակցում արտահայտելու համար կարող են և պետք է բոյկոտեն սովորական կյանքը, այդ բոյկոտով ցույց տան, որ կյանքը Երևանում չի կարող շարունակվել սովորական հունով: Ահա այդ տեսանկյունից, Երևանի ավագանու ընտրություններում առաջնորդվել քաղաքային խնդիրներով, ասֆալտապատման ծավալով ու վերելակապատման քանակով, նշանակում է ցույց տալ, որ երևանցիները կատարելապես անտարբեր են արցախահայության հետ կատարվողի նկատմամբ և այս ընտրություններում առաջնորդվում են նույն մերկանտիլ, ճղճիմ շահերով, որոնցով առաջնորդվել են նախկինում: Երևանի ավագանու ընտրությունները փորձություն են ոչ թե դրան մասնակցող ուժերի ու թեկնածուների, այլ մայրաքաղաքի բնակիչների համար: Եթե որևէ տարբերակով, այդ թվում՝ վարչական ռեսուրսներով, ընտրակաշառքով, կեղծիքներով, թաղային հեղինակություններով և այլն, Նիկոլ Փաշինյանի թեկնածուն հաղթեց այդ ընտրություններում, նշանակելու է, որ Երևանը կիսում է արցախուրացման իշխանության քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև և վարչական ռեսուրսին պատկանողները, և ընտրակաշառք բաժանող-ստացողները, և նույն թաղային հեղինակությունները Երևանի բնակիչներ են:
Եվ հակառակը՝ բոլոր հնարավոր միջոցներով մերժելով իշխանությանը, երևանցիները ցույց են տալու, որ մերժում են այն, ինչ Նիկոլ Փաշինյանն արեց Արցախում՝ Երևանում ու Հայաստանի՝ վտանգված տարածքում իշխանությունը պահպանելու համար:
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։